ԿարևորՀասարակություն

Բերձորից հետո Աղավնոյում կգտնեն իրենց տունը, Արցախից դուրս չեն գա

Բերձորցի Իսունցների ընտանիքում հայր ու որդի վիրավորվել են պատերազմի առաջին օրերից, երկուսն էլ կորցրել ոտքը, բայց ոչ Արցախում ապրել ու աշխատելու վճռականությունը: Գևորգ Իսունցի տունը մնացել է Բերձորում, ինքը որոշել է ապաքինվելուց հետո տեղափոխվել ու բնակվել Աղավնո գյուղում։

Բուժակ Իսունց Գևորգին Բերձորում բոլորը գիտեն: Նա  առաջինն է օգնության հասնում: Սյունեցիներին բնորոշ ազգանուն է,  գորիսեցի: 2003թ-ին, որպես բուժաշխատող հրավիրվել է  Բերձոր ու աշխատել շտապօգնությունում: Կինը՝ Նազելին ասում է, որ ամուսինն  ամբողջությամբ նվիրված է Արցախին.

«Բերձորը, կարել ասած, մինչև հիմա չենք լքել, ուղղակի Գևորգը մի քանի արժեքավոր իրեր է հանել, տունը չենք վառել, տնամեջից չենք հանել, դեռ ինքն էլ հույս ունի, որ հետ է գնալու Բերձոր: Ճիշտ է,  մեր տուն չենք կարա հետ գնանք, որովհետև էդ հատվածը ադրբեջանցիների մոտ է, բայց ինքը ցանկություն ունի ու ամեն կերպ ձգտում է  հետ գնա, չնայած որ ադրբեջանցիները հիմա Բերձորում իրենց տանտիրոջ կարգավիճակում են զգում: Ցավալի է, այդպես է,  բայց միևնույն է՝ ամուսնուս չենք կարողանում հետ պահենք, ինքը դեռ փորձում է գնա, տուն գտնի, թեկուզ Աղավնոյում»:

Գևորգ Իսունցը 1992թ-ին մասնակցել է Բերձորի՝ Լաչինի ազատագրմանը և ամուր կպել այդ հողին: Նա հիմա ծանր վիրավոր է, պատերազմի առաջին օրերից ջոկատ էր կազմել ու մեկնել Ջրական, սակայն 30-ի գիշերը իրենց տեղափոխող մեքենան գնդակոծվել է.

«Օդային պատերազմ էր սկզբից, անօդաչուների արձակած արկից իր հավաքած ջոկատից մի քանի հոգի են վիրավոր դուրս պրծել: Ոտքը ծնկից ներքև անդամահատված է, ձեռքն է՝ վնասվել: Էս պահին ձեռքի մկանների աշխատանքն է վերակագնվում»:

Պատերազմի առաջին օրը իր ծառայության զորամասում վիրավորվել է նաև ավագ որդին՝ավագ սերժանտ, դասակի հրամանատարի տեղակալ 22-ամյա Խաչիկը: Նա ծառայում է Պաշտպանության Բանակի Մարտունի 3-րդ պաշտպանական շրջանում և արդեն 5 տարի  մարտական հերթապահություն՝է իրականացնում՝  ստանձնելով սպայի պարտականությունները: Ասում է՝ ամեն ինչ շատ անսպասելի սկսվեց.

«Սկզբում պայթյունի ձայներ լսվեցին զորամասի թիկունքում, որովհետև հակառակորդը խփում էր բնակչության վրա,հետո  զորամասերի վրա, այդ ժամանակ վիրավորվեցի ես ու ժամկետային զինվորներ»:

Պատերազմի առաջին օրը զորամասի պայթյունի հետևանքով նա վիրավորվում է, որի արդյունքում դարձյալ անդամահատվում է ոտքը: Խաչիկը պատմում է, որը  իր ուշքն ու միտք միայն կռվի դաշտում է եղել, մտածել զինվորների  ու Արցախի մասին.

«Ես գոսպիտալում պառկած էլ մտածում էի առաջին հերթին իմ զինվորների, ընդհանուր, բոլոր զինծառայողների մասին, թե ինչ կլինի, ոնց կլինի, դե հետոն, էլի: Էդ պահին զգացողությունը ընենց էր, որ դու չէիր մտածում ոտդ չկա, ցավում է, անընդհատ լրատվամիջոցներին էի հետևում, զանգում, իմանում, որ մի քիչ հւյս տաս քեզ, եսիմ»:

Ոտքը պրոթեզավորված է, բայց չի կորցրել ծառայությունը շարունակելու վճռականությունը: Ապաքինվելուց հետո դարձյալ մեկնելու է ծառայության: Ամուսնության մասին խոսք բացեցի, կարմեց, ամաչեց, երկմտելով՝ ասի, թե չասի, բայցևայնպես խոստովանեց՝ ընտրած աղջիկ ունի, բնակության հարցը կարգավորվի՝ ամուսնանալու է.

«Մինչև վիրավորվելս չէի ուզում ամուսնանալ, ասում էի՝ դե աշխատում եմ, ապրում եմ իմ ընտանիքի հետ, բայց վիրավորումից հետո հասկացա, որ կարելի է ամուսնանացած, դու էլ քո ընտանիքը ունեցած, քո երեխեն, քո կինը: Անպայման որոշել եմ ամուսնանալ»:

Իսունցների 7 հոգանոց ընտանիքը Երևանում 2 մասի է բաժանվել՝ մի մասն ապրում է  թիվ 17 հատուկ դպրոցում, մյուսը՝ Սիլաչի հյուանոցում, որտեղ մնալու վերջնաժամկետը հունվարի 10-ն է: Նրանց ընտանիքում կա  նաև 2 անչափահաս երեխա և  դեռ շարունակելու են մնալ Երևանում, մինչև վիրավորների լրիվ ապաքինվելը: Նազելին Արցախում  «Հալո թրաստ»  հումանիտար ընկերության ականազերծողներից է, պատերազմի ընթացքում թողել է աշխատանքն ու իր վրա վերցրել ընտանիքի խնամքը:

Back to top button