ԿարևորՏնտեսական

Ընդերքօգտագործողները նախընտրում են խիստ կարգավորումներ, բայց` կանխատեսելի դաշտ

2019-ի 11 ամիսների կտրվածքով Հայաստանի հանքարդյունաբերությունը 23.9 տոկոսով աճ է գրանցել՝ ընդհանուր ծավալում կազմելով 323.5 մրդ դրամ: Սա արդեն բավականին լուրջ թիվ էր եւ մեծ սպասումներ առաջացնող, եթե չլիներ կորոնավիրուսը, որով պայմանավորված շուկայում անհասկանալի իրավիճակներ չառաջանային: 

Ներկայումս Հայաստանի պետական հաշվեկշռում հաշվարկված է պղնձի, մոլիբդենի, ցինկի, կապարի, ոսկու, արծաթի, երկաթի 42 հանքավայր, որից 29-ի համար տրված է ընդերքօգտագործման իրավունք՝ արդյունահանման նպատակով: Այս պահի դրությամբ ընդամենը շահագործվում է 7 հանքավայր:

Ինիպիսի՞ն է վիճակը ներկայումս ու ի՞նչ հեռանկարներ կարող են լինել այս ոլորտում: Փորձագետների դիտարկումներն այս հարցերի շուրջ տարբեր են:

Ընդերքօգտագործման հիմնախնդիրների եւ հանքարդյունաբերության հեռանկարների վերաբերյալ փորձագետների դիտարկումներն ու գնահատականները միանշանակ չեն: Հանքարդյունաբերության ոլորտում միայն արտաքին պայմանները չէ, որ այսօր խանգարում են: Կան նաեւ ներքին խնդիրներ՝ նկատում են փորձագետները:

Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի Լեռնամետալուրգիայի եւ քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի Լեռնային գործի եւ շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ մետաղական հանքարդյունաբերության հիմնական թերությունն այն է, որ այսօր Հայաստանը միայն խտանյութ է արտահանում, ինչը, նրա գնահատմամբ, շատ վատ է: Մինչդեռ, հանրապետությունն, օրինակ, կարող է արտադրել մաքուր պղինձ, որն իր հետեւից, ինչպես խորհրդային տարիներին, կարող է բերել կաբելային եւ էլեկտրոտեխնիկական արտադրության զարգացում: 

«Մենք սրան պետք է, վաղ, թե ուշ,անդրադառնանք, որովհետեւ ունենք այդ պոնտենցիալը ընդերքում, եւ ամենահամեստ հաշվարկներով, ասենք՝ 100 հազար տոննա տարեկան մաքուր պղինձ կարող ենք արտադրել»,- ասում է Հովհաննիսյանը:

Իրավափորձագետ, ԵՊՀ դասախոս Սայաթ Բադալյանը ընդերքօգտագործման ոլորտի իրավական կարգավորումներում տեսնում է լուրջ բացեր ու թերություննր:

«Մեկ միասնական իրավական ակտ ընդերքօգտագործման ոլորտում առաջացող հիմնական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ չունենք: Այդ նպատակին, ըստ էության, օրենսգիրքը չծառայեց, որովհետեւ նախագծի մշակումից հետո, մինչեւ ԱԺ կողմից դրա ընդունումը, դրանում կատարվեցին շատ անհարկի, չտրամաբանված փոփոխություններ եւ ի սկզբանե այն տեքստը՝ օրենսգիրքը, որը ուժի մեջ մտավ 2012 թ.-ի հունվարի մեկից, ինքը արդեն իսկ թերի էր»,- նշում է փորձագետը:  

Նրա դիտարկմամբ, անգամ այդ դեպքում էլ դրանք ոչ համարժեք են ընկալվում եւ կիրառվում՝ խնդիրներ առաջացնելով ոլորտի համար: Օրինակ, որ անհատ ձեռնարկատերը չպետք է լինի ընդերքօգտագործող, ըստ իրավափորձագետի, օրենսդրական բացերից է եւ նման օրինակներ եւ թերություններ շատ կան: Սայադ Բադալյանը չի կիսում այն տեսակետները, որ օրենսդրությունը գրվել է ընդերքօգտագործողների շահերից ելնելով եւ չի հաշվի առնվել բնակչության շահերը:

«Իրականում խնդիրը ոչ թե այն է, որ դա գրված է մեկ կողմի շահերից ելնելով՝ ի հակադրություն մյուս կողմի իրավունքների եւ շահերի, այլ՝ քանի որ դա  ինքնին վատ իրավական ակտ է, դա բոլոր սուբյեկտների համար ստեղծում է խնդիրներ, ովքեր առնչվում են ընդերքօգտագործման ոլորտի հետ»,- ասում է Բադալյանը:

Ընդերգօգտագործները կնախընտրեն ունենալ շատ ավելի խիստ կարգավորումներ, բայց կանխատեսելի դաշտ՝ համոզմունք հայտնեց փորձագետը:

Իհարկե, հանքարդյունաբերության մասին խոսելիս շրջակա միջավայրի խնդիրները շրջանցել հնարավոր չէ: Այս տեսանկյունից, ըստ Արմեն Հովհաննիսյանի, իհարկե, բնապահպանական լուրջ խնդիր կա: Դա անվանենք ամենամեծ թերությունը, սակայն, դա պետք է լուծվի՝ ասաց:   

«Առանց դրա, այսինքն՝ ծծմբական թթվի ուտիլիզացիայի, օգտահանման, մենք էդ գործը չեն կարող անել: Այդ աշխատանքը պետք է մասնագիտորեն արվի՝ կոնկրետ երկրաբան, հանքագործ, ինչու չէ՝ նաեւ պետք է լինի մետալուրգ: Այդ բոլորը միասին այդ հարցը պետք է լուծեն»,- նշեց Հովհաննիսյանը:  

Ոսկե միջինը պետք է գտնել՝ նվազագույնի հասցնելու վնասները: Փորձագետի խոսքով՝ դրանք թաքնված են տեխնոլոգիաների մեջ: Կա դրա փորձը՝ միջազգային, որը շատ դեպքերում հասանելի է: Արցախի դրմբոնում էլ նման փորձ է կիրառվել՝ ասաց նա: 

Արմեն Հովհաննիսյանը կարծում է, որ պետք է հիմնել նաեւ կապար-ցինկի արտադրություն, քանի որ ունենք նաեւ ռազմաարդյունաբերություն, ինչը շատ կարեւոր է մեր երկրի համար: Փորձագետը ոլորտի մեկ այլ խնդիր-բացթողում է համարում այն, որ չկան նոր ուսումնասիրություններ: Այն բոլոր հանքերը, որոնք կան՝ Խորհրդային ժամանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունք են: Արմեն Հովհաննիսյանը նկատում է, որ ապագա մասնագետների հարցն էլ պետք է կարողանա լուծել մեր կրթական ոլորտը: ՀԱՊՀ-ի դասախոսը նկատում է, որ կրթօջախում լեռնագործական մասնագիտությամբ դիմողները գնալով քչանում են, քանի որ այս մասնագիտությունը, այսպես ասած, մոդայիկ չէ:

Այս թերությունները եւ բացթողումները պետք է հաշվի առնել-լուծել՝ զարգանալու համար: Պետք է աշխատանքի լծվեն մասնագետները՝ եզրափակեց Արմեն Հովհաննիսյանը:

Back to top button