ԿարևորՀասարակություն

Խախտումներ հայտնաբերվել են, բայց գործունեություն չի կասեցվել․ ՀՌՀ նախագահ

2021 թվականին պետական ​​բյուջեից նախատեսվում է 7 միլիարդ 51 միլիոն դրամ հատկացնել Հայաստանի Հանրային հեռարձակողի խորհրդին,  Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ տեղեկացրել է ՀՀ Ֆինանսների նախարարը։ Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝   ֆինանսավորումը 2020-ի համեմատ կկրճատվի, քանի որ  ավարտվել է մինչ այդ ստանձնած վարկային պարտավորության սպասարկումը։

«2021թ․ հանրային հեռարձակողի բյուջեում այս պահի դրությամբ կտրուկ փոփոխություններ չեն նախատեսվում։ Վարկի մարման հետ կապված եղել է բյուջեի նվազում, խոսքը 500  մլն դրամի մասին է։ Այդ գումարը չի տրամադրվել հատուկ վարկը մարելու  համար, այդ գումարը հեռուստատեսությունը հայթայթել է  իր տարբեր ծախսային հոդվածներից՝  ավելի նվազ ծախսեր անելով։ Այստեղ կա գլոբալ խնդիր որն ամեն տարի ծագում է»,- նշել է Արա Շիրինյանը՝  հիշեցնելով․ վարկը անհրաժեշտ էր  տեխնիկական վերազինման համար,  ինչը ժամանակակից պայմաններում  մեծածավալ աշխատանք է։ Եվ եթե գումարը չծախսվեր տեխնիկական վերազինման նպատակով,  հանրային հեռարձակողը, գուցե,  պատրաստ չլիներ պատերազմական օրերին աշխատել քառապատիկ, նույնիսկ՝  տասնապատիկ ավելացնելով  իր լրատվական թողարկումները։ Արա Շիրինյանի խոսքով՝ մեկ տարվա բյուջեով հնարավոր չէ նախատեսել շոշափելի տեխնիկական վերազինում, այդ նպատակով  լուրջ ներդրումներ են  հարկավոր։

Խորհրդի նախագահը նաև տեղեկացրեց, որ հանրային հեռարձակողը նոր տեղեկատվական ալիք բացելու ծրագրեր ունի, և պետք է դիմեն այդ նպատակով  պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ ստանալու նպատակով։

Այսօրվա քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հաջորդ տարվա  բյուջեին։  Կառույցի ղեկավար Տիգրան Հակոբյանը հայտնել է, որ հանձնաժողովի  ծախսերն ավելանալու միտում ունեն, ինչը պայմանավորված է կառույցի գործառույթների ացելացմամբ։  Մասնավորապես՝  «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն է ավելացնում կառույցի գործառույթները, ինչպես նաև  մի քանի օրենքների դրույթներ, որոնք ընդլայնում են վերահսկողության տակ գտնվող մեդիածառայություն մատուցողների մոնիտորինգի շրջանակները։  Ըստ այդմ՝ հանձնաժողովին կպահանջվի ունենալ չորս լրացուցիչ հաստիք նոր աշխատանքներն  իրականացնելու նպատակով։

«Իմ քայլը»  խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց  Տիգրան Հակոբյանից․ երկրում ռազմական դրությունով պայմանավորված կան որոշակի սահմանափակումներ մեդիադաշտի գործունեության վերաբերյալ։  «Մենք վերջերս լսեցինք մի հաղորդման փակման մասին, կցանկանամ իմանալ, արդյո՞ք մոնիտորինգ կատարվել է թե ոչ, սահմանափակումները անտեսվե՞լ են , թե՞ ոչ»,-շարունակեց նա։

Խոսքը «Հայելու առաջ» հաղորդման մասին է,  որը 30 օրով հեռացվել է եթերից։

Հակոբյանն ասաց, որ այդ հարցով հաճախ քաղաքական  շահարկումներ են լինում․ «Հանձնաժողովը ոչ թե փակել է հաղորդումը, այլ մեկ ամսով կասեցրել գործունեությունը, որպեսզի շտկվի բովանդակությունը, որը հարիր չէ հայկական հեռարձակողին։ Սակայն հեռուստաընկերությունը , որով եթեր էր հեռարձակվում հաղորդումը, խզել է պայմանագիրը»։

ՀՌՀ նախագահի խոսքով՝ վերջին մեկ ամսում ուժեղացված մշտադիտարկումը շարունակվել է, և այնպիսի սխալներ, որոնց համար վարույթ  կբացվեր, գործունեությունը կկասեցվեր, չի եղել։ «Ֆեյքային դեզինֆորմացիայի մթնոլորտում ամենակարգապահն այն ընկերություններն են, որոնք ստացել են լիցենզիա հանձնաժողովի  կողմից և հանձնաժողովի կողմից էլ կարգավորվում են»,- նշեց նա։

Back to top button