ԿարևորՔաղաքական

Ինչպե՞ս է ընդդիմադիր թևն արձագանքում արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի մարտահրավերին

Նետում եմ մարտահրավեր՝ եկեք տեսնենք, թե ում հրաժարականն է պահանջում ժողովուրդը՝ երեկվա հանրահավաքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին վարչապետ Փաշինյանի նոր հայտարարությունն է՝ ուղղված առաջին հերթին խորհրդարանական ընդդիմությանը։ Ի՞նչ տրամադրությամբ և տրամադրվածությամբ են ընդունել Փաշինյանի նոր հայտարարությունը ընդդիմադիր թևում:

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցեր քննարկելու առաջարկ ստացել է վարչապետից և ընդունել այն։ Արդյունքների մասին կխոսի այդ հանդիպումից հետո։ Խորհրդարանական մյուս ուժը՝ ԲՀԿ-ն, որն անդամակցում է Հայրենիքի փրկության շարժմանը, առավել կոշտ դիրքորոշում ունի և չի ընդունում Փաշինյանի նախաձեռնությունը ոչ արտահերթ ընտրությունների, ոչ էլ սահմանադրության հնարավոր փոփոխության վերաբերյալ։ Այս մաիսն Փաշինյանը խոսել էր վերջին հանրահավաքի ընթացքում։

Խորհրդարանական ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը իշխող ուժի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նախորդ առաջարկին արձագանքել էր, թե ընտրություններից խոսում են իրականում ընտրություններ չանելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է, թե իրենց մտադրությունը ձևական բնույթ ուներ։

«Ես տալիս եմ երկրորդ հնարավորությունը և նետում եմ այս մարտահրավերը՝ դե եկե՛ք գնանք ժողովրդի առաջ և ընտրության, տեսնենք՝ ու՞մ հրաժարականն է պահանջում ժողովուրդը, տեսնենք՝ ի՞նչ է պահանջում ժողովուրդը»։

Մարուքյանը համաձայն է՝ վաղը կմասնակցի արտահերթ ընտրությունների վերաբերյալ վարչապետի հրավիրած քննարկումներին։

«Ես համաձայնությունս տվել եմ, երբ հանդիպենք ու քննարկենք բոլոր առաջարկները, հանդիպումից հետո կհայտնեմ՝ ինչ ենք քննարկել և ինչ եզրահանգման ենք եկել»։

Էդմոն Մարուքյանը նաև նշել է, որ վարչապետի թեկնածու չառաջադրվելու վերաբերյալ  ավելի վաղ արած իր հայտարարությունն ուժի մեջ է:

«Իմ հայտարարությունից հետո ոչինչ չի փոխվել։ Ես իմ խոսքի տերն եմ, ես առաջարկ եմ արել, որին չի եղել արձագանք»։

Մինչ այդ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են՝ քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման հանգուցալուծման ուղիները,  արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև սահմանադրական հնարավոր փոփոխություններին առնչվող հարցեր, որոնց մասին խոսել էր վարչապետը:  

Մինչդեռ խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ ԲՀԿ-ն, որը նաև Հայրենիքի փրկության շարժման անդամ է, առավել կոշտ դիրքորոշման է։ Կուսակցության ներկայացուցիչներից Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու, ինչպես նաև սահմանադրական փոփոխություններ կատարելու և խորհրդարանականից կիսանախագահական համակարգի անցնելու հայտարարությանը, շեշտում է․

«Ցանկացած միջոցառում՝ կլինի հանրաքվե, կլինի ընտրություն, որը անցկացնելու է Նիկոլ Փաշինյանը, իմացեք, որ դա ի վերուստ լինելու է կեղծված։ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա, որպեսզի Հայաստանը կարողանա անցկացնել ազատ և արդար ընտրություն, հետո արդեն՝ կլինե՞ն Սահմանադրական փոփոխություններ, թե չե՞ն լինի, դա արդեն կորոշի ժողովուրդը նոր իշխանության հետ»։  

Երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամն արտահերթ ընտրությունների միջոցով հանգուցալուծելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ողջունողներից է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը Քաղաքական խորհուրդը։

Վերջինիս հայտարարության մեջ ասված է.  «Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ միայն արտահերթ ընտրությունները թույլ կտան հաղթահարել քաղաքական ճգնաժամը, մարգինալացնել ռևանշիզմը ու նախադրյալներ ստեղծել՝ որակապես նոր իշխանության ու քաղաքական համակարգի ձևավորման համար»։

Կուսակցության Քաղաքական խորհուրդը պատրաստակամ է արտահերթ ընտրություններին հասնելու «ճանապարհային քարտեզի» շուրջ վարչապետի հետ քաղաքական կոսնուլտացիաներ անցկացնելու հարցում։ Մինչև հոկտեմբեր սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մասին Փաշինյանի հայտարարությունը միարժեք չի ընդունվել։ Դրա մասին պատկերացումները դեռ անորոշ են նաև «Իմ քայլ»-ում։ Այստեղ դեռ միասնական ասելիք չունեն նաև արտահերթ ընտրությունների մասով, որոնց ժամկետեր դեռ որևէ կերպ չեն նախանշվում։ «Իմ քայլում» էլ են սպասում ընդդիմադիր թևի արձագանքին։

Back to top button