ԿարևորՀասարակություն

Զոհվածների երեխաները՝ ամանորյա հրաշքին սպասելիս

Ծննդյան տոներն այս տարի պակաս ուրախ ու գունավոր են, մինչդեռ տոնը երեխաների համար ամենասպասվածն  ու սիրելին է: Պատերազմում զոհվածների երեխաների համար Արմավիրում ամանորյա հեքիաթն իրականություն է դարձրել «Հայ հերոսներ» բարեգործական նախաձեռնությունը, որը ձևավորվել  է պատերազմի ընթացքում:

Պատերազմի օրերին բոլորը ճանաչեցին  ընկույզ վաճառող  արմավիրցի  6-ամյա Վահեին, որը  որոշել էր իր ներդրումն ունենալ բանակին ու զինվորներին օգնելու գործում: Տղայի նախաձեռնությանն աջակցեցին արմավիրցիները՝ յուրաքանչյուր ընկույզի դիմաց վճարելով  100 դրամ,  հավաքելով 4 մլն 600 հազար դրամ և  ամբողջը փոխանցելով  «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Վահեի նախաձեռնությունները պատերազմի ավարտով չսահմանափակվեցին: Տղան հիմա էլ որոշել էր ամանորյա նվերներ պատրաստել  իր հասակակից այն երեխաների համար, ում հայրիկները չվերադարձան կռվից: Նա այս անգամ վաճառել էր իր ձեռքով  ստվարաթղթից պատրաստած զինվորի տնակները

«Տնակներ պատրաստեցինք, գնացինք Երևան, վաճառեցինք ու այդ գումարով գնեցինք  խաղալիքներ՝ հրացաններ, սպայդերմեններ»:

Բանակին, զինվորին ու նրանց երեխաներին օգնող   Վահեն  հստակ որոշել է՝ մեծանա, հետախույզ է դառնալու, իսկ  գնած նվերները զոհվածների երեխաներին հանձնեց  «Հայ հերոսներ» բարեգործական  թիմի կազմակերպած հանդիպման ժամանակ: Այստեղ  ծննդյան տարեդարձի անակնկալ էր սպասվում Հացիկ գյուղից զոհված Սարգիս Իսկանդարյանի առաջնեկ որդուն՝ Լևոնին,  ով Վահեի հասակակիցն է: Ծննդյան տորթը Սարդ-մարդի պատկերով նվիրեց իր սիրելի հերոսը ՝ Սարդ-մարդը: Մայրը՝ Աննա Ավետիսյանն ասում է, որ տղայի սիրելի հերոսները Սարդ- մարդն  ու զինվորներն են:

Ամանորը երեխաների սիրելի տոներից է, նրանք անկախ ամեն ինչից սպասում են ձմեռ պապին ու ամանորյա իրենց նվերներին,  և հավատացած են, որ ամանորի գիշերն այն գտնելու են զարդարված տոնածառի տակ: Այս ամանորը տարբերվելու է մյուսներից․ ուրախություն չկա, իսկ երեխաների ամանորյա հեքիաթն իրականություն էր  դարձրել    «Հայ հերոսներ» բարեգործական թիմը, որը կազմավորվել էր պատերազմի ընթացքում՝ աջակցելով զոհվածների ու վիրավորների ընտանիքներին: Թիմի ղեկավար  Լիլիթ Գրիգորյանն ասում է իր  նախաձեռնությանն աջակցել են  տարբեր կազմակերպություններ, արմավիրցիներ, թոշակառուներ և այլոք։

«Կուզենամ նրանց անունները հրապարակել, Սպարտակ և Դավիթ Հակոբյանների հայրը, որը կորցրել է իր 2 որդիներին՝ չունենալով այլ երեխա, մտածեց, որ բոլոր այս երեխաներն իր երեխաներն են և իր հանգանակությամբ նրանց  համար գնեց նվերներ: Էդ մեր հայի անկոտրուն տեսակն է: Երկու որդիների զոհվելուց  հետո կյանքը շարունակելու նրա կոչը մեզ ստիպում է, պարտավորեցնում է լինել այս ընտանիքների կողքին»:

Արցունքը մաքրող ծնողներն ու հարազատները հետևում էին երեխաներին, որոնք պտտվելով տոնածառի շուրջը՝ անհամբեր սպասում էին Ձմեռ պապին ու իրենց նվերներին, որոնք  չուշացան: Իսկ բոլորի ցանկությունը մեկն է՝ երեխաներն ապրեն ու ստեղծագործեն  խաղաղ պայմաններում։

Back to top button