ԿարևորՔաղաքական

Ժնևյան հանդիպման երկրորդ փորձը՝ վաղը․ պատերազմը փոխում է բանակցության էությունը

Պատերազմին զուգահեռ քաղաքական հանդիպումների բոլոր նախաձեռնությունները կամ այդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրար հետևից տապալվում են։ Ժնևյան այսօրվա հանդիպումը նույնպես բացառություն չէր։ Ինչ բանակցել պատերազմական թեժ գործողություններին զուգահեռ։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերից առանձին «խաղաղության ծրագրով» այս օրերին հանդես է գալիս նաև Իրանը։

Տապալված երեք հրադադարների ճակատագիրը կրկնում է այսօր Ժնևում նշանակված հանդիպումը։ Դեռ հոկտեմբերի 26–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ ձեռքբերված պայմանավորվածության մասին։

Ռուսական լրատվամիջոցները որպես նոր հանդիպման օր նշում են հոկտեմբերի 30-ը: Որն է հետաձգման պատճառը՝ որևէ տեղեկություն չկա։ Ինչպես նաև չկա համոզմունք, որ նշանակված հանդիպումը անպայման կկայանա։ Հայաստանի ներքաղաքական դաշտում հանդիպման օրակարգից տեղյակ չեն։ Համենայնդեպս իրենց մասով դա հաստատում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Որքանով որ հասկանում ենք, ժնևի հանդիպումը հրադադարի հանդիպում չէ, այլ՝ բանակցությունների ինչ–որ սկիզբ է կամ փորձ։ Սակայն պետք է ասեմ, որ խորհրդարանական ուժերը որևէ ձևով, որևէ խողովակով տեղեկացված չեն, թե ինչ է քննարկվելու։ Ես չգիտեմ՝ ինչ են բանակցում, որևէ տեղեկություն չունենք։ Հետևաբար, չեմ կարող ասել՝ ինչ ակնկալենք։ Մեծ հաշվով՝ որևէ բան չեմ էլ ակնկալում, որովհետև քանի դեռ հրադադարը չկա, բանակցություններն արդյունավետ չեն կարող ստացվել»։

Հանդիպման հետ կապված որոշ կասկածներ դեռ առավոտյան հայտնեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլ»–ից պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Նշանակված հանդիպումը նա այլ ձևով է անվանում․

«Բանակցությունների մասին վստահաբար չեմ կարող պնդել, բայց ես գիտեմ, որ լինելու են կոնսուլտացիաներ արտաքին գործերի նախարարների միջև, եթե դրանք տեղի ունենան։ Երբ դրանք տեղի ունենան, պաշտոնական աղբյուրներից, բնականաբար, կտեղեկանաք քննարկված հարցերի և հնարավոր հեռանկարների մասին»։

Քոչարյանը հաստատում է, որ բացի տեսանելի խողովակներից աշխատում են նաև «անտեսանելի խողովակները»։ Ըստ պատգամավորի՝ տեսանելի են Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի ջանքերը, ԱՄՆ–ի դեպքում՝ մտահոգված և հիասթափված գնահատականների փոխարեն արդյունավետ քայլեր կարող էին լինել՝ ասում է։ Ամեն դեպքում, ԵԱՀԿ ՄԽ միջնորդների ձևաչափը հայկական կողմի համար շարունակում է ընդունելի մնալ։ Ադրբեջանի գործողությունները, սակայն, ստիպում են խոսել բանակցությունների էության փոփոխման անհրաժեշտության մասին։   

«Տրամաբանությունը՝ տարածքներ անորոշ կարգավիճակի դիմաց, դա այլևս չի կարող աշխատել, որովհետև հակառակորդը ցույց տվեց, որ տարածքներն իրենց պետք են առանց հայ ազգաբնակչության։ Այդ տրամաբանությամբ շարունակել պարզապես նույնն է, որ վերադառնանք նույն 90–ականների կարգավիճակին՝ արդեն ավելի լայն հնարավորություն տալով հակառակորդին մեր ազգաբնակչությանը ոչնչացնելու առումով։  Հայկական կողմը իր առաջարկը ձևակերպել է, իհարկե, ոչ ՄԽ ձևաչափով։ Վարչապետը ներկայացրել է։ Ճանաչումը դարձավ համար մեկ պահանջը։ Այսինքն՝ այն բոլոր քայլերը, որոնք պետք է բերեին վերջնամասում ինչ- որ պահի ճանաչման անորոշ ձևակերպումներով, այսօր ճանաչումն է, որ միակ քայլն է առաջնահերթ, որը կլուծի Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրը»։

Եթե հայկական կողմի համար պատերազմը փոխում է բանակցությունների էությունը, ապա կան կողմեր, որոնք ցանկանում են փոխել նաև բանակցային ձևաչափը։ Նորություն չէ, որ Թուրքիան ամեն գնով փորձում է տեղ զբաղեցնել բանակցային սեղանի շուրջ, բայց նորություն է, որ արդեն Իրանն է հանդես գալիս միջնորդի առաջարկով և մշակած խաղաղության ծրագրով։ Այդ փաթեթով Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին արդեն եղել է Բաքվում, այսօր Մոսկվայում է, նախատեսում է այցելել նաև Երևան և Անկարա։  

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ Իրանի փոխարտգործնախարարի այցի, ինչպես նաեւ առաջարկի մասին լուրերը  առայժմ չի մեկնաբանում։

Ինչ վերաբերում է իրանական առաջարկին, ապա Թեհրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով առաջատար դեր է հատկացնում տարածաշրջանի երկրներին։ Ընդ որում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից միայն Ռուսաստանին է համարում տարածաշրջանում կարևոր պետություններից մեկը։ Իրանի ակտիվացումը բնական է համարում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը․

«Իրանի պարագան կարծում եմ երկու յուրահատկություն ունի։ Նախ՝ բնականաբար, տարածաշրջանային կարևորագույն երկիր, որը չի կարող անմասն մնալ այս տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և Թուրքիայի ակտիվացումը, բնական է, որ որոշ մտահոգություններ կարող է առաջացնել նաև Իրանի պարագայում։ Երկրորդ՝ Իրանը շատ յուրահատուկ հարաբերություններ ունի կոնֆլիկտում ներգրավված պետությունների հետ։ Լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ,  նորմալ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ՝ գումարած կրոնական–դավանանքային նրանց նմանությունները, նորմալ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ և լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ։ Շատ տրամաբանական է, որ Իրանի քաղաքական վերնախավը կարող է առաջարկել միջնորդական իր ծրագրերը և այլն։ Այլ հարց է՝ այդ ծրագրերը ինչքանով ընդունելի կլինեն, թե՝ ոչ»։

Ամեն դեպքում, բանակցային ձևաչափը և միջնորդներին փոխելու մասին խոսք չկա։ Միջնորդներին փոխելու առումով հստակ կարծիք Հայաստանն արդեն հայտնել է։ Ըստ վերլուծաբանների՝ այլ հարց է քաղաքակիրթ աշխարհի կողմից հակաահաբեկչական կոալիցիայի ձևավորումը` ընդդեմ վարձկանների։   

Back to top button