ԿարևորՀասարակություն

ԱԺ-ում առաջարկում են զինծառայությունից խուսափելը որակել ծանր հանցագործություն

Զինվորական ծառայությունից կամ զորահավաքներից խոսափելու համար պատիժները կխստացվեն, ավելին՝ եթե նախկինում հանցանքը համարվում էր միջին ծանրության, ապա փոփոխություններից հետո այն կհամարվի ծանր հանցագործություն։ Սա՝ համաձայն ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Մխիթար Հայրապետյանի, Արման Բաբաջանյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ առաջարկող նախագծի։ Փաթեթում ներառված փոփոխությունները հիմնականում վերաբերում են զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին, որոնց, նոր կարգավորումների համաձայն, կտրվեն նաև այլընտրանքային հնարավություններ։

«Փոփոխություններով պատիժը խստացնելուց բացի, մենք տալիս ենք այլընտրանքային հնարավորություն։ Քաղաքացին գալիս է մուծում է սահմանված գումարը, որը պայմանագրային զինծառայողի 2 տարվա աշխատավարձի և հավելավճարի մասնավաժնով է կազմվում և անցնում է պայմանագրային հիմունքներով զինծառայության։ Այսինքն մենք տալիս ենք հնարավոություն 27 տարին լրացած քաղաքացուն Հայաստան վերադառնալու»,– ասում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ այս նախագծին  հասարակությունը երկար է սպասել, իրենք էլ փորձել են գտնել հիմնավոր լուծումներ։

«Փաթեթի մշակման հիմքում այն էր, որ այս խնդիրը ստանա այնպիսի լուծում, որ բանակը դրանից իր կարողությունները ավելացնի, նաև լուծվի Հայաստան վերադառնալու խնդիրը և Հայաստան վերադարձողներին հնարավորություն տրվի ոչ միայն քրեական հետապնդումից ազատվել,  այլ նաև լիարժեք մասնակցություն ունենալ մեր երկրի կառավարմանը»։

Հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը հիշեց, նախկինում ամեն տարի խնդիրը լուծվում էր  օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով։ 27 տարին լրացած , պարտադիր զինվորական ծառայություն չանցած երիտասարդները կատարում էին սահմանված  վճարումները և  ազատվում  քրեական պատասխանատվությունից, իսկ դա խնդիրը սկզբունքորեն  չէր լուծում։

«Եթե հիշում եք՝ ամեն զորակոչի համար վճարվում էր 200000 դրամ, որը կազմում էր 3.6մլն դրամ, և անձը ազատվում էր քրեական պատասխանատվությունից։ Բայց այս դեպքում սա դառնում է ծանր հանցագործություն, հետևաբար, անձը, գտնվելով միջազգային հետախուզման մեջ, չվերադառնալու տարբերակ չունի։ Այժմ պետությունը չունի լծակներ՝ ծառայությունից խուսափածներին  արտահանձնումով բերելու Հայաստան, բայց երբ հանցանքը  դառնում է ծանր, նրանք փախչելու տեղ չունեն, առաջին իսկ գրանցման դեպքում անձը գտնվում է»,– ասում է Արմեն Խաչատրյանը։

Արմեն Խաչատրյանին հակադարձում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ չնայած հանցագործությունը համարվում է ծանր, այնուամենայնիվ փոփոխություններով հնարավորություն է տրվում 27 տարին լրանալուց հետո ծառայությունն անցկացնել պայմանագրային զինվորական ծառայության պայմաններով։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը  ևս խնդրահարույց կողմ է տեսնում։

«Այս պարագայում բոլորը կգերադասեն 27 տարին լրանա, ու հետո գան ծառայեն պայմանագրային հիմուրնքներով, աշխատավարձով»,– ասում է Գևորգ Գեորգիսյանը։

Գեորգիսյանը հեղինակների ուշադրությունը հրավիրում է նաև մեկ այլ հանգամանքի վրա։ Նախագծի համաձայն՝ մինչև 27 տարին լրացած քաղաքացիների համար նախատեսվում է յուրաքանչյուր բաց թողնված զորակոչի համար ևս մեկ ամիս ավելի ծառայել։ Պատգամավորի կարծիքով՝ սա նույնպես լրացուցիչ խոչընդոտ կարող է լինել վերադառնալու համար։

«Ենթադրենք այլ երկրում ապրող քաղաքացին ավարտել է կրթությունը և որոշել է գալ, ծառայել։ Արդեն 22-23 տարեկան է և ծառայությունը դառնում է մոտ 3 տարի։ Եթե 22-23 տարեկան քաղաքացին ուզում է գալ ու ծառայել, մենք փաստացի նրան պատժում ենք։ Ես առաջարկում եմ սա հանել ընդհանրապես»,– ավելացնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Նախագծի խնդրահարույց դրույթներն ու երկրում ստեղծված իրավիճակը  հաշվի առնելով՝ հեղինակներն իրենք առաջարկեցին հետաձգել օրինագծի քննարկումը ու դրան անդրադառնալ  մեկ ամիս հետո։

Back to top button