ԿարևորՀասարակություն

Խորհրդային տարիներից մնացած լամպը կախտահանի բժշկական սարքավորումները

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու  նպատակով   Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը  դրամաշնորհային ծրագրերի մրցույթ էր հայտարարել։ Հաղթող ծրագրերից մեկը Ալիխանյանի անվան  ազգային լաբորատորիայի կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժնի  աշխատակիցներն են։ Նրանք 3 մլն դրամ են ստացել ու գիտեն, թե ինչ են անելու։

Խորհրդային տարիներից մնացած լամպը մեր օրերում կօգնի պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ. կախտահանի բժշկական սարք-սարքավորումները։ Գաղափարի հեղինակը Ալիխանյանի անվան  ազգային լաբորատորիայի կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժնի գիտնականներն են։ Նրանք մասնակցել են  ԲՏԱ նախարարության հայտարարած դրամաշնորհային ծրագրին ու շահել դրամաշնորհներից մեկը։

Լաբորատորիայի գիտաշխատող Էդուարդ Ալեքսանյանը պատմում է, թե ինչպես է ծնվել գաղափարը։

«Գաղափարն առաջացավ դեռ փետրվարին, երբ համավարակի բումը սկսվեց։ Քանի որ մեր թիմն աշխատում է այս հզոր լամպի հետ, որոշեցինք մի բանով էլ մենք երկրին օգտակար լինենք։ Առաջին միտքը հենց այն էր, որ կարելի է լամպով  մանրէազերծում կատարել»,- ասում է Էդուարդ Ալեքսանյանը։ 

Օպտիկական հետազոտությունների համար օգտագործվող լամպը կարող է նաև մանրէազերծել՝ իր ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով։  Իսկ քանի որ լաբորատորիայում  այդ ճառագայթների մասին ամեն ինչ գիտեն, գիտեն նաև, թե ինչպես դրանք այլ նպատակով օգտագործել։

 «Այն լամպը, որը մենք հիմա օգտագործում ենք օպտիկական ուսումնասիրություններ կատարելու համար,  կարելի է ուղղակի մյուս կողմ թեքել , տեղադրել խցիկ, որտեղ կդնենք բժշկական սարք-սարքավորումներ, ափսեներ, հզոր ուլտրամանուշակագույն ճառագայթների  ազդեցության տակ բոլոր վիրուսները,որոնք  կգտնվեն մակերևույթի վրա, կոչնչանան»,- պատմում է գիտաշխատողը։ 

Արդեն գիտեն քայլերի հերթականությունը, որով գաղափարը գործի են վերածելու։ Առաջին քայլը հերմետիկ խցի ստեղծումն է, որտեղ ելումուտ կունենան սահմանափակ թվով մարդիկ:

«Բավական մեծ չափերի խցիկ ենք պատրաստելու, որի մեջ կմտնի լամպը, կունենա համապատասխան բռնիչներ, որի վրա կդրվեն սարքավորումները։  Կունենանք համապատասխան հագուստ, ակնոց, դիմակներ։ Երեք-չորս հոգով ենք աշխատելու»,- նշում է գիտանականը։

Բժշկական կենտրոններ, կլինիկաներ, այս օրերին համավարակի հետ առնչություն ունեցող հաստատություններ, օրինակ, հյուրանոցներ․ բոլորի հետ էլ կաշխատեն։

«Կբերեն սարքավորումներն այստեղ, փակ խցիկով, հետո կտեղադրենք մեր խցիկի մեջ։ Տասնյակ վայրկյանների ընթացքում կկատարվի մանրէազերծումը»։   

Մեկանգամյա օգտագործման դիմակների մանրէազերծումն արդյունավետ չի լինի՝ ասում է զրուցակիցս ու նշում, որ իրենց առաջարկածն առավել նախընտրելի է բազմակի օգտագործման  սարքավորումների համար։  Ամենամեծ ծախսը  կլինի  հոսանքինը։

 «Լամպը բավական հզոր է՝ մեկ կիլովատանոց։ Հոսանքի ծախսը կախված կլինի, նրանից, թե քանի ժամ պետք կլինի աշխատել։  Ծախսերը կապված են միայն հոսանքի հետ»։ 

Զրուցակիցս ասում է, որ մանրէազերծումն ամենայն հավանականությամբ անվճար կկատարեն, իսկ աշխատանքը կսկսեն շուրջ մեկ ամսից։

Back to top button