ԿարևորՀասարակություն

Վիրահայերի երկքաղաքացիության խնդիրը դեռևս չի լուծվում

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորն առաջարկում է քաղաքացիություն ստանալու համար վրացերենի իմացության պարտադիր նորմը Վրաստանում ծնվածների համար չեղարկել։

Բազմաթիվ վիրահայեր, ովքեր ոչ օրինական կերպով երկքաղաքացիություն ունեն՝ (հիմնականում Հայաստանի), օրինականացնելու համար դիմելով, կորցնում են Վրաստանի քաղաքացիությունը, իսկ վերականգնել չեն կարողանում՝ հիմնականում վրացերենին չտիրապետելու պատճառով։

Վրաստանում հատկապես ազգային փոքրամասնություններով կոմպակտ բնակվող շրջաններում բազմաթիվ քաղաքացիներ ոչ օրինական կարգով նախկինում այլ երկրի քաղաքացիություն են ձեռք բերել (հիմնականում հայերը՝ Հայաստանի կամ Ռուսաստանի)՝ հնարավորություն ունենալու առանց վիզայի արտագնա աշխատանքի մեկնել Ռուսաստան։

Սահմանադրության վերջին փոփոխություններով (2017) Վրաստանի քաղաքացուն թույլատրվում է ունենալ այլ պետության քաղաքացիություն: Բացի այդ, ոչ օրինական ճանապարհով նախկինում այլ երկրի քաղաքացիություն ստացածներն արդեն երկրորդ անգամ հնարավորություն են ստանում օրինականացնել երկքաղաքացիությունը, իսկ Վրաստանի քաղաքացիությունը կորցրածները՝ վերականգնել այն։ Սակայն քիչ չեն դեպքերը, երբ դիմելով Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու հարցով, քաղաքացին կորցնում է այն։

Իրավաբան Գուրգեն Եզոյանը, որ խնդիրը հիմնականում տեսնում է ոչ թե օրենքում, այլ հանձնաժողովի (Արդարադատության տան քաղաքացիության հարցով հանձնաժողով) որոշումներում, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է․

«Մերժման պատճառները պետք է որոշ չափով պարզ լինեն, որպեսզի մարդը չվախենա, որ կկորցնի քաղաքացիությունը։ Ես որպես իրավաբան շատ դեպքերում խուսափում եմ խորհուրդ տալ օգտվել պահպանման համար դիմելու հնարավորությունից, որովհետև ես ինքս անորոշություն եմ տեսնում այս հարցում․ հնարավոր է դիմի պահպանման համար, բայց կորցնի․․․»։

Կորցնելով Վրաստանի քաղաքացիությունը, այս պահին հնարավորություն կա այն վերականգնել, սակայն պետական լեզվի իմացությունը պարտադիր է։ Ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններից, օրինակ Սամցխե-Ջավախեթիից, որտեղ վրացերենի իմացությունը դեռևս ցածր մակարդակի վրա է, դիմողները չեն կարողանում վերականգնել՝ շատ դեպքերում պետական լեզվին չտիրապետելու պատճառով։ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» փաստաբան Անդրանիկ Մինասյանն ասում է․

«Եթե ուզում ենք, որ Վրաստանի էթնիկ փոքրամասնություններին բացառության կարգով իրավունք շնորհվի, ապա պետք է պետական լեզվի տիրապետման մասին նորմը չեղարկվի։ Պետք է ստուգվի միայն տվյալ անձի՝ երկրի պետական շահին դեմ լինել չլինելու հարցը։ Խոսքս հիմնականում այն մարդկանց մասին է, որոնք ի ծնե ունեն Վրաստանի քաղաքացիություն, ամուր  կապ այս երկրի հետ ու Վրաստանը համարում են իրենց հայրենիքը»։ 

Վրաստանի խորհրդարանի Ախալքալաք- Նինոծմինդայից ընտրված հայազգի պատգամավոր Սմբատ Կյուրեղյանը փորձում է կատարել նախընտրական խոստումը՝ վերջնականապես օրենքով լուծում տալ հայաշատ շրջանի բնակիչների երկքաղաքացիության հարցին։ 

«Ես այդ ուղղությամբ եմ աշխատում, նախաձեռնող խումբ ենք ձևավորում, դիմելու ենք համապատասխան հանձնաժողովում հարցը քննարկելու։ Հիմնական առաջարկն այն է, որ քաղաքացուն, ով ծնվել է Վրաստանում, առանց քննության, հեշտացված կարգով շնորհվի Վրաստանի քաղաքացիություն։ Բազմաթիվ ջավախահայեր չեն կարողանում վերականգնել իրենց քաղաքացիությունը հենց վրացերենի չիմացության պատճառով»։

Ասում է պատգամավորը՝ ընդգծելով, որ փոքր պետությունների համար շահավետ է, որ իր քաղաքացիներն ունենան երկքաղաքացիություն։

Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ երկրորդ քաղաքացիություն ստանալու հետևանքով վրացական անձնագրերից զրկվածների թիվը անցնում է մի քանի տասնյակ հազարը, մեծ մասը՝ էթնիկ հայեր են։ 

Վրաստանի սահմանադրության վերջին փոփոխություններից հետո, Վրաստանի քաղաքացիները այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք ունեն, սակայն հատուկ պայմանով՝ եթե մինչ այլ երկրի քաղաքացիություն ստանալը պետությունից թույլտվություն կստանան Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու վերաբերյալ:

Ու քանի դեռ այս փոփոխություններից հետո ևս Վրաստանի քաղաքացիությունը շատերի մոտ չի պահպանվում, մյուսներն էլ փորձում են շարունակել գաղտնի կերպով օգտվել նաև այլ երկրի  քաղաքացիությունից։  

Back to top button