ԿարևորՏնտեսական

«Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկումը՝ առաջնահերթ խնդիր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 19-ին երկօրյա այցով գտնվում է Սյունիքի մարզում: Այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնմիկայի նախարարությունից։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, Մեղրու չրերի և մթերման կենտրոն, Ագարակի ՊՄԿ ՓԲԸ, Մեղրու պահածոների գործարան:
Վահան Քերոբյանը մանրամասն հետաքրքրվել է կազմակերպությունների գործունեությամբ և խնդիրներով, պատրաստակամություն հայտնել ըստ անհրաժեշտության ցուցաբերել հնարավոր օժանդակություն։

«Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկման խնդիրը նախարար Քերոբյանը դիտարկել է որպես շուտափույթ լուծում պահանջող առաջնահերթ խնդիր։

2017թ-ին ՀՀ Սյունիքի մարզի Հայաստան-Իրան սահմանային գոտու հարակից տարածքում ՀՀ կառավարության կողմից հիմնադրված Մեղրի ազատ տնտեսական  գոտու ստեղծման նպատակն է լուծել ոչ միայն Սյունիքի մարզի սոցիալ տնտեսական խնդիրները, այլ նաև նպաստել Հայաստան արտասահմանյան կապիտալի ներհոսքին, տարածքային զարգացմանը, ԻԻՀ-ի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ և ԵՄ հետ առկա տնտեսական հարաբերությունների ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը:

ԱՏԳ-ի մեկնարկը կնպաստի նաև ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, մրցունակ արտադրանքի թողարկմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծմանը, ինչպես նաև արտահանման ծավալների ավելացմանը:

Back to top button