ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը ծրագրեր ունի՝ ժամանակ է ձգում․ ԱՀ նախագահի խորհրդական

Լենա Բադեյան
Լուսինե Ավանեսյան

Հայաստանից պաշտոնական նամակ գնաց Ռուսաստան։ Այդ երկրի ԱԳՆ–ից պատասխանը չուշացավ, ինչպես նաև չուշացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արձագանքը․ «Ադրբեջանը չի ցանկանում երրորդ երկրի ներգրավում ղարաբաղյան հակամարտության մեջ»։

Իրականում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակով՝ երկկողմ համաձայնագրերի շրջանակներում անվտանգության հարցերով խորհրդատվություն ստանալու համար է դիմել․ սկսել անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման նպատակով։ Նամակի համար հիմք են հանդիսացել վարձկան –ահաբեկիչների մասնակցությամբ մարտական գործողությունների մոտենալը ՀՀ սահմանին և Հայաստանի տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը։

Խոսքն այստեղ ամենևին ՀԱՊԿ-ի ներգրավման մասին չէ։ Այդ կառույցին դիմում չի եղել։

«Ռուսաստանն անհապաղ օգնություն կտրամադրի Երևանին, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք»․ շատ արագ ձևակեպվեց և հրապարակվեց ՌԴ արտգործնախարարության արձագանքը։ Կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ներկայացմամբ՝ լրացուցիչ կքննարկվեն օգնության հատուկ ձևաչափերը։

«Ռուսաստանին ուղղված Երևանի դիմումը ենթադրում է ռազմական օգնության հնարավորություն»,– «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: «Նման հնարավորություն կա»,- ասել է դեսպանը։

Այս պահին վաղ է ենթադրություններ անել, թե ինչ օգնության մասին է խոսքը, բայց վերլուծաբանները ենթադրում են, որ այն կարող է լինել ռազմական տեխնիկայի, մասնագետների տեսքով:

Վարչապետի նամակը Վլադիմիր Պուտինին որպես կարևոր գործընթացի մեկնարկ է ընկալում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Պատերազմի մեկնարկից հետո մինչ այս պահը բանակցային որևէ ձևաչափ և հանդիպում անհրաժեշտ արդյունք դեռ չի տվել։ «Ռոսիա–24»–ին տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարոցան նշել է․

«ԱԳՆ այսօրվա հայտարարության միջոցով Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կողմերին կրկին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, նվազեցնել լարվածությունը և վերադառնալ առարկայական բանակցություններին՝ խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ հոկտեմբերի 10–ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»։  

Ադրբեջանը ֆոսֆորային ռումբ կիրառեց հայկական տարածքների ուղղությամբ ճիշտ այն ժամերին, երբ Ժնևում նախապատրաստվում էր միջնորդների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Իսկ արդեն հանդիպումից հետո՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին պայմանավորվածություններից հաշված ժամեր անց Ստեփանակերտն ու Շուշին արթնացան օդային տագնապից։

«WarGonzo»–ի թղթակից Սեմյոն Պեգովի տեսախցիկը արձանագրեց՝ ադրբեջանական հրթիռները թիրախավորել էին քաղաքացիական օբյեկտ՝ Ստեփանակերտի քաղաքային շուկան, իսկ Շուշիին հասցված հարվածից վիրավորվել են քաղաքացիներ։

Ժնևյան հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների հայտարարության և իրականության համադրումից Արցախում անակնալի չեն եկել։ Ոչ երեկվա հանդիպումից, ոչ էլ այս փուլում որևէ այլ դիվանագիտական հանդիպումներից այնտեղ լուրջ ակնկալիքներ չունեն։ Տեսակետին ձևավորմանը նպաստել է նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների ճակատագիրը։ Արցախում հետևում են դիվանագիտական հանդիպումներին, բայց գիտակցում՝ իրենք պետք է շարունակեն իրենց գործը։

Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Օհանջանյան-Բաղդասարյան․  

«Ադրբեջանը, այո, գնալու է բանակցային սեղանին ինչ- որ համաձայնությունների արտաքին գործերի նախարարների մակարդակով՝ իրենց գործառույթների շրջանակներում։ Սա բանակցային տարածք ապահովելու համար ինչ–որ հանդիպում կարող է լինել ՝ ապագայում գուցե և նախագահների հանդիպում նախապատրաստելու համար, բայց ինչպես ռազմաքաղաքական էլիտան այդ ակնկալիքները չունի, այնպես էլ՝ հասարակությունը այս հանդիպումից որևէ ակնկալիք չունի։ Ամեն դեպքում, ռազմական գործողություններին զուգահեռ, եթե մենք ունենում ենք նման հանդիպումներ, սա, իհարկե, գնահատելի է, որովհետև ի վերջո խնդիրը պետք է լուծվի կարգավորման սեղանի շուրջ։

Իլհամ Ալիևն այս հանդիպումներից առաջ հայտարարել էր, որ պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջ։ Ես կարծում եմ, որ սա ընդամենը ժամանակը երկարաձգելու համար է։ Այսինքն՝ նրանք ունեն խոշոր ռազմական պլաններ և փորձում են այդ ժամանակը ընդամենը երկարաձգել։ Մենք այս պահին ունենք ռազմականով թելադրված դիվանագիտություն, հետևաբար՝ ամեն դեպքում, ծանրության բևեռն ընկած է ռազմականի վրա։ Ռազմականում խոշոր հաջողություն ապահովելու դեպքում Ադրբեջանը ստիպված է լինելու նստելու այս անգամ կոնկրետ բանակցային սեղանի շուրջ, և կոնկրետ հարցերի շուրջ»։

Ժնևյան հանդիպումներից և պայմանավորվածություններից ու այսօրվա իրադարձություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց․  «Ադրբեջանի ղեկավարությունն ունակ չէ կատարելու իր պարտավորությունները»։  

Back to top button