ԿարևորՀասարակություն

Կապանի կանանց ռեսուրս կենտրոնի օգնությունը՝ տղաներին

Կապանի կանանց ռեսուրս կենտրոնը նախաձեռնությամբ է հանդես եկել․ գլխարկներ, ձեռնոցներ, վզնոցներ է գործում սահմանին կանգնած մեր տղաների համար։ Հումքի համար գումարով օգնել են կանադահայերը։ Բացի այդ` առաջին անհրաժեշտ պարագաներով օգնում են նաև Արցախից ժամանած մեր հայրենակիցներին։

Գլխարկներ, ձեռնոցներ, վզնոցներ, արտադրված է Հայաստանում՝ հատուկ մեր սահմանը ամուր պահող քաջորդիների համար։ Կապանի կանանց ռեսուրս կենտրոնի նախաձեռնությունն է։

Կամավոր Գայանե Հովհաննիսյան․ «Գլխարկներ ենք գործում մեր սիրելի, թանկագին զինվորների համար։ Մեծ սիրով ենք անում այս աշխատանքը, քանի որ դա գնում է մեր հերոս տղաներին։ Կարծում եմ` կհասնի մեր զինվորներին և օգտակար կլինի, նրանց տաք կպահի»։

Կենտրոնի ղեկավար Քրիստինե Սաղաթելյանի խոսքով` թիկունքից օգնություն ապահովելու համար համախմբվել են հենց պատերազմը սկսվելուն պես։ Օգնում են նաև Կապանում ապաստանած արցախցիներին։

 «Մեր կանադահայ գործընկերները, որոնք ապրել և աշխատել են Կապանում, իրենց սրտացավությունը մեր միջոցով ուզել են ցույց տալ Կապանում ապաստանած մարդկանց։ Այսինքն` գումար են ուղարկել, մենք փորձել ենք այդ գումարը առավելագույնս արդյունավետ ծախսել։ Դրա համար մանրակրկիտ կարիքի գնահատում ենք արել և փորձել ենք այդ մարդկանց հնարավորինս օգտակար լինել դեղորայքով, հագուստով , առաջին օգնության պարագաներով»։

Նաև դասընթացներ են կազմակերպում, որպեսզի իրենց օգնող կամավորների թիվն ավելանա։

«Խնդրում ենք Կապանի կանանց, աղջիկներին, որոնք կուզենան աջակից լինել այս ծանր իրավիճակում, թող գան, սովորեն և օգտակար լինեն և գործվածքի ոլորտում և տեքստիլի ոլորտում»։

Ռեսուրս կենտրոնը հանդերձանքը պատրաստել է սիրով, վստահ լինելով, որ մեր տղաները հաղթելու են։

Back to top button