ԿարևորՄշակույթ

Ջիվանու ծննդյան 175-ամյակի առթիվ Ազգային գրադարանում բացվել է գրականության և նոտաների ցուցահանդես

Այս տարի նշվում է Ջիվանու ծննդյան 175-ամյակը։ Հոբելյանի առթիվ Ազգային գրադարանի փոքր ցուցասրահում բացվել է գրականության և նոտաների ցուցահանդես։

Երբ գուսան Շերամին հարցրել են, թե ինչ կարծիք ունի Ջիվանու և Սայաթ Նովայի մասին, նա պատասխանել է. «Ջիվանին և Սայաթ-Նովան աշուղական արվեստի այն հսկա սարերն են, որոնց բարձրությանը հավասար արձան պիտի կանգնեցի ողջ մարդկությունը»։

Ինչպես Կոմիտասը հայ երգարվեստը մաքրեց օտար ազդեցություններից, այնպես էլ Ջիվանին աշուղական երգարվեստը բարձրացրեց ազգային մտածողության, ազգային երաժշտության բարձունքին:

Ջիվանու շուրջ 800 երգերի շարքում բացառիկ տեղ են գրավում հայրենասիրական երգերը՝ «Ծիրանի ծառ», «Ազգ իմ, որքան նկուն մնաս», «Անի», «Էլի մոտս եկան հայոց քաջերը», «Հայրենիք», «Հայի ճուտ»: Ջիվանու երգերը տպագրվել են պարբերական մամուլի էջերում, առանձին ժողովածուներում՝ հաճախ առանց նրա գիտության։ Նրան ճանաչում է բերում «Արարատ» ամսագրում լույս տեսած երգերի շարքը: Մինչև 1880-ական թվականները նրա երգերը տպագրվել են նաև «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում։

Ջիվանու երգերի առաջին ժողովածուն հրատարակվել է Ալեքսանդրապոլում, որը լույս տեսնելուց հետո շատ շուտ սպառվում է։ Հաջորդ ժողովածուն նույնպես տպագրվում է Ալեքսանդրապոլում։ Հետագայում էլ են հրատարակվել մի քանի ժողովածու։ Այնուհետև սկսվում է նրա երգերի տարածումը հայկական միջավայրում՝ Անդրկովկաս ու Հյուսիսային Կովկաս, Արևմտյան Հայաստան ու այլուր։ Նրա երգերի վերջին ժողովածուն լույս է տեսել Երևանում 1988 թվականին։ Ջիվանու երգերը թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով։

Մեզ է հասել Ջիվանու շուրջ 800 երգ։ Ջիվանու երգերը հեղինակից գրի առել և մշակել են Ք. Կարա-Մուրզան, Մ. Եկմալյանը, Կոմիտասը, Ա. Բրուտյանը, հետագայում Ս. Դեմուրյանը, Ռ. Մելիքյանը և ուրիշներ։

Back to top button