ԿարևորՏնտեսական

Տնտեսական անկման տեմպը նվազում է, բայց ճգնաժամը հաղթահարված չէ

«Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում»․ վարչապետի արձանագրումն է։ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստում խոսում է մանրածախ  սպառման, արտադրության ու ծառայությունների ոլորտի աճի մաիսն։ Մինչդեռ մասնագետները տնտեսական աճով ոգեւորվելը դեռ վաղ են համարում։

Նման կարծիք հնչում է անգամ վարչապետի հայտարարությանն ի պատասխան՝ հենց կառվարույան նիստում։ Փորձագիտական հարթակում եւս արձանագրում են՝ ռիսկեր առկա են, ըն որում՝ բոլոր ոլորտներում։

Անկման տեմպը դանդաղել է, բայց սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանի տնտեսությունը վերականգնվում է։ Պաշտոնական ու ոչ պաշտոնական կարծիքները տարբեր են։ Մինչ վարչապետը տնտեսության՝ հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է նկատում, որոշ տնտեսագետներ այլ կարծիքի են՝ տնտեսության՝ ճգնաժամից դուրս գալու  նախադրյալներ չկան։

Բայց նախ՝ պաշտոնական գնահատումներ․ փետրվարի առաջին 15 օրվա տվյալներով՝  հանրապետությունում ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ փետրվարի նույն շրջանում: Իսկ ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրվա համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 մլրդ դրամով:

Վարչապետն այս միտումն այսպես է գնահատում․ «Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին օրերին դեռ COVID-ի ազդեցությունը չկար, որովհետեւ ՀՀ-ում դեռ կորոնավիրուսի դեպք չէինք արձանագրել: Իսկ 2020-ի փետրվարը շատ լուրջ աճ է արձանագրել 2019-ի փետրվարի նկատմամբ»։

Ապրանքաշրջանառության ավելի քան 31,5 մլրդ դրամի աճը առավելապես երեք ոլորտում է՝ մանրածախ  սպառման ոլորտ, արտադրություն ու ծառայությունների մատուցում․

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը լրացնում է՝ էականորեն աճել են նաև արտահանումն ու ներմուծումը։  

«Այստեղից հետևություն՝ տնտեսությունը կարծես մտնում է վերականգնման փուլ, ու իհարկե, սա շատ կարևոր նորություն է»։

Արդյո՞ք 1-2 ամսվա տվյալներով կարող ենք խոսել տնտեսության վերականգնման մասին․ տնտեսագետ Հրանտ Միքայելյանը «Ռադիոլուր»-ին ասում է՝ քաղաքական գործիչները շտապում են տնտեսական ցուցանիշեր հրապարակելիս։

«Եթե մենք խոսում ենք բուն տնտեսության մասին, ապա, իհարկե, կան ցիկլեր։ Ճգնաժամի ամենացածր կետը նոյեմբերն էր, որը մենք անցել ենք։ Արդեն դեկտեմբերին կար նշույլ, որ ճգնաժամը սկսեցինք հաղթահարել։ Սա նշանակում է՝ ա՞ճ ենք արձանագրում․ ոչ։ Պարզ տեսնո՞ւմ ենք, թե երբ ենք դուրս գալու ճգնաժամից՝ էլի ոչ։ Դա նշանակում է, որ անկման տեմպն է նվազել»։

Տնտեսական ակտիվություն արձանագրելու հարցում զգուշավոր է անգամ էկոնոմիկայի նախարարը։ «Գիտենք, որ շատ հարսանիքներ, միջոցառումներ, հետաձգված են եղել, և հիմա, այսպես ասած, կուտակված պատկերն է մարվում: Պետք է ուշադիր լինել սպառման աճի հարցում՝ ասում է Վահան Քերոբյանը։

«Պետք է շարունակենք աջակցությունը, որը հատկացնում ենք տնտեսությանը, մինչև համոզվենք, որ կայուն վիճակում ենք»։

Կառավարությունը շարունակում է աջակցել բիզնեսին՝ արձանագրում է վարչապետը։ Աջակցության ոլորտները տարբեր են․ 32 մլն դրամ կհատկացվի տուրիստական ոլորտում ընդգրկված տրանսպորտային ընկերություններին, 99 մլն դրամ էլ կուղղվի  նախորդ տարի աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագրի ներքո ծագած պարտավորությունների մի մասի կատարմանը․ էկոնոմիկայի նախարարը շարունակում է թվարկումը։

«165 մլն դրամ պետք է հատկացվի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցմանը: Այս պահին արդեն 274 մլն դրամ փոխհատուցել ենք: Սա մոտ 4,4 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագիր էր»:

Մինչդեռ տնտեսագետ Հրանտ Միքայելյանը թերահավատորեն է մոտենում հունվար-փետրվարի սպառման ծավալների ավելացումը։ Հիշեցնում է՝  նախաամանորյա ծախսերն են հունվար տեղափոխվել։ Ուստի աճի մասին խոսելը դեռ վաղ է համարում։

«Մենք չենք կարող աճ ունենալ անցած տարվա հունվար-փետրվարի նկատմամբ։ Այդ ժամանակ դեռ ճգնաժամ չկար»։

Տնտեսագետն արձանագրում է՝  չնայած անկման տեմպի դանդաղմանը՝ տնտեսության՝  ճգնաժամից դուրս գալու  նախադրյալներ չկան։ Ընդգծում է՝ ռիսկային են բոլոր ոլորտները՝  շինարարությունից  մինչև գյուղատնտեսություն։ Ամեն դեպքում՝ խոսքը դեռ միայն անկման տեմպի նվազման մասին է։

Back to top button