ԿարևորՄշակույթ

Եզդիերենով առաջին ներկայացումը՝ նվիրված Արցախյան պատերազմին

Այսօր Էջմիածնի Մաչանենց թատրոնում առաջին եզդիական թատրոնի առաջին ներկայացումն է, այն կոչվում է «Կյանք ու սեր»։ Ներկայացման նյութը Արցախյան պատերազմին եզդիների մասնակցությունն է, և նվիրված է զոհերի հիշատակին։ Ռեժիսորը Մաչանենց թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեւորգ (Ընծա) Բաբախանյանն է, սցենարի հեղինակը՝ Գրետա Ալեքսանյանը:  

Առաջին եզդիական թատրոնը պատրաստ է բացել դռները հայ և եզդի հանդիսատեսի առջև։ Թատրոն ստեղծելու գաղափարը «Եզդիների կողքին» կրթամշակությաին նախաձեռնության հիմնադիր Գրետա Ալեքսանյանինն է։ Նա թատրոնի առաջին՝  «Կռիվ և սեր» ներկայացման սցենարի հեղինակն է։ Գրետան ասում է՝ եզդիական համայնքում թատրոնի հիմնադրման գաղափարը մեծ ոգեւորությամբ է ընդունվել․

«Թատրոնը կոչվելու է Հայաստանի պետական մնջախաղի թատրոնի հիմնադիր Արսեն Փոլադովի անունով, որն ազգությամբ եզդի է,  բայց մեր ներյայացումը մնջախաղ չի լինելու, կենդանի ներկայացում է լինելու՝ նվիրված Արցախյան հերոսամարտին մասնակցած զինծառայողներին։ Եզդիները ներկայացնում են ոչ միայն իրենց դերը պատերազմում, այլև սերը։ Գլխավոր թեման է սերը»,-ասում է Գրետան։

Թատրոնի առաջին ներկայացման թեման որոշվել էր դեռեւս օգոստոսին․ նախատեսվում էր բեմադրել եզդիական ազգային որեւէ լեգենդ կամ պատմություն, սակայն վրա հասած պատերազմը փոխեց ամեն ինչ: Ներկայացման լեզուն եզդիերենն է, բեմում՝ եզդի դերասաններ, սակայն՝ առանց մասնագիտական  կրթության կամ փորձի: Բեմադրության փորձերը համատեղել են դասընթացներով, որոնց միջոցով եզդիները դերասանական հմտություններն են յուրացրել․

«Ես ուզում էի անձամբ պատմել, ներկայացնել եզդիներին, թե թատրոնն ինչ է իրենից ներկայացնելու։ Գնացի Արմավիրի մարզ եզդիաբնակ մի գյուղ, կարելի է ասել, որ յուրաքանչյուր տուն մտել  եմ, պատմել, ներկայացրել։ Փողոցում մի երեխա խաղում էր, ընկերացա նրա հետ, ինձ տարավ իրենց տուն, ծանոթացա նրա հայրիկի հետ, ով ցանկություն հայտնեց ներկայացման մեջ խաղալու, հետո նրա ընկերները միացան և սկսեց թիմը ձևավորվել»,- նշում է Գրետան։

Գրետան ասում է, որ բեմում խաղացող մարդիկ շատ ուժեղ են, նրանցից մեկը պատերազմում կորցրել է եղբորը, բայց ներկայացման իր դերից չի հրաժարվել․

«Նա, ով առաջինը համաձայնություն տվեց մասնակցելու ներկայացմանը,  Արցախյան պատերազմի մասնակից է։ 3 օր առաջ նրա եղբոր հուղարկավորությունն էր, ումից 60 օր շարունակ լուր չունեին, բայց նա չի հրաժարվել ներկայացման մեջ խաղալուց,ասել է , որ բեմից պիտի գոնե ներկայացնի իրականությունը»,-ավելացնում է Գրետան։

Ինչպես «Կռիվ ու սերը», այնպես էլ թատրոնի առաջիկա ներկայացումները եզդիերեն են լինելու: Հայ հանդիսատեսին ևս թատրոն բերելու նպատակով նրանց բաժանվելու են թերթիկներ, որոնցում հայերենով կներկայացվի ներկայացման բովանդակությունը:

Back to top button