ԿարևորՀասարակություն

Պատերազմը նոտաներով․ Արեն Գիրունյանի «Արցախյան սիմֆոնիան»

Պատերազմը պատկերում ենք նոտաներով․․․ Պատկերողը թավջութակահար Արեն Գիրունյանն է, իսկ կտավը Դմիտրի Շոստակովիչի յոթերորդ սիմֆոնիան։ Երաժիշտ ժամկետային զինծառայողին ամենաբարդ «մարտական» առաջադրանքն եմ տվել․ խնդրել եմ առանձնացնել այն երաժշտությունը, որը ամենալավն է նկարագրում իր գլխով անցածը՝ Արցախյան երկրորդ պատերազմը։

Զինվորին հանդիպել եմ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»։ Պատերազմը Արենի համար 14 օր տևեց, վիրավորվեց հոկտեմբերի 10-ին` Մարտակերտում։

«Տեսա, որ մոտ 100մ այն կողմ մի տղա է ընկած ու գոռում է, որ իրեն օգնել է պետք։ Առանց երկար մտածելու միանգամից վազեցի իր կողմը։ Երբ փորձում էի իր թևից քաշել, իրեն հանել, պառկած դիրքից վեր կացա, նստեցի ու հենց էտ պահին հակառակորդի դիպուկահարը խփեց, կպավ իմ մեջքին, ինչից հետո աջ ոտքս ընդհանրապես չէի զգում»,– պատմում է Արեն Գիրունյանը։

Դիպուկահարի առաջին կրակոցին հաջորդել են ևս մի քանի հարվածներ, որոնք էլ Արենի թևն են վիրավորել։ Պատմում է, որ մի ոտքն ու ձեռքն ամբողջությամբ չէր զգում, բայց ինչ–որ ներքին ուժ ստիպել է իրեն հավաքվել ու, ինչպես ինքն է ասում, ինչ ուզում է լինել, մի ձեռքով, մի ոտքով հասնել ծառայակից ընկերներին։

«Էտ նույն տարածքը, որ վազել էի ընկերոջս փրկելու համար, վիրավոր անցա ու հասա մերոնց մոտ, ինչից հետո ինձ հոսպիտալացրին ու բերեցին Երևան»։

Երևան հասնելուց հետո արդեն թավջութակահար Արեն Գիրունյանը շատ ժամանակ է ունեցել մտածելու ու ամեն ինչ վերարժևորելու համար։ Ասում է, որ պատերազմը, իհարկե, իր ազդեցությունն ունեցել է, բայց իր հիմնական նպատակները չեն փոխվել։

«Որ էս ամեն ինչից հետո կարողանում եմ նվագել, արդեն շատ մեծ նվեր է ինձ համար»,– ասում է թավջութակահար ժամկետային զինծառայողը։

Արենը մեկուկես տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ թավջութակ նվագել է հենց «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում», կատարումն էլ սիրելիին էր նվիրված։ Ընկերներն ու կենտրոնի աշխատակիցները պատմում են, որ Արենն ազատ ժամանակը հանգստի սենյակում է անցկացնում սիրելի գործիքի հետ․ նվագում է, փորձում ու, ինչպես ինքն է ասում, այդպիսով ուրախանում։

«Եթե ինչ–որ մի բանի հասնեմ իմ նվագով, շատ լավ, եթե ոչ, էլի խնդիր չի, երաժշտությունը կշարունակի իմ համար հոբբի մնալ»։

1941թ Հայրենական մեծ պատերազմիառաջին իսկ օրերից Շոստակովիչը ցանկանում էր ֆաշիզմի դեմ մղվող պատերազմին նվիրված մի ստեղծագործություն գրել։ Թշնամու կողմից շրջափակված Լենինգրադում նա ստեղծում է իր 7-րդ սիմֆոնիան, որը «Լենինգրադյան» անվանումը ստացավ։ Շոստակովիչն իր երաժշտությամբ խաղաղ, ստեղծագործ աշխատանքով զբաղված ժողովրդին հակադրել էր բարբարոս ու դաժան թշնամուն։

Այսօր պատերազմի միջով անցած թավջութակահարի մտքում պատերազմական հիշողությունների հետ Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան է հնչում։ Ինքը վստահ է` մեր դեպքում ևս այս երաժշտությունը լավագույնս բնութագրում է տեղի ունեցածը։

«Ամեն տեղ արկեր էին պայթում, ու վազելու ընթացքում մտածում էի` որ կինոյում եմ սա տեսել, ինչ է կատարվում»։

Պատմությունը գրված է, երաժշտությունը ընտրված, մնում է մեր ֆիլմին վերնագիր ընտրել։ Իմ այն հարցին, թե ինչպես ենք վերնագրելու մեր պատմությունը, Արենը պատասխանում է․

«Հավատ։ Երբ խաղաղ իրավիճակում ապրում ես, միշտ հավատում ես, որ ամեն ինչ լավ ա լինելու, բայց գտնվելով պատերազմի մեջ, առաջնագծում հավատի կարիքը ամեն վայրկյան զգում ես ու ինքն ա, որ քեզ պահում ա»,– ասում է Արեն Գիրունյանը։

Եթե չունենաս հավատ, պատերազմից հետ չես գա․․․ իսկ այստեղ հավատն ամենաուժեղն է։ Պատերազմը պատկերում ենք նոտաներով․․․ Պատկերողը թավջութակահար Արեն Գիրունյանն էր, իսկ կտավը` Դմիտրի Շոստակովիչի յոթերորդ սիմֆոնիան։

Back to top button