ԿարևորՔաղաքական

Անկախ պատերազմից` Երևանը հյուրընկալեց ԵԱՏՄ վարչապետերին

Օրերս հայկական լրատվամիջոցները գրեցին, որ Երևան է ժամանել ՌԴ նախագահի աշխատակազմին սպասարկող ինքնաթիռը։ Լուրը հատկապես այս օրերին տարածվեց կայծակնային արագությամբ։ Ավելի ուշ պարզվեց, որ ինքնաթիռով Երևան են ժամանել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքները նախապատրաստող խմբերը։

Նիստն անցկացվեց այսօր՝ Երևանում։ Եվրասիական տնտեսական միության անդամ 5 երկրներից 4-ի կառավարությունների ղեկավարները կառույցի զարգացման ռազմավարության ուղղությունները քննարկում էին այն ընթացքում, երբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին շարունակվում էին ռազմական գործողությունները։

Միջկառավարական խորհրդի նիստը տեղի է ունենում Հայաստանի համար բարդ պայմաններում՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի զորքերը, որոնց աջակցում է Թուրքիան, ռազմական գործողություններ են իրականացնում՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաների բոլոր տեսակները: Դրանք ուղղված են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ»,- նշեց վարչապետը։

«Հատկապես մեծ հարվածներ են հասցվում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին։ Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի առջև։ Մենք այդ գործողությունները գնահատում ենք որպես ադրբեջանա-թուրքական ագրեսիա հայ ժողովրդի դեմ: Մեր ժողովուրդը շատ լուրջ մարտահրավերի առջև է կանգնած: Մեր անվտանգությունը, ազատությունն ու անկախությունը վտանգված են: Մեր քաղաքներն ու գյուղերը գտնվում են հրթիռային և հրետանային անընդհատ կրակի տակ:

Թիրախավորված է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը: Կան բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ: Լուրջ վնաս է հասցվել ենթակառուցվածքին, ավերվել են բնակելի շենքեր: Ամենաշատը տուժել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մարդասիրական աղետի եզրին է: Մեր ժողովրդի դեմ ռազմական գործողություններին մասնակցում է ոչ միայն ադրբեջանական բանակը, որն ուղղորդվում է թուրք ռազմական մասնագետների կողմից: Դրանում ներգրավված են նաև Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկաններ և զինյալներ Սիրիայից»։

Փաշինյանը շեշտեց, որ չնայած բոլոր ջանքերին, հակառակորդը չկարողացավ հասնել նշանակալի հաջողության:

«Մեր ժողովուրդն ավելի միասնական է, քան երբևէ և վճռական է պաշտպանել իր ազատությունն ու անկախությունը։ Մենք հավատարիմ ենք հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ ենք խաղաղ գործընթացի վերսկսմանը՝ համաձայն ԵԱՀԿ համանախագահ երկրների նախագահների և արտգործնախարարների վերջին մի քանի օրերի հայտարարություններին»,– ասաց վարչապետը։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմին անդրադարձավ նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը:

«Ես ցանկանում եմ ցավակցություն հայտնել այս օրերին բոլոր զոհերի և տուժածների հարազատներին և մտերիմներին: Մենք սգում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց հարազատներին այս հակամարտության ընթացքում: Եվ իհարկե, կարևոր է ապահովել բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և անցնել դիվանագիտական ճանապարհով հակամարտության կարգավորմանը: Ռուսաստանը պատրաստ է դրան նպաստել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ»։

Նիստի տնտեսական օրակարգում առանցքայինը կորոնավիրուսի համավարակին վերաբերող հարցերն էին։ Հայաստանը համավարակի պայմաններում շեշտում է ԵԱՏՄ-ում ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ ընդհանուր լուծում գտնելու կարևորությունը, և արձանագրում, որ մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ինտեգրման գործընթացների և երկրների տնտեսությունների վրա։ ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացումը ՀՀ կառավարության կարևորագույն գերակայություններն են:

«Հայաստանը ևս կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ հնարավորինս շուտ հասնելու միության կողմից սահմանված նպատակներին, չնայած Հայաստանի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին»։

Ծրագիրը համատեղ մշակվել է Հայաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ, և կարևոր փուլ է մեր երկրների քաղաքացիների տեղաշարժի արդյունավետ համակարգի ձևավորման համար:

Ըստ վարչապետի՝ Հայաստանը մեծապես կարևորում է նաև էլեկտրոնային առևտրի զարգացումը, որը թվային տնտեսության առանցքային բաղադրիչն է։ Էլեկտրոնային առևտրի լայն ներդրումը, ըստ Փաշինյանի, կարող է ընդլայնել ընկերությունների կարողություններն ու վաճառքի ծավալները, ինչպես նաև ապահովել առևտրաշրջանառության ամբողջական վերահսկողություն:

ՀՀ կառավարությունն այժմ միջոցներ է ձեռնարկվում էլեկտրոնային առևտրի ոլորտի միջազգային մասնակիցներին հայկական շուկա ներգրավելու ուղղությամբ:

Back to top button