ԿարևորՀասարակություն

Փաշինյանի «թավշյա քայլերի» հետքերով․Վազգեն Մանուկյանը նույնպես սկսում է Գյումրիից

Հետպատերազմական ցույցերի ակտիվ փուլից այսօր Երևանում՝ Հանրապետության հրապարակում, մնացել է մեկ վրան։ Փոքր վրանները միավորվել են՝ վերածվելով մեկ մեծ՝ հայրենիքի փրկության վրանի, որի ներսում տեղադրված են նստարաններ և վառարան։ Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները այնտեղ հերթապահում են, առաջարկվող տաք թեյի կամ մեկ գավաթ սուրճի շուրջ ընթանում են զրույցներ, քննարկումներ և վերլուծություններ։  

Այսպիսի պատկերը ամենևին չի նշանակում, որ ընդդիմությունը փոխել է իր ծրագրերը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը վստահեցնում է՝ փոխվել է մարտավարությունը․

«Ոչ մի դեպքում հետքայլի մասին խոսք լինել չի կարող, խոսում եմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից։ Իսկ ո՞վ ասաց, որ ակտիվ չենք։ Գոյություն ունի փողոցային պայքարի ֆորմատ, գոյություն ունի խորհրդարանական պայքարի ֆորմատ, գոյություն ունեն տարբեր հարթակներ։ Հավատացնում եմ՝ բոլոր հարթակներում գնում են աշխատանքներ, պրոցեսներ։ Եթե թույլ կտաք, ես հիմա չեմ մանրամասնի ավելին։ Կտեսնեք։ Ինչ օրակարգի իրենք բերեն–չբերեն, գոյություն ունի շատ պարզ և հսատակ գաղափար՝ Նիկոլ Փաշինյանը այն մարդը չէ, որի հետ քաղաքական ճանապարհ Հայաստանն այլևս չունի»։  

Այս տարեսկզբից Հայրենիքի փրկության շարժումը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները նոր մարտավարությամբ է վերսկսում։ Այսօրվանից սկսվում են շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի մարզային այցելությունները։ Առաջինը Գյումրիում է։ Այս ժամերին քաղաքի մեծ դահլիճներից մեկում նա հանդիպում է գյումրեցիների հետ։ Վազգեն Մանուկյանը միայնակ չի շրջելու․ նրան կուղեկցեն շարժման անդամ ուժերի ներկայացուցիչները։ Այս թևից առաջիկայում ավելի կոշտ ակցիաներ են խոստանում։

Իսկ մինչ այդ Հանրապետության հրապարակում դրված հայրենիքի փրկության վրանից կարող են հետևել, թե քաղաքական ուժերից ում հետ է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքական հանդիպումների շարքում վերջին օրերին նա հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ։

Առաջին գործչի փոխանցմամբ՝ քննարկել են ներքաղաքական, ճգնաժամային խնդիրներ։ Երկրորդը՝ ստեծված տարածաշրջանային իրավիճակից ելնելով կարևորվել են ճանապարհային հաղորդակցության խնդիրները։

«Ես կարծում եմ, որ պետք է յուրաքանչյուրս, ամեն մեկս մեր տեղում՝ անկախ նրանից ինչ վերաբերմունք ունենք կոնկրետ գործող իշխանության, կոնկրետ ոլորտի պատասխանատուի առումով, մեր առաջարկություններն ու ասելիքները անենք»։

Միավորված Աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը Փաշինյանի հետ հանդիպմանը գնացել էր իր դիրքորոշումը հստակ փոխանցելու։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ողջամիտ ժամկետը համարում է մայիս ամիսը և առաջարկում է խորհրդարանական համակարգից անցում կատարել կիսանախագահական համակարգին, նաև՝ վերականգնել փոխադարձ զսպումների մեխանիզմը։ Քաղաքական գործչի ներկայացմամբ՝ իր առաջարկներին Փաշինյանն արձագանքել է ողջամիտ։

Իշխանական թևում, սակայն, արտահերթ ընտրությունների շուրջ  առարկայական քննարկումներ դեռ չեն սկսվել։ Ժամկետների հետ կապված հստակեցումներ նույնպես չկան։

«Մենք այդ առումով այս պահին քննարկում չենք կարող ունենալ, որովհետև նախ՝ պետք է հասկանալ ընդհանուր առումով՝ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական  ընդդիմության դիրքավորումը և այնուհետև մեր որոշումը կկայացնենք ու կհրապարակենք»,- ասում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Խորհրդարանական ընդդիմության ներսում այժմ կա համոզմունք, որ վարչապետի հրաժարականի դեպքում «Իմ քայլը» խմբակցությունում կան մարդիկ, որոնք պատեհ պահի կողմ կքվեարկեն, և իրենց թեկնածուներից մեկը կդառնա վարչապետ։

Չնայած վերջին շրջանում «Իմ քայլը» խմբակցությունը լքողներ կան, բայց այս պահին այն շարունակում է հանդիսանալ խորհրդարանական մեծամասնությունը՝ այս պահին Աժ–ում պահպանելով 83 ձայն։

Back to top button