ԿարևորՔաղաքական

Ի՞նչ բանաձևեր է «գնել» Ադրբեջանը ԵԽԽՎ-ում․ ադրբեջանական վտանգը Գերմանիայում մեծանում է

Ադրբեջանական վտանգը Գերմանիայում մեծանում է․ այս մասին Գերմանիայի հայկական շրջանակներն էլ են մշտապես ահազանգել։ Հիմա արդեն այս երևույթը նոր շեշտեր ու դրսևորումներ է ստանում նաև քաղաքական դաշտում։ Դրա օրինակն են աղմկահարույց փաստերը, որ Եվրախորհրդում աշխատել է ադրբեջանական շահերը պաշտպանող ցանց՝ նաև  գերմանական Բունդեսթագի պատգամավորների ներգրավմամբ։

Ինչպես պարզել են գերմանական իրավապահ մարմինները, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մի շարք պատգամավորների անուններ շրջանառվում են կոռուպցիոն աղմկահարույց գործի շրջանակում։ Գերմանական հայտնի պարբերականներին հայտնի է դարձել, որ Բաքվից 2008-2016 թ․թ․հսկա գումարներ՝ շուրջ 4 մլն եվրո է հոսել ԵԽԽՎ խորհրդարանականների «գրպան»՝ տարբեր բանաձևերի քննարկման և քվեարկության ժամանակ ի շահ ադրբեջանական կողմի հանդես գալու համար։

Գերմանիայում գործող Հայ ակադեմիականների միության նախագահ, պատմագետ Ազատ Օրդուխանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչ բանաձևեր, ինչ քվեարկություններ կարող էին լինել օրակարգում, որոնց շուրջ ձեռք են բերվել ի շահ Ադրբեջանի քվեարկելու պայմանավորվածություններ, պարունակե՞լ են դրանք հակահայկական դրվագներ, և, ի վերջո, ի՞նչ է ցանկանում «գնել» Ադրբեջանը «մութ» գործարքների միջոցով։

Ազատ Օրդուխանյանի դիտարկումները՝ ամփոփ։

  • Բաքուն շարունակում է իր կաշառակեր մոտեցումները և մարդկանց «գնելու» իր գործելաոճը փորձում է տեղափոխել եվրոպական մետրոպոլներ։
  • «Մութ» գործարքներն ուղղված են Եվրախորհրդում և Գերմանիանում Ադրբեջանի իմիջը բարձրացնելուն։
  • Գերմանական մամուլն Ադրբեջանի և դրա դիկտատոր առաջնորդի վերաբերյալ սովորաբար արտահայտվում է բացասաբար։ Եվ միջոցները, որ ծախսվում են «նորմալ երկրի իմիջ» գնելու համար, բավարար չեն ու հաջողություն չեն բերի։
  • Ադրբեջանի «գնած» բանաձևերում հակահայկական տարրեր չեն նկատվում, կամ գերմանական կողմը դրանք շրջանցում է՝ չեզոքություն պահպանելով։
  • Համատեղ պայմանավորվածությամբ բացահայտ կեղծվել է և ներկայացվել, թե մարդու իրավունքները պաշտպանվում են Ադրբեջանում։ Այսպիսի իմիջ «գնելով» Ադրբեջանը փորձում է տնտեսական լայն կապեր հաստատել Եվրոպայում՝ հատկապես Գերմանիայում և Շվեյցարիայում։
  • Հանգամանքը, որ կոռուպցիոն շղթայում ներգրավված են քրիստոնյա-դեմոկրատները, վկայում է, որ քրիստոնեական գործոնը քաղաքականության մեջ այլևս չի գործում․ դա մնացել է միայն ակադեմիական հարթության մեջ։
  • Այս փաստերը կարող են ուժեղացնել հայկական կողմին բանակցային գործընթացում։
  • Աղմկահարույց գործով զբաղվում է նաև Գերմանիայի գլխավոր դատախազությունը։
Back to top button