ԿարևորՎերլուծական

Արցախյան պատերազմը միջազգային մամուլը դիտարկում է հատկապես Թուրքիայի ներգրավվածության տեսանկյունից

Արցախյան պատերազմում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության մասին հստակորեն շեշտադրում են միջազգային լրատվամիջոցներն իրենց լուսաբանումներում։ Այս մասին այսօր նշել են փորձագետները՝ անդրադառնալով միջազգային լրատվամիջոցներում արցախյան պատերազմի լուսաբանման թեմային։

Հայ համայնքների նախաձեռնած ցույցերը, ըստ փորձագետների, նպաստում են, որ տարբեր երկրներում մամուլը անդրադառնա Արցախի դեմ սանձազերծված պատերազմին եւ հնարավորինս լսելի դարձնել հայկական տեսակետները։ Միջազգային լրատվամիջոցներն, ընդհանրապես, խնդիրը լուսաբանում են Թուրքիայի ներգրավվածության եւ նրա կողմից վարձկան-ահաբեկիչների ներգրավման վստանգավորության տեսանկյունից։

Թուրք հրահանգիչների, թուրքական զինուժին պատկանող զինտեխնիկայի ու թուրքական արտադրության զինատեսակների օգտագործումը արցախյան պատերազմում հստակորեն արձանագրվում է միջազգային մամուլի հրապարակումներում։ Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Իզաբել Շատոյանի խոսքով՝ այդ տեսանկյունից քննարկումներ են ծավալվել հատկապես արեւմտյան մամուլում։ Այնտեղ խոսում են նաեւ թուրք զինյալների ներգրավման եւ Թուրքիայի կողմից Սիրիայից իսլամիստ ծայրահեղական ահաբեկիչների՝ Արցախյան ճակատում կռվելու համար Ադրբեջան տեղափոխելու մասին։ Ըստ նրա՝ նման անդրադարձները պայմանավորված են տարբեր տարածաշրջաններում վերջին տարիներին Թուրքիայի ապակառուցողական գործելաոճով։

«Հատկանշական է, որ մինչեւ ռազմական գործողությունների մեկնարկն էլ, շատ միջազգային լրատվամիջոցներ գրում էին այն մասին, որ Ադրբեջան-Թուրքիա տանդեմը որոշակի պլանավորում է իրականացնում Արցախի դեմ պատերազմ սկսելու համար եւ նշում էին, որ զինյալներ են հավաքագրվում Սիրիայի հյուսիսում եւ հիմա արդեն տեսնում ենք արցախա-ադրբեջանական սահմանին»։

Եթե նախկինում դա քննարկումների մակարդակով էր, ապա հիմա միջազգային լրատվամիջոցներն այդ ամենի մասին ներկայացնում են հստակ փաստեր եւ տեղեկություններ։ Ընդհուպ՝ ներկայացվում են ձայնագրություններ, որոնցում հենց վարձկան-ահաբեկիչներն են պատմում, թե ինչպիսի մեխանիզմներով է դա իրականացվում։ Շատ հաճախ՝ նրանք տեղյակ էլ չեն լինում, որ տեղափոխվում են Ադրբեջան՝ պատեազմական գործողությունների մասնակցելու համար։ Այս խնդրին միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն անդրադառնալ, մասնավորապես, երբ հիմա խոսվում է նոր խմբերի տեղափոխման մասին՝ ասաց Իզաբել Շատոյանը։ Փորձագետը կարեւորում է դա, նաեւ այն հանգամանքը, որ արեւմտյան մամուլում շեշտվում է, որ պատերազմական գործողությունները սանձազերծվել են Ադրբեջանի կողմից։ Այսպիսի հասցեականությամբ նախկինում միջազգային մամուլը չի խոսել՝ նկատում է փորձագետը։  

Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանի փոխանցմամբ՝ իրանական մամուլում մտահոգության թեմա է դառնում վարձկան-ահաբեկիչների ներկայությունը իրենց հյուսիսային սահմանում։

«Դրան զուգահեռ կրկին  թիրախավորում են այն երրորդ երկիրը, չի նշվում  իհարկե  Թուրքիա, բայց նշվում է այն երրորդ երկիրը, որը նպաստում է այդ իավիճակին»։

Արմեն Պետրոսյանի փոխանցմամբ՝ երկակի մոտեցումներ կան վրացական մամուլում։

«Օրինակ, Սահակաշվիլիին պատկանող լրատվամիջոցներն ակնհայտ պրոադրբեջանական բնույթ ունեն, իշխող կուսակցությանը եւ իշխանություններին ենթակա լրատվամիջոցներն ավելի փորձում են բալանսավորել»։   

Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ, արևելագետ, արաբագետ Կարեն Վերանյանը նկատում է, որ արաբական աշխարհի մամուլի արձագանքները շատ չեն։ Դա, ըստ նրա, պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին տասնամյակում Հայաստանն է պասիվ եղել արաբական աշխարհ-Թուրքիա հակասություններին։ Այնուամենայնիվ՝ սակավաթիվ արձագանքներում էլ արաբական աշխարհում հատկապես շեշտվում է Թուրքիայի մեղավոր-ներգրավվածության մասին, այդ թվում՝ զինյալների տեղափոխման։ Ըստ փորձագետի՝ էական նշանակություն ուներ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հայտնի հայտարարությունը, որը լայնորեն տեղ գտավ արաբական մամուլում։ Նաեւ՝ առանձնակի նշանակություն ուներ Արաբական երկրների լիգայի հայտարարությունը։ Այս երկու դեպքում էլ թիրախում հենց Թուրքիան է՝ իր տասնամյակներ շարունակ ապակայոնացնող դերակատարությամբ։ Ինչ վերաբերում է իսրայելական մամուլին եւ պաշտոնական արձագանքներին։        

«Ընդհանուր առմամբ, իհարկե, տարբերությունը շատ մեծ է մամուլի արձագանքներում եւ Իսրայելի պաշտոնական արձագանքներում։ Ցավոք սրտի, ցեղասպանություն վերապրած ժողովրդը եւ իր կառավարությունը բավական անթույլատրելի կեցվածք եւ դիրքորոշում է որդեգրել Արցախի բնակչության՝ խաղաղ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի եւ  Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ»։

Սա այն դեպքում, երբ գործողությունների զգալի մասը իրականացվում են իսրայելական արտադրության գերժամանակակից հարձակվողական նշանակության զինատեսակներով ու կան բազում փաստեր, որ հենց դրանք են ամենաշատ վնասը հասցնում Արցախի խաղաղ բնակավայրերին, քաղաքացիական ենթակառույցներին ու խաղաղ բնակիչներին։ Ցավալի է, որ իսրայելցի մտավորականները դիմեցին՝ սառեցնելու մատակարարումները, բայց Իսրայելի դատախազությունը մերժեց՝ եզրափակեց փորձագետը։

Back to top button