ԿարևորՀասարակություն

Պղծվել է Հադրութի թանգարանը․ Արցախի հուշարձանները՝ խոչընդոտ Բաքվի տնտեսական ծրագրերի համար

Նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանական հարթակներում, կարելի է ասել «հպարտությամբ», տարածվում են Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացումը փաստող տեսանյութեր, նկարներ՝ կից գրառումներով։ Այսօր վնասվել է Հադրութի հայրենագիտական թանգարանը։ Բաքուն այս փուլում ընտրել է  հայկական հետքը վերացնելու տնտեսական հիմնավորումը․ հայկական հուշարձանները քանդվում են Ղարաբաղի վերակառուցման ծրագրերի իրականացման քողի տակ։

Ադրբեջանցիներն այսօր քանդել են Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանը և փաստն արձանագրող կադրերը տարածել համացանցում։ Այս տեղեկությունը «Ռադիոլուր»-ին հայտնեց «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության համահիմանդիր և գործադիր տնօրեն Մերի Դավթյանը։ Նրա խոսքով՝ հայկական հուշարձաններն արդեն ոչնչացվում են տնտեսական հիմնավորմամբ՝ վերակառուցման ծրագրերի իրականացման քողի տակ։

Ադրբեջանցիներն այս կերպ քողարկում են իրենց գործողությունների բուն էությունը՝ ասում է Մերի Դավթյանը։

«Ինչպե՞ս հասկանալ այսօր համացանցում տարածված կադրերը։ Ադրբեջանցիները պղծում են Հադրութի  Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանը։ Սա ճանապարհի հարթեցո՞ւմ է, թե՞ ենթակառուցվածքի շինարարություն։ Տխուր է պատկերացնել, թե ինչ ճակատագրի են արժանանում իրենց հսկողության տակ մնացած պատմամշակութային մեր մյուս արժեքները։ Վանդալիզմի օրինակները տարածում են համացանցում։ Զարմանում և չեմ հասկանում՝ ինչպե՞ս է այս ամենը հանդուրժում միջազգային հանրությունը։ Ինֆորմացիա ունենք, որ Հադրութը գրավելու հենց հաջորդ օրը նրանք Բաքու են տեղափոխել Ազոխի թանգարանի ցուցանմուշները։ Դրանք արտասահմանցի հնագետները մեր արշավախմբի հետ միասին պեղել էին Ազոխի ամենահարուստ պատմամշակութային հուշարձան-քարանձավից»։  

Թե ինչ վնասներ են հասցվել Հադրութի պատմամշակութային ժառանգությանը, «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության համահիմանդիրը այս պահին չի կարող է ասել․

«Հադրութում մնացած հայկական ժառանգության մասին մենք տեղեկանում ենք նրանց հրապարակած տեսանյութերից։ Դժբախտաբար, չկա հնարավորություն տեղում ծանոթանալու համար»։

@nasirov_201

Qarabgda cox qorxuc bir yere rast geldim heyvan oluleri

♬ الصوت الأصلي — Tik Toker

Խաչքարեր պղծելու, հայ հերոսների արձանները քանդելու, հայկական գերեզմանաքարերն անարգելու, եկեղեցիների հայկականությունը ժխտելու փաստերն  ու համացանցում տարածվող կադրերը բազմաթիվ են։ Վերջերս հրապարակված տեսանյութերից մեկի համաձայն էլ ՝ մի քանի ուղղությամբ  դեպի Շուշի տանող ավտոճանապարհի կառուցման համար գերեզմաններ են քանդվելու։ Պատերազմը շարունակվում է, բայց՝ մշակութային ոլորտում ՝ ասում է Արցախի կրթության, մշակույթի և գիտության նախարար Լուսինե Ղարախանյանը և շեշտում։

«Առաջիկայում Արցախում սպասում ենք ՅՈՒՆԵՍԿՕ–ի մասնագետներին, որպեսզի ուսումնասիրեն, թե ինչ է կատարվում։ Հույս ունենք, որ առաքելության առջև կարող ենք բարձրաձայնել առկա խնդիրները։ Ժամկետները դեռ անորոշ են։ Առաջին անգամ խոչընդոտեց Ադրբեջանը, տեսնենք, թե ինչ կլինի այս անգամ։ Այժմ աշխատում ենք ռուս խաղաղապահների հետ, բայց ոչինչ չենք կարողանում անել մշակութային արժեքները պահպանելու համար։ 18 հազար կամ ավելի շատ արժեք ունենք Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում։ Մեր մշակույթը անպաշտպան է, բոլոր հնարավոր կառույցներին տեղյակ պահել ենք»։

Նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո պաշտոնական Մոսկվան՝ ի դեմս ՌԴ նախագահի, խոսեց մշակութային արժեքների պահպանման կարևորության մասին։ Խնդիրը տարբեր ձևաչափերով միջազգային հանրության առջև բարձրացրել է նաև պաշտոնական Երևանը։ Այս հարցով  ՅՈՒՆԵՍԿՕ–ին է դիմել նաև Հայ Առաքելական եկեղեցին։ Դեռ նոյեմբերի 20-ին միջազգային կառույցը  հանդես էր եկել Արցախյան հակամարտության գոտում գտնվող մշակութային արժեք ներկայացնող կառույցների նախնական գույքագրման առաջարկով՝ հատուկ հիշեցնելով, որ պետությունները պարտավոր են պաշտպանել մշակութային արժեքները ռազմական բախումների ժամանակ, ինչը ամրագրված  է 1954-ին ընդունված Հաագայի կոնվենցիայով։

Բաքուն այս հորդորներին պատասխանում է՝ առանց ավելորդ համեստության․ պատրաստ է համագործակցել ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ «միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի պարագայում»։  

Back to top button