ԿարևորՀասարակություն

Առողջապահության նախարարությունը հերքում է հերթական ապատեղեկատվությունը

ՀՀ առոջապահաություն նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվություն առ այն, թե «դպրոցում դիմակակրության պահանջի և մյուս սահմանափակումների ապօրինի լինելն այլևս հաստատված է դատարանի որոշմամբ» և, որ «սկսած սեպտեմբեր 15-ից դպրոցներում կիրառվող սահմանափակումներն ապօրինի են և ոչ ոք իրավասու չէ այդ կարգը երեխաներին և ուսուցիչներին պարտադրել»։

Նախարարության տարածած հաղորդագրությունում ասվում է. «Հարկ է նշել, որ տվյալ դիտարկումներն ապատեղեկատվություն են, մոլորության մեջ են գցում քաղաքացիներին, չունեն ոչ մի իրավական հիմք, և չեն վերաբերում դպրոցներում իրականացվող սահմանափակումներին, քանի որ սահմանափակումները կիրառվում են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին»  N 1514-Ն որոշումը (դպրոցների մասով, հավելվածի 20-րդ կետի հիման վրա) և ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատելու մասին»  N 23-Ն հրամանը։

Այնուամենայնիվ, հեղինակին՝ որպես փաստաբան և իրավաբան, պետք է հայտնի լիներ, որ նշված ուղեցույցը չի էլ հանդիսացել նորմատիվ իրավական ակտ, և այն «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքին հակասելու մասով վիճարկելը առարկայազուրկ է:

Հարկ է ևս մեկ անգամ նշել, որ  Հայաստանում դպրոցներում դիմակ կրելու որոշումը կայացվել է՝ ուսումնասիրելով միջազգային փորձը և հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները և հաշվի առնելով երկրում առկա համաճարակային իրավիճակը։

Հարգելի քաղաքացիներ, ծնողներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում չտրվել ապատեղեկատվությանը և հաշվի առնել, որ մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության համաճարակի ընթացքում և բոլորիս առանցքային նպատակը պետք է լինի երեխաների պաշտպանությունն ու այդ ճանապարհով նաև մեր ծնողների, տատիկ-պապիկների առողջության պահպանումը» ։

Back to top button