ԿարևորՀասարակություն

«Թռչեի մտքով Բեյրութ»․ֆիզիկապես Երևանում, մտքով՝ տանը

Հեղինակ՝ Աննա Հարությունյան

Նառա Մարկոսյանը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո արդեն մի քանի օր է հեռաձայնը ձեռքից չի դնում:

«Աղջիկս ինձ հեռաձայնեց, ասաց… ես լուր չունեի ու անընդհատ բացականչում էի… ի՞նչ ես ասում, ի՞նչ ես ասում… Միայն զանգում եմ՝ տեսնեմ ինչպես են ծանոթներս,  բարեկամներս, որովհետև մեծ շրջապատ ունեմ այնտեղ»։

Տիկին Մարկոսյանը դաշնամուրի ուսուցչուհի է. շուրջ 4 տասնամյակ Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում է ապրել ու աշխատել։ Հայաստան մշտական բնակության համար վերադարձել է անցյալ տարի:

«Ֆիզիկապես այստեղ եմ, բայց հոգով-սրտով այնտեղ եմ, ես առանց տեսնելու անմիջապես պատկերացրի, ինչ է կատարվում, որովհետև պատերազմի ժամանակ այդ ամենը տեսել եմ։ Բայց սա ավելի անհավանական է… չգիտեմ նկարագրելու չի, նայում եմ ու տեսնում եմ` ում խանութն է, ինչ է, շատերը արդեն տուն էլ չունեն, իմ տունն էլ ամբողջովին ավերված է։ Հարևաններն ասացին, որ ամեն ինչ փշրվել է, նրանք էլ դուռը մեխել են, որ գոնե չբացվի»,- պատմում է Նառա Մարկոսյանը:

Նա հպարտությամբ հիշում է, որ լիբանանահայերը միշտ օգնել են Հայաստանին ու հայկական սփյուռքին և հույս ունի, որ հիմա Լիբանանին ձեռք մեկնողները շատ կլինեն։ Իսկ օգնություն հայրենիքը պատրաստվում է հատկացնել։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ` տեղում հայ համայնքի կարիքներին ծանոթանալու համար:

Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ օգնության չափը, տեսակը վերջնական ու ամբողջական ճշտելու նպատակով: Ամենայն հավանականությամբ, թռիչքը կլինի շաբաթ օրը: Զարեհ Սինանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օգնությունը ուղղված չէ միայն Լիբանանի հայ համայնքին, այլ Լիբանանի եղբայրական ժողովրդին:

«Օգնությունը հիմնված է այն ցուցակների վրա, որոնք Լիբանանից ուղարկել են Հայաստանի կառավարությանը: Մեկնում ենք, որպեսզի հայ համայնքի կողքին լինենք և, որ ամենակարևորն է, հենց տեղում տեսնենք, թե ինչպիսինն է դրությունը, հասկանանք` կա՞ն հայեր, որ ցանկանում են գալ Հայաստան, թե՞ ոչ, և քանի մարդ: Հենց այդ նպատակով էլ մեկնում ենք»,- նշեց Սինանյանը։

Նառա Մարկոսյանը հուզմունքով ու լավատեսությամբ սպասում է, որ այստեղ շուտով կտեսնի իր հարազատներին։  Վստահ է` պայքարող ու շինարար լիբանանցիներն ու լիբանահայերը նորից կառուցելու են իրենց երկիրը, ինչպես արել են բազում անգամներ:

«Պատերազմ տեսան, վերականգնվեցին, անընդհատ ստեղծում են և կորցնում, գոնե մտածում եմ, որ գան Հայաստանում հանգիստ ապրեն․․․ խոսում եմ այս մասին, հուզվում եմ… ախր ինչի՞ համար… ես իրանց շատ սիրում եմ ու շատ ցավում եմ․․․ կներեք հուզվում եմ․․․»։

Back to top button