ԿարևորՀասարակություն

Միջազգային ճամբար՝ Մարտունիում. ուղիղ կապ բնության հետ

Ամառվա հետ գալիս են ճամբարային օրեր, հանգիստ, բակային խաղեր ու մի հսկա ազատություն երեխաների համար: Առայժմ հայտնի չէ, թե կորոնավիրուսը որքանով կփոխի ճամբարային պլանները, բայց «Իմ Ագրիամառը» միջազգային ամառային ճամբարը հուսով է, որ այս տարի արդեն երկրորդ անգամ կհյուրընկալի երեխաներին՝ հատկապես քաղաքաբնակներին ու տեխնոլոգիաներով տարվածներին, որոնք փոքր–ինչ կորցրել են կապը բնության հետ։

Մի ընտանիքի երկու քույրեր Հայաստանում միջազգային ճամբար են հիմնել։ Հասցեն էլ արդեն երկրորդ տարին  չի փոխվում. Գեղարքունիքի մարզ, գյուղ Մարտունի։ Հենց այստեղ են ծնվել ու մեծացել Խաչատրյան քույրեր Սաթենիկն ու Ազատուհին, հետո գնացել աշխարհով մեկ, փորձ ձեռք բերել, վերադարձել  հայրենի գյուղ, դարձել բիզնեսաղջիկներ։

Ճամբարի գաղափարից մինչև ստեղծում․ ամբողջ ընթացքի հետևում Սաթենիկն է: Սովորել ու ուսումնասիրել է Եվրոպայի փորձը, երկար ժամանակ ապրել ու շրջել դրսում, հետո որոշել նոր գաղափարներով զինված վերադառնալ հայրենի Մարտունի:

«Իմ Ագրիամառը» ճամբարը համայնքային զարգացման ծրագիր է։ Երկու գլխավոր նպատակ ունենք. ապահովել լավագույն միջավայրը երեխաների կրթության և հանգստի համար և միևնույն ժամանակ այս ճամբարի միջոցով ստեղծել նոր եկամուտ ունենալու հնարավորություն բնակիչների համար»,– ասում է Սաթենիկը։

Տիկին Անահիտը  գյուղի այն բնակիչներից է, որի տունը դարձել է հյուրատուն, ինքն էլ դասատու ընկեր Անահիտից՝ Անահիտ տատիկ.

«Ես մանկավարժ մայրիկ էի, մանկավարժ տատիկ էի արդեն իմ երեխաների համար, որովհետև նրանցից ոմանք ինձ տատիկ էին ասում»,– պատմում է տիկին Անահիտն ու հիշում իր անցյալ տարվա թոռնիկներից՝ Վիկային։

Վիկան իր համար մինչև անցյալ տարվա ամառն անծանոթ Մարտունիի  տանն ասել է մեր գյուղի տունը։

Վիկայի պես անցյալ տարի երկու փոքր խմբերով 10-13 տարեկաններն ու 14-17 տարեկաններն են գնացել Մարտունու միջազգային ճամբար։ Անցյալ տարի երեխաները գնացել են ջրվեժ, խնձորի այգիներ, քարերի վրա նկարել, բարձրացել սարեր ու ծանոթացել խոտաբույսերին, հավաքել, տեղավորվել։ Այս տարի ծրագրերն ավելացրել են, անակնկալներն էլ անպակաս են.

«Մենք այս տարի նաև մշակել ենք մեկօրյա աշխատարան այն երեխաների համար, որոնք մեկ օրով կցանկանան այստեղ լինել՝ առավոտյան գալ և երեկոյան գնալ»,– ասում է Սաթենիկն ու Ազատուհու հետ միասին ակտիվ աշխատում ճամբարի նախապատրաստությունների վրա։

Ազատուհին ֆոտոխցիկը ձեռքից չի դնում. Մարտունու բնության ձայների հետ այս օրերին անընդհատ ֆոտոխցիկի ձայնն է լսվում։

Իսկ տիկին Անահիտը վերջում խնդրում է անպայման հիշեցնել, որ իր տան վարդերը բացվել են, ժասմինի թուփն էլ փթթում է։

Մի խոսքով՝ Մարտունու ճամբարը սպասում է քաղաքաբնակ ու տեխնոլոգիաներով շրջապատված երեխաներին, նրանց, ում կապը բնության ու բնական միջավայրի հետ  ինչ-որ կետում խախտվել է:

Back to top button