ԿարևորՀասարակություն

Ճանապարհաշինական ծրագրերը չեն դանդաղի. 251 կմ կհիմնանորոգվի, 87 կմ կվերականգնվի

Ճանապարհաշինական ծրագրերը չեն դանդաղի. 251 կմ հիմնանորոգված եւ 87 կմ վերականգնված ճանապարհ՝ մինչեւ տարեվերջ

Տարեվերջին Հայաստանը կունենա 251 կմ հիմնանորոգված եւ 87 կմ վերականգնված ճանապարհներ: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:  

Կորոնավիրուսային իրավիճակը ճանապարհաշինական ծրագրերը չի կասեցնի կամ դանդաղեցնի՝ վերահաստատել է փոխնախարարը: Ոլորտը կառավարության համար առաջնայիններից է եւ նաեւ համավարակով պայմանավորված՝ սոցիալական ճգնաժամի հաղթահարման նշանակություն ունի:

Ճանապարահաշինական ոլորտը կառավարության գերակա ուղղություններից է: Հաշվի առնելով նաեւ համավարակով պայմանավորված իրավիճակը՝ մի քանի անգամ մատնանշվել են այն գործողություններն ու միջոցառումները, որոնք պետք է ներդրվեն՝ ծրագրերը լիարժեք ու ժամանակին իրականացնելու համար: Հիմա ամենաեռուն շրջանում ենք: Վերլուծություններ դեռ կարվեն, այդ թվում այն մասով, թե որքանով են աշխատանքներում ներգրավվել արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիները՝ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը․

«Պետք է արձանագրենք, որ այսպիսի բալանսավորված մոտեցումը հնարավորություն է տալիս իրականացնել այն պլանները, որոնք մենք նախանշել ենք մեզ համար: Որեւէ ծրագիր չի դադարեցվել, թեեւ՝ որոշ գյուղերում, որտեղ եղել են մուտքերի սահմանափակումներ եւ այլն, այդ կարճ ժամանակահատվածում որոշակի կասեցումն եր եղել են՝ պարետի որոշումներով զուտ այդ տարածքի սահմանափակումներով պայմանավորված:  Մեծ հաշվով՝ ծրագրերի դադարեցումներ եւ խնդիրներ չունենք արձանագրված»,- ասաց Ղալեչյանը

Փոխնախարարը տեղեկացրեց, որ ճանապարհաշինական ծրագրերն իրականացվում են 10 մարզերում: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է սահմանամերձ տարածքների ճանապարհաշինությունը:

 «Որովոհետեւ ճանապարհաշինությունը միայն ենթակառուցվածքային զարգացման ծրագիր չէ: Այն նաեւ հանգեցնում է  աշխատատեղերի ստեղծմանը, սոցիալական խնդիրների լուծմանը, ուստի՝ ամբողջական պլանում դա նաեւ կարեւոր է այդ ենթատեքստում»,- նշեց փոխնախարարը:  

Այդ միտումն ու քաղաքականությունը շարունակական է լինելու նաեւ հաջորդող տարիների համար՝ հավելեց փոխնախարարը:  

Պետական նշանակության ավտոճանապարհնրի հիմնանորոգման ծրագրի իրականացման նպատակով 2020 թվականի պետական բյուջեի միջոցներից տրամադրվել է շուրջ 21,6 մլրդ դրամ 10 մարզերում՝ շուրջ 251,6 կմ ընդհանուր երկարության ճանապարհահատվածների եւ թվով 8 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նպատակով: Սրան զուգահեռ իրականացման փուլում են գտնվում շուրջ 31 կմ երկարությամբ ճանապարհահատվածները, որոնց աշխատանքները չեն ավարտվել 2019 թվականին:    

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը տեղեկացրեց, որ այս պահին 2020 թվականի ճանապարհաշինարարական աշխատանքների համար ամբողջությամբ ավարտվել են մրցույթները եւ կապալառուների հետ կնքվել են համապատասխան պայմանագրերը:

«Ամբողջ ծավալով անցել ենք շինարարության մեկնարկի փուլ: Մոբիլիզացվել են շինարարական ընկերությունները: Առջեւում մեզ սպասվում են մեծածավալ շինարարական աշխատանքները՝ նախանշված բոլոր ծրագրերով, որոնք վկայակոչեցի»,-նկատեց Ղալեչյանը:

Այս տարի նաեւ կիրականացվեն շուրջ 87 կմ միջին նորոգման աշխատանքներ՝ փոխանցեց Քրիստինե Ղալեչյանը: 

Կառավարությունը ճանապարհաշինությունն այս տարի հատկապես կարեւորում է այն տեսանկյունից, որ ոլորտը համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամի հետեւանքները վերացնելուն ուղղված նշանակություն եւս ունի: Այս առումով՝ բավականին ջանքեր են ներդրվել, որ բոլոր նախանշված ծրագրերն իրականացվեն լիարժեք ու ժամանակին: Փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը վստահեցնում է, որ որեւէ բան, սակայն, չի արվելու որակի հաշվին, ինչը կառավարության համար սկզբունքային ուղենիշ է:

«Այս տարի եւս լրացուցիչ կարեւորվել է որակի ցուցանիշների պահպանումը եւ ավելի բարձրացումը: Մենք նպատակադրված ենք առհասարակ մեր ներքին կարողությունների, ռեսուրսների, մասնագիտական ունակությունների բարձրացմանն ուղղված լայնածավալ ծրագրեր իրականացնենք»,-ասաց փոխնախարարը:

Պետք է համառորեն գնանք այն նպատակին, որ մի օր, ի վերջո, հնարավորություն ունենանք արձանագրլու, որ Հայաստանում ճանապարհային ցանցը գտնվում է բարեկարգված վիճակում, երթեւեկության համար հարմարավետ եւ  որ ամենակարեւորն է՝ անվտանգ, եզրափակեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:

Back to top button