ԿարևորՀասարակություն

Ապշեցնող հետևանքներ ու վերականգնման քայլեր․ Արցախի առողջապահության նախարարը՝ ծրագրերի մասին

Արցախյան պատերազմում կիրառված նորագույն զենքերի`զինծառայողների առողջությանը հասցրած վնասները բժշկագիտության նոր լուծումներ ու լուրջ ուսումնասիրություններ են պահանջում` «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

«Արտասահմանցի շատ մասնագետներ ապշել են դրանց հետևանքներից։ Աստված մի արասցե՝ երկրագնդի որևէ հատվածում դրանք նորից կիրառվեն»,- նշել է նախարարը:

Հետպատերազմյան Արցախին  պետք են լուրջ բարեփոխումներ։ Հայաստանը պատասխանատվությամբ աջակցության եւ արցախցիներին բուժսպասարկման լուրջ բեռ է վերցրել իր վրա։ Դեղերի հասանելիության խնդիր Արցախը չունի, իսկ բուժհիմնարկները տեխնիկապես հագեցվում են։

Մարդասիրությամբ ստացված մեծաքանակ սարքավորումներ ու դեղորայք կա, մի մասն էլ՝ դեռ ՀՀ-ում։ ՀՀ ԱՆ-ն պատրաստակամ է դրանք փոխանցել Արցախին։

Հայրիյանի դիտարկումները՝ ամփոփ.

  • Ամենալուրջ խնդիրը, որն այսօր ունի Արցախի առողջապահական համակարգը, կադրերի համալրումն է։ Այս նպատակով մասնագետներ եւ մասնագիտական խմբեր են գործուղվում Արցախ։
  • Արդի խնդիր է Արցախում վերականգնողական նոր կենտրոնի ստեղծումը։ Դրա տեղը, վայրը որոշված են, նախագծին կհաջորդի շինարարությունը։ Իսկ գործող կենտրոնը ակտիվ աշխատում է։ Հայաստանում «Զինվորի տունը» ահռելի աշխատանք է կատարում։ Սփյուռքն էլ շատ ակտիվ ներդրում ունի։
  • Արցախի գրեթե բոլոր բուժհաստատություններն էլ վնասվել են պատերազմի ընթացքում։ Իսկ 4 շրջանի բուժհիմնարկ, 108 բուժկետ եւ շուրջ 30 ամբուլատորիա մնացել է հայկական կողմի վերահսկողությունից դուրս։
  • Ստեփանակերտի նոր ծննդատան մասնաշենքը, որը պատրաստ էր շահագործման, լուրջ վնաս է կրել։ Հետպատերազմյան շրջանում սկսվել է դրա վերանորոգումը։ 4-5 ամսից գուցե պատրաստ կլինի։
  • Հիվանդանոցները թիրախավորելը պատերազմական հանցագործություն է։ Կարիք կա, որ ադրբեջանա-թուրքական եւ ահաբեկչական հարձակումների հարցը բարձրացվի միջազգային ատյաններում։ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն այժմ ակտիվորեն զբաղվում է այս հարցերը միջազգային ատյաններում բարձրացնելով։
  • Պատերազմի հետեւանքով զինծառայողների մոտ տարատեսակ վնասվածք-վիրավորումներ կան, որոնք դասակարգելը շատ բարդ է։ Դրանք մասնագիտորեն եւ խորը ուսումնասիրվում են։ Արտերկրի տարբեր կլինիկաների հետ ենք աշխատում՝ հասկանալու մեր քայլերը, որպեսզի բացթողում չունենանք։
  • Գործակցություն կա նաեւ ՌԴ խաղաղապահների՝ Արցախում ծավալած դաշտային հոսպիտալի հետ։
Back to top button