ԿարևորՀասարակություն

Պաշտպանենք առողջապահական համակարգը Covid-19-ի գրոհից

Վերջին 14 օրերի ընթացքում  Հայաստանում կորոնավիրուսային պատկերը բավականին լարված է։  Օրական արձանագրվող  դեպքերի  բարձր  ցուցանիշները դրա ապացույցն են։

Հոկտեմբերի 8–ին արձանագրվեց  718  նոր դեպք, վերարտադրողական  ցուցանիշն արդեն հասել է 1. 2– է, ինչն  էլ նշանակում է, որ մեկ անձ կարող է վարակել մեկից ավել անձանց, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի  ներհիվանդանոցային վարակների  կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։  

«Եթե համեմատենք սեպտեմբերը  օգոստոսի հետ,  ապա  38 տոկոսով հիվանդացության ցուցանիշի աճ ունենք։ Առավել շատ  հիվանդացություն արձանագրվում է Երևանում, այնուհետև  Շիրակում և Կոտայքում։  Կապված Հայաստանում տեղի ունեցող  իրադարձությունների հետ կտրուկ նվազել է զգոնությունը մարդկանց  շրջանում։ Շատ եմ նկատում դիմակ չկրող մարդկանց»։  

Առողջապահության նախարարության պաշտոնյայի դիտարկմամբ ՝  այս իրավիճակը ևս մեկ ապացույց է,  որ դիմակներ չկրելու պատճառով արձանագրվում է հիվանդացության  կտրուկ  աճ։ Հիվանդացության նվազում արձանագրվել էր հունիսի առաջին շաբաթին, երբ դիմակներ կրելու պարտադիր պահանջը դրվեց;  

« Դրա համար  ևս մեկ անգամ խնդրում եմ, եթե մենք բոլորս ևս մեկ անգամ կարողանանք պահպանել այս անվտանգության կանոնները,  մենք այստեղ թիկունքում կարող ենք ապահովել նաև  հաղթանակ կորոնավիրուսի դեմ   և նաև ապահովել այն ամեն ինչը, ինչ որ պետք է մեր պացիենտների  և զինվորների համար։ Եթե այսպես շարունակվի մենք, իրոք, կկանգնենք առողջապահական  համակարգի գերլարվածության  և  մահճակալային ֆոնդի սղության առաջ, ինչը մեզ այս փուլում, բացարձակապես պետք չէ»։ 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ փոխտնօրեն Պետրոս Մանուկյանի ներկայացրած տվյալների համաձայն էլ  պատկերը մտահոգիչ է։  Վերջին մեկ շաբաթվա ընթացքում  հոսքը բժշկական կենտրոններ ավելի է մեծացել, որոնց մեջ, իհարկե, գերակշռում են ծանր և ծայրահեղ ծանր հիվանդները։ 

«Այսօր հիվանդանոցում ունենք 180 ծանր և 40-45 ծայրահեղ ծանր հիվանդներ։  Իհարկե, միգուցե գերակշռող մասն ավելի բարձր տարիքի են, բայց  նույն ծանրերի և ծայրահեղ ծանրերի մեջ կան  և՛  միջին  տարիքի, և՛ երիտասարդ  տարիքի քաղաքացիներ։ Կան և՛ ուղեկցող հիվանդություններով, և՛ առանց ուղեկցող հիվանդությունների պացիենտներ»։

Չպահպանելով  կանխարգելիչ միջոցառումները՝ կունենանք թվաքանակի  զգալի աճ, որն այս փուլում մեզ ընդհանրապես պետք չէ, ասում է Պետրոս Մանուկյանը։

«Մահճակալային ֆոնդը զբաղված է 90 և ավելի տոկոսով։ Ընդհանուր դրական թեստերի աճին զուգահեռ  գնում է  նաև հիվանդանոցային  բուժման կարիք ունեցողների   թվաքանակի աճը։   Հաշվի առնելով վերջին իրադարձությունները ՝ որևիցե կանխարգելիչ միջոցառում չի իրականացվում»։ 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  բաց նամակով դիմել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսին՝ նշելով, որ երբ աշխարհը պայքարում է  համաշխարհային առողջապահական ճգնաժամի  դեմ, Ադրբեջանի զինված ուժերը  շփման գծի ողջ երկայնքով   լայնածավալ օդային, հրթիռային և ցամաքային գրոհներ են սկսել Լեռնային Ղարաբաղում։ Առողջապահության նախարարը հորդորել է  ԱՀԿ–ին համապատասխան  միջոցներ  ձեռնարկել  Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով մարդասիրական աղետը կասեցնելու և COVID-19- ի երկրորդ ալիքի սրումը կանխելու համար:  Եթե ​​Ադրբեջանի կողմից այս զանգվածային ռազմական ագրեսիան շարունակի թիրախավորել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքները, ապա համաշխարհային հանրային առողջապահական հանրությունը չի կարողանա վիրուսի կործանարար հետևանքներից պաշտպանել բնակչության խոցելի խմբերին: ԱՀԿ հայաստանյան գրասենյակից « Ռադիոլուրին» տեղեկացրին, որ կազմակերպությունն առաջիկա օրերին  կանդրադառնա  այս հարցին։

Back to top button