ԿարևորՀասարակություն

«Արջի բնի», «Դիմացի սարի», «ԳՌՊ»-ի․ ինչ տրամաբանությամբ են անվանակոչվում փողոցները

Երբևէ մտածե՞լ եք ապրել «Արջի բնի», «Դիմացի սարի»,  կամ «Լենինի»   փողոցում։ Պարզվում է ՝ նման  անվանումներով փողոցներ Հայաստանում  շատ կան։ «Արջի բնի»  փողոցը, օրինակ, Արագածոտնի մարզի Կարմրաշեն  համայնքում է։

Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում էլ գյուղացիները ցանկացել  են և այժմ բնակվում են Նորակառույցների փողոցում։  Գեոմատիկայի կենտրոնի   աշխարհագրական անվանումների աշխատանքային խմբի մասնագետ  Յուրի Վարյանն է պատմում.  «Ժողովուրդն ասել է նորակառույցների փողոց, իրենք էլ վերցրել հասցեագրել են  գույքը։ Թող լինի այդպես, բայց ավագանու որոշում ցույց տվեք, չկա։ Գյուղեր ունենք, որտեղ դեռ թուրքական անուններով փողոցներ կան ․ Գյունեի փողոց, Ձեյվայի փողոց։ Ասեմ, որ  կա նաև Լինինի  փողոց։ Դե գիտեք, որ արձաններ կան գյուղերում։  Վայոց ձորի մարզի Արին գյուղում գնացի տեսա Լենինի մի մեծ արձան` մատն էլ դեպի սարերը։ Հարցրեցի ինչու ՞  է մատը դեպի սարերը,ասացին,որ իրենց հին գյուղն այնտեղ է։ Լենին դրել են ու ասել՝ նայի այնտեղ»,- ասում է։

Գեոմատիկայի  կենտրոնում  վստահեցնում են՝ գյուղերում փողոցների հին ու ոչ բարեհունչ անվանումներից հեշ չեն հրաժարվում։ Ընդդիմացողներ` որքան ուզեք.  «Շատ վեճերի մեջ ենք լինում։ Իհարկե, ոչ բոլոր գյուղապետերը, բայց մեծ մասը` 20-30 տարվա գյուղապետ են, պալիտբյուրո են։ Մարդու հետ խոսում ես, չես կարողանում մի բան բացատրել։ Չի ուզում ընդունի, ոչ էլ ուզում է ընդունել, որ սխալ է։ Չի ընդունում ու վերջ, այդպես է սովորել ու վերջ։ Հինգ հարկանի շենքերի փողոցի անվանման համար մեզ հետ կռիվ են  տալիս։ Դրան էլ կհամաձայնեինք, եթե լիներ ավագանու որոշում, եթե լիներ անգամ «պոպոքի ծառի փողոց» , դրան էլ կհամաձայնեինք, միայն թե որոշում լիներ, բայց չկար»։

Ոչ բարեհունչ անուններն ու վեճերն այնքան շատ են, որ Գեոմատիկայի կենտրոնի աշխարհագրական անվանումների աշխատանքային խմբի անդամները լրացնում են մեկը մյուսին։ Վարդանուշ Թովմասյանն էր, աշխարհագրական անվանումների բաժնում  գլխավոր  մասնագետ է աշխատում։ 

Պարզվում է՝ կան կոնկերտ ու հստակ  պահանջներ, որոնք դրվում են փողոցների անունների ընտրության ժամանակ։ Դե իսկ ավագանիում համաձայնությունն էլ պարտադիր է։ Ինձ հետաքրքում էր` կարո՞ղ է որևէ փողոց իմ անունով  կոչվել ․ «Ոչ, ձեր անունով փողոց  չի կարող լինել, քանի որ դուք երիտասարդ եք ու մահացած չեք։ Օրենքում հստակ գրված է, որ պետք է հինգ տարի մահացած լինի, վաստակ ունենա։ Օրինակ բերեմ, Գառնիից  եկան ու ասացին, որ ուզում են  Կամոյի փողոցը անվանակոչել Վահագնի անունով։ Մտածեցի շատ լավ է, Վահագնը հեթանոսական աստված է, տաճարն էլ Գառնիում է։ Հետո պարզվեց, որ Վահագնը կոնկրետ մարդ է,  բարերար, որը գյուղապետարանի դիմաց  120 մետր ասֆալտապատում էր արել»։ 

Կենտրոնում փնտրել ու վաստակը գտել են, պարզվել է, որ բարերարն էլ  արդեն 5 տարի է, ինչ մահացած է, ուստի համաձայնությունը տվել են։ Հատկապես վերջին շրջանում փողոցների մեծ մասը նաև զոհված  ազատամարտիկների, հերոսների անուններով են կոչում։ Նրանց վաստակը մեծ է  հատկապես երկրի նկատմամբ, ու առանց  քննարկման համաձայնությունը  տրվում է։ Աշխատանքային անվանումների աշխատանքային խմբի աշխատասենյակում քարտեզներ  են, ավագանիների որոշումներ ու  փաստաթղթեր։ Հասցեների, փողոցների, նրբանցքների անվանումների ու տեղադիրքի  ճշգրտման  գորընթաց են սկսել ։  Հենց  ոչ ճիշտ հասցեներն էին հիմնական, այսպես ասենք, մեղավորը, որ ինքնամեկուսացվածների հասցեները ցույց էր տալիս  զավեշտի հասնող   վայրերում ՝ բժշկական կենտրոնից մինչև  գերեզանոց։

Գեոմատիկայի կենտրոնի ղեկավար Վահագն Մուրադյանն է պատմում․ «Այդ քարտեզը ցույց տվեց մի շատ կարևոր բաց․ հասցեների ճշգրտման խնդիրն է։ Շատ հաճախ վիրուսով հիվանդի տեղադիրքը ցույց է տալիս այնպիսի վայրում, որն անհնար է՝  դաշտում կամ գերեզմանոցում։ Իրոք։  հասցեների ու կոորդինատների ճշգրտման խնդիր կա, այս պահին մենք նման աշխատանք են  անում»։      Կստեղծեն էլեկտրոնային քարտեզ՝ հասցեների բազայով։ Այս դեպքում արդեն համավարակից հետո էլ որևէ ապրող մարդու  հասցեն ու փողոցը  գերեզմանատունը չի լինի։

Back to top button