ԿարևորՀասարակություն

Դեքսամետազոնային բում՝ դեղատներում․ կորոնավիրուսի դեմ բալասանը գտնվե՞լ է

Հիդրոքսիքլորոքին, ռեմդեսիվիր, հիմա էլ՝ դեքսամետազոն։ Սցենարը երեք դեղամիջոցների դեպքում էլ  նույնն է․ նախ գիտնականները հրապարակում են  հետազոտությունների խոստումնալից  տվյալներ, դրանք կայծակնային արագությամբ տարածվում են լրատվամիջոցներով, փորձագետներն ու պաշտոնյաները  սկսում են մեկնաբանություններ տալ ու  մարդիկ ամբողջ աշխարհով մեկ վազում են դեղատներ՝ հուսալով, որ  կախարդական հաբն ընդունելուց հետո  կորոնավարակն իրենց կողքով կանցնի։ Իրարանցումից հետո են միայն փորձագետները ստուգում հրապարակված տվյալները, սկսում ճշգրտումները, թե երբ է տվյալ դեղամիջոցն օգտակար։ Ու գալիս է հիասթափությունը․ հայտարարված հերթական  դեղը բալասան չէր։

Թրամփն այլևս հիդրոքսիքլորոքին չի խմում

Երբ ամերիկացի գիտնականները մարտի վերջին հայտարարեցին, որ հիդրոքսիքլորոքինը կարող է  հրաշալի դեղամիջոց լինել կորոնավիրուսի դեմ, Միացյալ Նահանգների նախագահը սկսեց պրոֆիլակտիկ նկատառումներով ընդունել այն․ Սպիտակ տանը երկու հիվանդ կար, և ռիսկային տարիքային խմբում գտնվող առաջնորդը խիստ վախենում էր իր առողջության համար։   

Արդեն մայիսի 22-ին հրապարակվեցին մեկ այլ հետազոտության արդյունքներ, որոնք ապացուցեցին․ մալարիայի դեմ այս դեղամիջոցը ոչ միայն չի օգնում կորոնավիրուսով հիվանդներին, այլև սրտանոթային համակարգի լուրջ  բարդությունների վտանգ  է պարունակում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դադարեցրեց հինդրոքսիքլորոքինի փորձարկումները կորոնավիրուսի դեմ պայքարում, իսկ Թրամփն այլևս չխմեց այն  պրոֆիլակտիկ նպատակներով։

88 դրամանոց հաբը՝  ամենաշատ հարցվածը դեղատներում

Արդեն մեկ շաբաթ է՝ դեքսամետազոնն է ընկալվում որպես կորոնավարակի դեմ բալասան։ Մտնում եմ առաջին պատահած դեղատունն ու դեքսամետազոն խնդրում։ «Կորոնավիրուսով ծանր հիվանդ ունե՞ք», — հարցիս հարցով է պատասխանում դեղատան երիտասարդ աշխատակցուհին։ Բացասական պատասխանը  լսելուց հետո շարունակում է՝  թեթև դեպքերում այն չի օգտագործվում, ծանր դեպքերում էլ՝ միայն բժշկի ցուցումով։

«Հիմա քաղաքում տեղեկություն է տարածված, թե դեքսամետազոնը փրկություն է կորոնավիրուսի դեմ։ Այն հորմոն է, և եթե բժշկի ցուցումով չէ, վատ հետևանքներ է ունենում օրգանիզմի համար»,-շարունակում է բարետես աղջիկը և հորդորում  պրոֆիլակտիկայի համար  հակավիրուսային դեղամիջոցներ ընդունել։

Դեղատան աշխատակցուհին զգոն էր․ դեքսամետազոնը կորոնավիրուսի դեմ բալասան համարող  բոլոր հաճախորդներին էր իրազեկում։ Բրիտանացի գիտնականների հայտարարությունից և ԱՀԿ հիացական արձագանքից հետո բազմաթիվ են 88  դրամ արժողությամբ հաբի հետևից  դեղատուն շտապող քաղաքացիները։

Առանց ցուցման օգտագործելը՝ կանխամտածված ինքնասպանություն

Հասարակությունը  բրիտանացի գիտնականների բացահայտումը ճիշտ չի ընկալել․ բրիտանացիներն ընդամենը  ասել էին, որ դեքսամետազոնը կրճատում է կորոնավիրուսով ծանր հիվանդների մահացության ցուցանիշը, մասնավորապես  մեկ երրորով՝ արհեստական շնչառության ապարատներին միացված հիվանդների մահվան դեպքերը։

Առողջապահության նախարարությունը երեկ հայտարարությամբ հանդես եկավ․ մի շարք ահազանգեր է ստացել, որ քաղաքացիները ձեռք են բերում դեքսամետազոն դեղամիջոցը` առանց բժշկի նշանակման և ցուցման ու նախազգուշացրեց․ դեքսամետազոնով դեղերի` առանց նշանակման կիրառումը վնասակար է մարդու կյանքին և առողջությանը: Գերատեսչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանն է ևս մեկ անգամ նույն կոչով դիմում մեր հայրենակիցներին։

«Պետք չէ զբաղվել ինքնաբուժմամբ, անհրաժեշտ է հետևել  բժիշկների ցուցումներին՝  ինչպես մյուս,  այնպես էլ այս հիվանդության դեպքում»։

Նախարարը Արսեն Թորոսյանը երեկ Հանրային ռադիոյի եթերում ավելի  կոշտ արտահայտվեց․առանց բժշկի ցուցման դեքսամետազոնի  օգտագործելը հավասար է «չկանխամտածված ինքնասպանության»:

«Հիմա մարդիկ սկսել են մեծ քանակով դեքսամետազոն գնել։ Ավելի վնասակար և չմտածված քայլ պարզապես անհնար է պատկերացնել..»,- նշեց Թորոսյանը։

Ի՞նչ է դեքսամետազոնը

Հայաստանում հայ-ֆրանսիական և հայ-ամերիկյան դեղատների վարիչ,  կլինիկական դեղաբան Գեորգի Տոնոյանին ենք դիմում ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում դեքսամետազոնը  հարցով։

«Դեքսամետազոնը կորտիկոստերոիդների շարքի դեղամիջոց է, այսինքն՝  մեր օրգանիզմում պարունակվող այն հիմնական հորմոններից է, որը պատասխանատու է մի շարք օրգան համակարգերի կառավարման և աշխատանքի համար։ Բայց այսօր այն օգտագործվում է նաև կորոնավիրուսի  բարդությունների դեպքում։ Եթե բրիտանացի գիտնականները նոր են իրականացնում իրենց հետազոտությունները, այն վաղուց կիրառվում է  երկկողմանի թոքաբորբերի ժամանակ։ Գլյուկոկորտիկոստերոիդների  օգտագործումը ցուցված է թոքաբորբերի բուժման ժամանակ։ Այսինքն՝  բորբոքային պրոցեսների հաղթահարման ժամանակ կոմբինացված թերապիաների մեջ է մտնում հակաբիոտիկային  թերապիաների հետ համատեղ»։

Մեր գործընկերուհի Աիդան կորոնավիրուսային հիվանդությունը նոր է հաղթահարել,  տանը դեքսամետազոն ունի միշտ:

«Կորոնավիրուսի դեմ  10-օրյա բուժում եմ ստացել Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնում։  Դեքսամետազոնն իմ բուժման մեջ չի կիրառվել, գիտեմ, որ ստացել եմ հակաբիոտիկներ։ Բայց տանը միշտ ունեմ, քանի որ երեքուկես տարեկան որդիս կրուպ ունի, և շատ դեպքերում դեքսամետազոնը  մեզ փրկում է, որ հասնենք հիվանդանոց»։

Աիդան փոքրիկ Դավիթին  դեղամիջոցը տալիս է բժշկի ցուցումով, իսկ կորոնավիրուսի հաղթահարման հարցում ապավինել է իրեն բուժած  բժիշկների արհեստավաժությանն ու չի սխալվել։ Կորոնավիրուսից բուժումը արդեն  շարունակում է տնային պայմաններում։ 

Սոցիալական հեռավորությունն ու դիմակները՝  առայժմ ավելի ապահով

Կորոնավիրուսի դեմ պայքարի հաճախ փոփոխվող գիտական տեղեկատվության տարափի մեջ  մասնագետները զգուշությամբ են վերաբերվում տարատեսակ  հայտնագործություններին՝ գիտակցելով, որ  մարդկությանը պատուհասած այս խնդրի դեմ բալասանը լավագույն դեպքում հաջորդ տարի է լինելու։  Իսկ մինչ այդ հաստատ ու ապացուցված է հիգիենայի կանոնների, սոցիալական հեռավորության պահպանումն  ու պարտադիր դիմակ կրելը։

Back to top button