ԿարևորՀասարակություն

Հայերիս համար վշտին տուրք տալը շքեղություն է․ Հեղինե Մանուկյան

Հեղինե Մանուկյանը երեկոյան գործից հոգնած, բայց կամքով կոփված, ժպիտը դեմքին տուն է վերադառնում, դստեր` 7- ամյա Շուշանիկի օրագրի բարձր գնահատականներով ուրախանում, հյուրերի է սպասում:

Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերությունում աշխատանքի հետ մեկտեղ` Հեղինեն FLY բարեգործական կազմակերպության հետ էլ տարբեր մարզերում կարիքավոր ընտանիքներին է սոցիալական ու հոգեբանական աջակցություն ցուցաբերում: Այսօր Վանաձորում ապաստան գտած արցախցի ընտանիքներին էին այցելել, սոցիալական խնդիրները հոգացել, մխիթարել ու վաղվա օրվա լավատեսությամբ ոգևորել:   

Հեղինե Մանուկյան. «Արցախցի ընտանիքները շատ երեխաներ են ունենում, արդեն շուրջ 300 անհատի ենք օգնել ու ամեն ընտանիք մտնելուց ես զարմանում եմ: Իրենց  օգնեցինք սնունդով, հագուստով… երեխաները շատ վախեցած, տատիկ-պապիկները լացակումած աչքերով, երիտասարդ մայրերը, կանայք սպասումով, քանի որ իրենց տղամարդիկ կամ կվերադառնան, կամ՝ այլևս չեն վերադառնա շատերի նման»:

Հերոսացած շատերից մեկն էլ իր ամուսինն է` Արտակ Ժամակոչյանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ պատերազմի առաջին իսկ օրից մարտի դաշտում էր: Բավրայից 15-օրյա ծառայությունից հետո չհասցրեց տուն վերադառնալ, մորը, կնոջն ու դստերը մի վերջին անգամ տեսնել։ Բավրայից միանգամից մեկնեց մարտադաշտ։ Մոր՝ ընտանիքի ավագ Շուշանիկի, Հեղիների և դստեր՝ կրտսեր Շուշանիկի  միակ մխիթարանքն ու ուրախությունը 23 օր շարունակ առաջնագծից ստացած զանգերն էին:    

Հեղինե Մանուկյան. «23 օր Արաքսի հովիտն էին պահում, շատ քաջաբար, Արտակն իրենց ջոկի հրամանատարն էր: Ամեն օր շատ երջանիկ ձայնով էր ինձ զանգում ու ինձ մոտ այն տպավորությունն էր, որ շատ լավ տեղում են։ Ես ընդհանրապես չէի էլ վախենում: Առանց ընդմիջման ինձ զանգում էին ընկերների մայրերն ու կանայք, լացում էին, ես իրենց  ուժ էի տալիս»:

Արտակը միշտ զվարթ ձայնով է տուն զանգել, խնդիրների, նրանց հերոսական արարքների մասին հարազատները հետո՝ ողջ մնացած ընկերների պատմություններից են իմացել:

«Առաջին 5 օրվա ընթացքում գլխի շրջանում վիրավորվել էր, հետո՝ երկու անգամ հիվանդանոցից  փախել, դիրքեր է բարձրացել: Ես չեմ ուզում մտածել, որ Աստված 2 անգամ իրեն փրկվելու հնարավորություն տվեց ու ինքը չօգտագործեց այդ հնարավորությունը: Հիմա  ընկերներ այնպիսի բաներ են պատմում: Դիրքերում, երբ սկսել են արկեր ընկնել, բոլորը խուճապահար փախել են: Ընկերներից մեկն անցել է հողի տակ: Արտակը չի փախել, սկսել է մատներով փորել, մինչև ընկերոջը դուրս բերի: Այդ ընկերն այսօր ողջ է»,- ասում է Հեղինեն:  

Արտակը վերջին անգամ հոկտեմբերի 19-ին է տուն զանգել ու զանգերը դադարել են: Տասնչորս օր Հեղինեն, հրաշքի հավատալով, զանգի կամ որևէ լուրի էր սպասում, մտածում էր, որ այս տարի դժվար թե այդքան դժբախտություն միանգամից բաժին ընկներ իրենց ընտանիքին: Մի քանի  ամիս առաջ զինծառայությունը պատվով ավարտած, տուն վերադարձած ու ողբերգական միջադեպի զոհ դարձած եղբոր կորստի վշտից դեռ ուշքի չէր եկել: Հետո՝ կրտսեր քրոջ ամուսինն էր մահացել: Հեղինեն համոզված էր, որ գոնե Արտակին ճակատագիրը կխնայի, բայց… 14 օր սպասումից հետո ԱԱԾ սահմանապահ զորքի 46 նահատակների շարքում Արտակ Ժամակոչյանի անունն էլ հաստատվեց: Հեղինեն պարտավորվեց ավելի ուժեղ լինել, հայրական ընտանիքը, սկեսուրն ու դուստրը հիմա ավելի քան իր կարիքն ունեն:

Հեղինե Մանուկյան․ «Ոչ մի օր չեմ պառկել, չեմ վատացել, որովհետև անընդհատ կրկնում էի, որ ես անելիք ունեմ: Գիտեք, շատ հեշտ է թուլանալ ու ոչինչ չանել»:

Վշտին տուրք տալը Հեղինեն մեծ շքեղություն համարեց ու  ամուսնու հուղարկավորության 7-րդ օրը FLY բարեգործական կազմակերպության հետ գործի անցավ: Հիմա էլ զոհված հերոսների ընտանիքներին են այցելում, նյութական ու հոգեբանական աջակցություն ցուցաբերում, հորդորում, որ, ավելի քան երբևէ, ուժեղ լինեն:

Օրվա վերջում պայքարի հաջորդ ճակատը տանն է, որտեղ 7- ամյա Շուշանիկը չպետք է թախծոտ աչքեր տեսնի: Արտակի հերոսական նկարներն առանց որևէ սև շրջանակի են: Սևը բավական է, որոշել է Հեղինեն:

«Իմ ընտանիքը շատ ամուր ու սիրուն էր, հիմա մենք ավելի մեծ պատասխանատվություն ենք կրում մեր ուսերին։ Մենք պարտավոր ենք մեր երեխաներին մեծացնել, իսկ իրենք պարտավոր չեն մեր լացն ու կոծը տանել, յուրաքանչյուր մայր պետք է դա հասկանա»:

Նոյեմբերի 25 –ին Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը Արտակն ու Հեղինեն տոնելու էին ամուսնության 8-ամյակը: Հեղինեն ավելի մեծ ուժ կհավաքի, որ երկուսի փոխարեն սեր ու ուշադրություն տա Շուշանիկին,  հետո՝ աշխատանքի կգնա, օգնելու ու ոգեշնչելու զոհված հերոսների ընտանիքներին:

Back to top button