ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուս. սիրիահայ համայնքն էլ ունի անհապաղ աջակցության կարիքի

Նոր կորոնավիրուսի աշխարհավարակը բավականին ծանր կացություն է ստեղծել Սիրիայում։ Իրավիճակը մտահոգիչ է հատկապես հայաշատ Հալեպում։ Մտահոգիչ են նաեւ Ղամիշլիից ստացվող տեղեկությունները։ Սիրիահայ համայնքի ծանր իրավիճակի մասին ահազանգ է հնչեցրել Սիրիայի «Գանձասար» հայկական թերթի խմբագիր Զարմինե Չիլապոշյան-Պողիկյանը։

Կանադայի «Տորոնտահայ» առցանց լրատվամիջոցի հետ զրույցում ներկայացնելով սիրիահայ համայնքում տօրող վիճակը՝ նա շեշտել է, որ համայնքն անելանելի վիճակում է հայտնվել եւ ունի անհապաղ օգնության կարիք։ «Ռադիոլուրը» սիրիահայ համայնքի մասին տեղեկություններ է փորձել ստանալ նաեւ այլ աղբյուրներից։

Հալեպում խիստ մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել՝ համավարաակով պայմանավորված։ Համավարակի արագ տարածման համար խիստ նպաստավոր պայմաններ են ստեղծել նաեւ տնտեսական ճգնաժամն ու շրջափակումը։

«Տորոնտահայ» առցանց լրատվականի հետ զրույցում սիրիահայ համայնքի անմխիթար վիճակի մասին նկարագրել է Սիրիայի «Գանձասար» հայկական թերթի խմբագիր Զարմինե Պողիկյանը։ Մտահոգիչ վիճակ է նաեւ հայ համայնքի շրջանում՝ հայտնել է նա, ապա տեղեկացրել, որ համավարակը հսկայական տարածում է ստացել եւ երիտասարդ կյանքեր է խլում։

«Հալեպի պարագայում, եթե խոսեմ, ապա պիտի ասեմ, որ մտահոգիչ մակարդակով է տարածված վարակը։ Ոմանք, մանավանդ երիտասարդները, որ առողջական խնդիրներ չունեն, թեթեւ են անցկացնում, քանի որ դիմադրողականությունն ուժեղ է։ Սակայն նրանք, ովքեր ունեն առողջական խնդիրներ, դժբախտաբար շատ շուտ հանգչում են այս հիվանդության դիմաց։ Անցնող շաբաթ մենք մեր նեղ շրջանակում շատ կորուստներ ունեցանք»,- ասում է Զարմինե Պողիկյանը։

Սիրիայից հայրենադարձ Նաիրի Մկրտիչյանը, որ Հայաստանում հիմնել եւ ղեկավարում է «Հայկաշխարհ» կայքը եւ մշտական կապ է պահում սիրիահայ համայնքի հետ, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում անդրադառնալով սիրիահայ համայնքում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված խիստ մտահոգիչ վիճակին, հայտնեց, որ վիճակն ավելի քան ճգնաժամային է։

«Վիճակն ավելի քան ճգնաժամային է՝ անհրաժեշտ դեղամիջոցների չգոյության եւ համաճարագի արագ տարածման պատճառով։ Երկիրը շրջափակման մեջ է, դեղ ճարելու դժվարություն կա։ Գրեթե գոյություն չունեն դեղեր։ Խոսքը սովորական դեղերի մասին է՝ ջերմիջեցնող, կենսանյութեր, որոնք  դիմադրողականությունն են բարձրացնում եւ ավելի հեշտ վարակը դիմագրավելու հնարավորություն տալիս։ Հիվանդանոցները նույնպես անմխիթար վիճակում են։ Նույնիսկ երբեմն հիվանդին չեն ընդունում, քանի որ հիվանդացածների թիվը շատ մեծ է։ Չկան անհրաժեշտ շմչառական գործիքներ՝ հիվանդին նախնական օգնություն ցուցաբերելու համար։ Շատերի խոսքով՝ ներկա իրավիճակը շատ ավելի ծանր է, քան պատերազմը»,- նշում է Նաիրի Մկրտիչյանը։

Նաիրի Մկրտիչյանն ասում է, որ շրջափակմամբ եւ տնտեսական ճգնաժամի ազդեցությամբ խիստ վատթարացած համաճարակային պայմանների պատճառով կասեցված են համայնքային բոլոր նախաձեռնություններն ու ժողովները։ Նրա փոխանցմամբ՝ սիրիահայ համայնքային պատասխանատու մարմինները կոչով դիմում են համայնքի ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս հնարավորինս մնան տանը եւ պահպանեն հակահամաճարակային կանոնները։  

Հիվանդանոցների ընդունելության խիստ սահմանափակ լինելու մասին զգուշացրել է նաեւ Սիրիայի «Գանձազար» հայկական թերթի խմբագիր Զարմինե Պողիկյանը։ Նա նկատում է, որ Սիրիայում տնտեսական ճգնաժամը համավարակի համար է՛լ ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծել։

«Արեւմտյան երկրներն անողոքաբար տնտեսական շրջափակման մեջ են պահում երկիրը նույնիսկ այս համաճարակի պայմաններում։ Սա ամենաանմարդկային արարքն է, որ զարգացած երկրների կողմից դժբախտաբար դրսեւորվում  է մի ժողովրդի նկատմամբ, որն արդեն պատերազմի 10 տարիների տառապանքից հյուծված ու հոգնած տնտեսական ահավոր դժվարությունների մեջ է հայտնվել ու հիմա էլ համաճարակն է դիմագրավում»,- ասում է Պողիկյանը։   

Նյութական ծանր վիճակում ապրող համայնքի շատ ներկայացուցիչների համար լավ սնունդը հասանելի չէ, շրջափակման պատճառով կա դեղորայքի պակաս։ Զարմիկ Պողիկեանն ասում է, որ հայ համայնքում փորձ է արվում անել հնարավորը՝ վտանգը նվազագույնի հասցնելու համար, սակայն, քանի դեռ  տնտեսական ճգնաժամը շարունակվում է, մարդիկ էլ ստիված են դուրս գալ՝ ապրուստի միջոցներ հայթայթելու համար։ Նա նշում է, որ համայնքն անելանելի վիճակում է եւ սփյուռքահայ այլ համայնքների օժանդակության խիստ անհրաժեշտությունն ունի, որպեսզի այդ դժվար պայմանները կարողանա հաղթահարել։  

Back to top button