ԿարևորՀասարակություն

Փոփոխություններ՝ հակաճգնաժամային առաջին ծրագրում

Կառավարությունը փոփոխություններ է կատարել հակաճգնաժամային առաջին միջոցառման մեջ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստում նշել է,  որ տրանսֆորմացիայի է ենթարկվել այն կետը, որի նպատակը ներդրումների խթանումն է, սակայն գործարար համայնքը բավարար չափով իրազեկված չէ դրա մասին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է,  որ  հունիսի 20-ից ուժի մեջ է մտել մեկ կանոն, որը նրա խոսքով, ռազմավարական է: Կանոնադրական կապիտալի համալրման դեպքում սուբսիդավորվող վարկերի ժամկետը երկարաձգվում է։ Կորոնավիրուսից ամենաշատը տուժած ոլորտներում աշխատող տնտեսվարողները հիմնականում հենց  կարճ   ժամկետով տրամադրվող վարկերից են դժգոհում։

119 օր. կորոնավիրուսի արագ զարգացման հետ միասին արագորեն փոխվում են նաեւ դրանով պայմանավորված ճգնաժամի մարտահրավերները, ու դրանց արձագանքելու անհրաժեշտություն առաջանում։

Հակաճգնաժամային  առաջին ծրագրի ընդունումից 119 օր հետո կառավարությունը կրկին վերադառնում է՝ փոփոխություններ անելով։ Ռազմավարական փոփոխություն՝ ասում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը․

«Մինչև օրս մեր սուբսիդավորման գործիքն աշխատում էր հետևյալ տրամաբանությամբ` մինչև 250 մլն դրամ վարկային ռեսուրսները սուբսիդավորվում էին մինչև 1 տարի ժամկետով: Մենք ուժի մեջ ենք մտցրել հետևյալ սահմանումը, որ եթե ձեռնարկությունը, տնտեսավարողը 50 մլն դրամի չափով կանոնադրական կապիտալի համալրում է իրականացրել կամ կիրականացնի 2020 թվականի ընթացքում, ապա նա հնարավորություն կստանա հավելյալ սուբսիդավորվել 400 մլն դրամի չափով և 36 ամիս ժամկետով, որը շատ էական է: Այն էական արտոնյալ հնարավորություն է: Եթե համալրումն իրականացվել է 100 մլն դրամի չափով, ապա տնտեսավարողը հնարավորություն ունի ստանալ 500 մլն դրամին համարժեք սուբսիդավորում` 48 ամսվա համար»,- նշում է փոխվարչապետը:

Նա հաշվարկներն է ներկայացնում․ այս դեպքում տնտեսավարողի տարեկան խնայողությունը 500 մլն դրամի սուբսիդիայի մասով, ըստ էության, իր 1-2 տարվա շահույթն է, որը կարող է ներդնել կանոնադրական կապիտալում։

«Այս պահի դրությամբ այս կանոնով մեկ հայտ բավարարվել է, ևս երկու հայտ քննարկման փուլում է: Անդրադառնալով հարկային բարեփոխումներին՝ փոխվարչապետն ասաց, որ տնտեսության մեջ շուրջ 64 մլրդ դրամի շրջանառություն է մնացել»,- ասում է փոխվարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ տրանսֆորմացիայի է ենթարկվել այն կետը, որի նպատակը ներդրումների խթանումն է։ 

Փոքր ու միջին բիզնեսին նույնպես անհանգստացնում են տրամադրվող   վարկերի ժամկետները։ ՓՄՁ ասոցիացիայի  նախագահ Ռուբեն Օսպիյանը,  ընդհանրացնելով բիզնեսին  տրամադրվող  աջակցության ծրագրերը, նշում է՝  վարկերն ու տրամադրվող դրամաշնորհները այնքան էլ արդյունավետ  գործիք չեն․

«Դրամաշնորհը և վարկը լավագույն դեպքում պարզապես ժամանակ են տալիս տվյալ ընկերությանը, որպեսզի ընկերությունը կարողանա շնչի ու տեսնի՝ ինչ է անում. դու շնչում ես, իրականում նստում ես փոխառության ասեղի վրա, վաղը, մյուս օրը պետք է այդ գումարը վերադարձնես։  Դրա փոխարեն ավելի լավ կլիներ, իմ կարծիքով, պետական գնումների տեսքով աջակցություն իրականցնելը։ Ես գիտակցում եմ, որ պետական գնումների մեխանիզմը մեղմ ասած լավը չէ, սա կարող էր լավ առիթ լինել համակարգը ռադիկալ կերպով վերանայելու և պետական գնումների տեսքով պատվերներ իջեցնելու համար»,- ասում է ՓՄՁ ասոցիացիայի  նախագահը։ 

Նա կոնկրետ օրինակ ունի․ թեթև արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններից  մեկը  չի կարողացել օգտվել աջակցության ծրագրերից․ հարկային չվճարված պարտավորություններ ունի։ Աջակցության ծրագրերից  օգտվելու պարտադիր պայման է բարվոք հարկային ու վարկային պատմություն ունենալը․

«Միաժանակ այդ ընկերությունը որպես ատադրող ընկերություն կարող էր պետական հիվանդանոցների համար խալաթներ արտադրել, բանակի համար՝ անկողնային պարագաներ։ Պետությունն այսպես, թե այնպես  գումարները ծախսում է, պատվերներ անում է, բայց կարողանար ուղղվեր դեպի տեղական արտադրողի և իրենք ստանային կանխատեսելի եկամուտ։ Խոսքը միայն տեքստիլի մասին չէ, այլ ծառայությունների մատուցման ոլորտին, ՏՏ-ին կարելի է պատվերներ իջեցնել»։          

Ռեստորանների հայկական միության  գործադիր տնօրեն Վահե Գևորգյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝  տրամադրվող վարկի ժամանակը  կարճ է, գումարը՝ քիչ։ 

«Աջակության երրորդ ծրագրով տրամադավում էր տարեկան շրջանառության 10 տոկոսը, 100 մլն դրամ շրջանառություն ունեցողի համար 10 մլն դամը լուրջ ազդեցություն չէր կարող ունենալ խնդիրների լուծման համար։ 10 մլն դրամը առավելագույնն էր, այնպես չէ, որ բոլորինը 10 մլն դրամ հաստատում էին»,- նշում է Գևորգյանը։ 

Ոլորտի ներկայացուցիչները  կառավարությունից  ակնկալում են    դրամաշնորհ կամ երկարաժամկետ՝ մինչև 5 տարի  ժամանակով արտոնյալ պայմաններով վարկեր։

Բիզնեսին աջակցելու համար նաև հարկային փոփոխություններ են կատարվել, ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հիշեցնում՝   համավարկի հենց սկզբից հայտարարեցին, որ վարկային արձակուրդ  չեն տրամադրելու, սակայն, հարկային փոփոխոթյուններով աջակցում են բիզնեսին։ Ամենակարևորներից մեկը՝ շահութահարկի կանխավճար իրականացվում է ոչ թե նախորդ տարվա շահութահարկից, այլ՝ ընթացիկ եռամսյակների շրջանառությունից։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սա ռազմավարական փոփոխություն է համարում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրում է․ «Մեր քաղաքականության արդյունքում մշտական բարեփոխումներ իրականացրեցինք  հարկային համակարգւմ, որը գործելու է  նաև ճգնաժամից դուրս, նաև էականորեն բարելավելու է գործարար միջավայրը»։

Ընդհանրապես,  փորձագետներն ասում են, որ համավարակի դեմ պատերազմում կհաղթեն նորարարությունը, կրեատիվությունն ու արագ կողմնորոշվելու հատկություն ունեցողները։      

Back to top button