ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսը Թորոսյանին «չի ստիպի» հրաժարական տալ

Ի՞նչ սխալներ է արել կառավարությունը համավարակի դեմ  պայքարի ընթացքում։ Այս հարցերը խորհրդարանական ընդդիմությունը փորձելու է պարզել քննիչ հանձնաժողովի միջոցով։ Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստան»–ը և «Լուսավոր Հայաստան»–ը, դիմել են ԱԺ նախագահին` ստեղծելու կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ու պարետատան նախաձեռնած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով։ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ քննիչ հանձնաժողովը ստեղծվում է իրավունքի ուժով՝  պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հարցաքննվել է, բայց ոչ համավարակի օրերին ձեռնարկած գործողությունների հետ կապված։ Նախարարն այսօր դատարանում էր իր նախկին տեղակալ Արսեն Դավթյանի՝ կաշառք վերցնելու գործով դատական նիստին՝ վկայի կարգավիճակով ցուցմունք տալու համար։ 

Խորհրդարանական ընդդիմությունը սպասում է, որ նախարարին և ոչ միայն նրան հարցեր տալու իրենց ժամանակն էլ կգա։ Համենայն դեպս այդ հնարավորությունը կունենան ստեղծված քննիչ հանձնաժողովի շրջանակներում։ Իրավունքի ուժով՝ պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդի պահանջով  նման հանձնաժողով ստեղծելու մասին արդեն հայտարարել է Աժ–ի նախագահ Արարատ Միրզոյանը։

 Առողջապահության նախարարը պատրաստ է հանդիպել կորոնավիրուսի կանխարգելման հարցերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների հետ, բայց արդեն այս պահին հայտարարում է՝ կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված վիճակի համար հրաժարական չի տա։

«Ես անձամբ պատրաստ եմ պատասխանել բոլոր անձանց բոլոր հարցերին՝ բացթողումների, սխալների, ինֆորմացիոն անհամաչափության մասին։ Իմ քաղաքական գնահատականն այն է, որ Հայաստանն իր ունեցած ռեսուրսներով և իրավիճակով բավական լավ պայքարել է այս համաշխարհային մարտահրավերի դեմ։ Հայաստանում առնվազն բոլոր կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիները ստանում են պատշաճ բուժօգնություն, ինչը մեզանից շատ զարգացած երկրներում տեղի չի ունեցել,  և այդ առումով կառավարության ջանքերը ավելի քան ողջամիտ և տեղին են և շարունակվում են լինել։ Ինչ վերաբերում է թվերին, որոնք, ցավոք սրտի չեն իջնում, կախված է ոչ միայն կառավարության քայլերից, այլև՝ մեր բոլորի վարքագծից»,- ասաց Թորոսյանը։

«Բարգավաճ» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամների ջանքով և նրանց ստորագրությամբ է ստեղծվում քննիչ հանձնաժողովը։ Թեև խմբակցություններում տարբեր մոտեցումներ ունեն հարցերի, մեթոդաբանության և ժամանակի առումով, բայց այս անգամ  համատեղեցին ուժերը, որպեսզի հանձնաժողովը հնարավոր լինի ստեղծել։Երկու խմբակցությունում էլ օրեր առաջ արդեն հստակեցրել էին հարցերի մոտավոր շրջանակը, որի վրա պետք է կենտրոնանա քննիչ հանձնաժողովը։

Վահե Էնֆիաջյան«Մենք ուզում ենք հասկանալ և մեր ժողովրդին ներկայացնել ՝ ինչ գործունեություն է ծավալել պարետատունը, ինչ գործողություններ և ինչ միջոցառումներ է իրականացրել, միջազգային կազմակերպությունների հետ ինչպիսի կապ է հաստատել և ինչպիսի գործողություններ է իրականացրել ու նաև տարբեր միջազգային դոնոր–կազմակերպությունների կողմից ֆինանսական միջոցներ են հատկացվել և այդ միջոցները ինչ նպատակների են ծառայեցվել»։

Իվետա Տոնոյան«Մենք պարտավոր ենք պարզել, թե արդյոք կորոնավիրուսի դեմ պայքարելու, կանխարգելելու այս գործը թացը արդյունավետ կազմակերպելու հետ կապված արդյո՞ք կառավարության և պարետատան կողմից իրականացված գործողությունները եղել են իրավաչափ, եղել են ժամանակին, որովհետև նրանց որոշումների հապաղումից շատ դեպքերում կախված է եղել, թե վարակի տարածման տեմպերի ահագնացումը և թե՝ մահերի քանակը»։

Էդմոն Մարուքյան«Երբ ես ասում էի, որ խորհրդարանը միգուցե քննիչ հանձնաժողով ստեղծի և քննի, նաև ասել եմ, որ պետք է դիտարկել նպատակահարմարության հարցը, թե որքանով է նպատակահարմար այս մեծամասնության պայմաններում դա անել։ Ցանկացած հանձնաժողով, որը ձևավորվում է, Դոնթի բանաձևով քաղաքական մեծամասնությունն այնտեղ ունի ձայների մեծամասնություն»։

Խորհրդարանական մեծամասնության պատգամավորները այս փուլում չեն ողջունում ընդդիմադիր գործընկերների նպատակները։ Աժ–ի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյան․

«Կարծում եմ, որ այս պահին ժամանակը չէ քննիչ հանձնաժողով ստեղծելու։ Այս պահին գործելու ժամանակն է։ Երբ այս ամենը ավարտվի և, եթե նպատակահարմար գտնենք մենք էլ կարող ենք ստեղծել։ Այսինքն՝ «Իմ քայլը» խմբակցությունն էլ կարող է նմանատիպ առաջարկությամբ հանդես գալ, բայց այս պահին, երբ ամեն ինչը պրոցեսի մեջ է դեռ, քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին խոսք լինել չի կարող լինել։ Պետք է դեռ հասկանանք՝ մինչև սեպտեմբեր որքանով է հնարավոր լինելու հաղթահարել կորոնավիրուսային այս իրավիճակը»,- ասաց Զեյնալյանը։

ԼՀԿ-ն նախաձեռնությանը միանալու նախապայման ուներ՝ քննիչ հանձնաժողովի ղեկավարը իրենցից պետք է լինի, քանի որ ԲՀԿ–ն արդեն ղեկավարում է 2 ժամանակավոր հանձնաժողով։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել․ քննիչ հանձնաժողովը կղեկավարի ԼՀԿ–ից Արկադի Խաչատրյանը, բայց հանձնաժողովի անդամների թիվը սահմանող որոշման նախագիծը  կքննարկվի Ազգային ժողովի սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում, տեղեկանում ենք Աժ նախագահի հայտարարությունից։

Քննիչ հանձնաժողովի աշխատանքը, սակայն, այս դեպքում էլ հարցականի տակ է։ Այս խորհրդարանում արդեն եղել են դեպքեր, երբ պատգամավորների ստորագրությամբ հանձնաժողով ստեղծվել է, բայց չի գործել։ Խորհրդարանական մեծամասնությունը քվեարկությանը չմասնակցելով տապալեց «լուսավորականների» նախաձեռնած Երևանի քաղաքապետարանին «ԿամԱզ»-ներ նվիրելու հարցով քննիչ հանձնաժողովի կազմի ձևավորումը։

Որպեսզի ժամանակավոր հանձնաժողովը գործի, Ազգային ժողովը որոշմամբ պետք է սահմանի հանձնաժողովականների թիվը։ Առանց «Իմ քայլը» խմբակցության քվեարկության ընդդիմադիրների ձայները չեն բավարարի որոշման ընդունման համար։

Back to top button