ԿարևորՀասարակություն

ՎԶԵԲ–ը հեռանում է Ամուլսարից՝ թողնելով մնացած խնդիրները

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ ՎԶԵԲ–ը, դադարեցնում է ներդրումը Ամուլսարի ծրագրում և հրաժարվում «Լիդիան» ընկերության բաժնետոմսերից։ Այս տեղեկությունը տարածվում է երեկվանից՝ opendemocracy.net կայքում հրապարակված հոդվածից հետո։

Հոդվածի համաձայն՝ լուրերը, որ Եվրոպական բանկը պետք է դադարեցնի ներդրումները, հայտնվել են բողոքի նոր ալիքներից հետո, երբ «Լիդիան» ընկերությունը վարձել էր նոր պահնորդական ծառայություն և հեռացրել էր տարածքում տեղակայված բնապահպան ակտիվիստների տնակները, ինչը լուրջ առճակատման պատճառ դարձավ։

ՎԶԵԲ–ի հեռանալը ընկերությունից և ծրագրից նորություն չէ՝ մեզ հետ զրույցում նշեց «Լիդիան Արմենիայի» իրավաբանական բաժնի ղեկավար Խորեն Նասիբյանը։ Այս որոշումը կայացվել է վաղուց և որևէ առնչություն չունի ոչ պահնորդական նոր ծառայության վերջին գործողությունների, ոչ էլ՝ վերջին ընդվզումների հետ։

«Լիդիան»–ի ներկայացուցիչը փոխանցում է խնդրի տարբերակը․

Փետրվարին «Լիդիան» ընկերությունը Տորոնտոյի բորսայում վերակազմավորվել է, ինչը միայն ու միայն արդյունք է ապօրինությունների, որ «Լիդիան»–ը չի կարողացել ամբողջապես որպես տնտեսվարող սուբյեկտ իրականացնել գործառույթները, իր ստանձնած պարտավորությունները տարբեր կառույցների հանդեպ։ Այս պահին ինչպես ՎԶԵԲ–ը, այնպես էլ բազմաթիվ այլ ու այլ բաժնետերեր դադարեցվել է նրանց մասով «Լիդիան»–ի բաժնետեր հանդիսանալը։

Շա՞տ ընկերություններ են ՎԶԵԲ–ի օրինակին դիմել։

Ընկերությունների մասով հստակ տեղեկություն չեմ կարող հայտնել, բայց կարող եմ ասել, որ «Լիդիան»–ը ունեցել է 750 միլիոն հասանելի բաժնետոմս։ Միայն այս մասով պատկերացրեք՝ որքան կարող են լինել բաժնետերերը և ունեցել է մի խումբ քիչ թե շատ որոշակիություն ունեցող բաժնետոմսերով մասնակիցներ, բաժնետերեր, որոնց թվում է եղել նաև ՎԶԵԲ–ը։

ՎԶԵԲ–ի այս քայլը ի՞նչ ազդեցություն կարող է թողնել «Լիդիան»–ի հետագա աշխատանքի վրա։

Ես չեմ կարծում, որ «Լիդիան»–ի հետագա աշխատանքի վրա դա որևէ բացասական հետևանք կարող է թողնել։ Սա կարող է ընդամենը Հայաստանի ներդրումային վարկանիշի վրա ունենալ ազդեցություն։

ՎԶԵԲ-ը 2009-ից Ամուլսարում ֆինանսավորել է երկրաբանահետախուզական աշխատանքները, հորատման և տեխնիկատնտեսական հիմնավորումները, ինչպես նաև «Լիդիանի» կողմից իրականացվող բնապահպանական և սոցիալական հետևանքների մեղմացման միջոցառումները։ «Բանկը քաղաքացիական հասարակության խմբերի կողմից քննադատության է ենթարկվում «Լիդիան» ընկերությանն աջակցելու համար»,– գրել է երեկ հրապարակված հոդվածի հեղինակ Թոմաս Ռոուլին։  

«Լիդիան»–ի և բնապահան–ակտիվիստների ու տարածքի բնակիչների միջև մեկ շաբաթ առաջ սկսված առճակատման մասնակիցներին որևէ կոչով կամ գնահատակով դեռ չի անդրադարձել կառավարությունը։ Տեղում՝ պետական մարմիններից գործել է միայն ոստիկանությունը։

Այս իրադարձություններից հետո միայն երեկ Աժ–ում խնդրին անդրադարձավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը․

«Խնդիրը բազմաթիվ շերտեր ուներ և կարծում եմ մեր նախկին արված հայտարարությունները ուժի մեջ են։ Ընդհանուր առմամբ` բոլոր հարցերը, որոնք հետագայում կքննարկվեն թե ՇՄԱԳ–ի հետ կապված, թե պահնորդական ծառայության լիցենզիայի զրկման հետ կապված, դրանք համապատասխանաբար օրենքի և կառավարության համապատասխան որոշումների ընթացակարգերով պետք է իրականացվեն։ Եթե ՇՄԱԳ–ը չի համապատասխանել այն պայմաններին, որոնցով պետք է անցներ, ՇՄԱԳ–ը պետք է չեղարկվի։ Եթե համապատասխանել է՝ խնդիր չկա։ Եթե լիցենզիայից զրկելու հիմքեր կան՝ համապատասխան գերատեսչությունը պետք է դա անի, եթե ներկայացվեն այդ հիմքերը՝ խնդրեմ, միանշանակ դա կարվի», -ասաց Ավինյանը։

2019- ի մարտին «Լիդիան»–ը տեղեկացրել էր Հայաստանի կառավարությանը միջազգային արբիտրաժ դիմելու մտադրությունների մասին։ Այն ժամանակվանից բնապահպան, փաստաբան Նազելի Վարդանյանը պնդում էր՝ օֆշորում գրանցված ընկերությունը այդ իրավունքից օգտվելու իրավունք չունի։ Օրեր առաջ հրահրված առճակառման հիմքում նա նոր միտում է տեսնում։

«Այն ժամանակ՝ 2018–ի օգոստոսին, երբ արդեն ճանապարհները փակ էին, իրենք ստեղծեցին երկու կազմակերպություն։ Մեկը Լոնդոնում գրանցեցին «Լիդիան»–ի դուստր կազմակերպություն և մյուսը՝ Տորոնտոյում։ Այդ երկու կազմակերպությունը հայտ են ներկայացրել ՀՀ կառավարությանը միջազգային արբիտրաժ դիմելու համար։ Այսինքն՝ ստեղծել են ազգային կառույցներ, ոչ թե օֆշորում գրանցված ընկերություններ, որոնք հայտ են ներկայացրել», -ասաց փաստաբանը։  

Նա համոզված է, որ ընկերության դիրքերը այստեղ նույնպես թույլ են։ Նորաստեղծ կազմակերպությունները փակ ճանապարհների պայմաններում Ամուլսարում կատարած ներդրումների փաստեր արբիտրաժին չեն կարող ներկայացնել, նաև իրավահաջորդ չեն իրենց գոյություն չունեցած ժամանակ կատարած ներդրումների համար։ Նազելի Վարդանյանի համոզմամբ՝ սա է ընկած վերջին զարգացումների հիմքում՝ ընկերությունը փորձում է ինչ- որ բան անել տարածքում՝ ինչ–որ բան արբիտրաժում ցույց տալու համար։

Ակտիվիստներն արդեն խոսում են ոչ միայն բնապահպանական, այլև՝ ազգային անվտանգության խնդիրների մասին։ Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյան․

«Կանադայի դատարանի այդ փաստաթղթերից պարզաբանվեց ևս մեկ փաստ, որ իրենք ունեն ամենաքիչը 40–ից ավելի Թուրքիայի քաղաքացիներ, որոնք ունեն բավականին լուրջ բաժնետոմսեր այդ ընկերությունում։ Ունեցել են համենայնդեպս մինչև իրենց այս սնանկացումը։ Պարզվում է, իրենք չեն խորշել այս ընթացքում թուրք քաղաքացիներից ներդրումներ ունենալ և նրանց բաժնետոմսերը նորմալ համարել։ Հասկանո՞ւմ եք՝ էթիկական և բարոյական շատ հարցեր կան, որ պետք է քննվի և բերվի դաշտ»,- նշեց Գալստյանը։

Ամուլսարի իրական վտանգը, ըստ բնապահպանների, այդ տարածքում ուրանի, սնդիկի և այլ վտանգավոր նյութերի մեծ պաշարն է։

Back to top button