ԿարևորՏնտեսական

Գյուղատնտեսական անտոկոս վարկերը՝ նոր հողատարածքներ և անասուններ ձեռք բերելու միջոց

Արմավիրի մարզի այգեգործները այգիներից գրեթե տուն չեն գնում, մշակում են, խնամում,  որպեսզի աշխատանքին համապատասխան այգին վարձահատույց լինի:  Գյուղացիները կարողացել են օգտվել նաև կառավարության առաջարկած գյուղատնտեսական ծրագրերից և ստացել  0 տոկոսադրույքով վարկեր, ձեռք բերել անասուններ, բերքատու այգիներ: 

Գարնանը գյուղացու օրը պլանավորված է անցնում, խաղողի այգի ունեցողների համար համեմատաբար դժվար, քանի որ աշնանը հողի տակ թաղված վազերին նոր կյանք հաղորդելու համար մեծ ջանքեր են ներդնում: Աշխատանքների հաջորդականությունն էլ չեն խախտում: Վազերն արդեն տերևակալել են, այգետերերը սկսել են բուժումները, որպեսզի որթատունկը հեռու պահեն ամենավտանգավոր հիվանդություններից՝ չոռից, սևից, գիտական լեզվով միլդիու՝ կեղծ ալրացող և օիդիում՝ իսկական ալրացող հիվանդություններից, ինչպես նաև վնասատուներից.

«Տերևի տակից սկզբնական շրջանում բորբոս է առաջանում, վերևի մասից՝ դեղին խալեր, հետո տարածվում է ողկույզների ու տերևների վրա, չորացնում թափում, բերքը իսպառ վերանում է: Դեռ չենք սկսել բուժումը, մոտ օրերս կանենք: Սրսկումը դադարեցնում են բերքահավաքից 15-20 օր առաջ»

Գետաշենցի այգեգործ Մանվել Համաբարձումյանի  խոսքով նորմալ բերք ստանալու համար խաղողի այգին  6-7 անգամ են բուժում: Գյուղատնտեսությունը զարգացնելու, գյուղացուն աջակցելու  նպատակով կառավարությունն առաջարկում է մի շարք ծրագրեր, որոնք հիմա ավելի մատչելի են դարձել, ասում է  Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը.

«Անասնապահությամբ և թռչնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների համար, եթե նախկինում շեմը դրված էր մինչև 15 մլն դրամի վարկավորում՝ մի քանի տոկոսով, ապա հիմա 0 տոկոսով 15 միլիոնի շեմը հասել է մինչև  30 միլիոն, սրան էլ գումարած պետությունը ևս 30 մլն դրամ համաֆինանսավորմամբ է հանդես գալիս, որպես երաշխավոր»:

Արմավիրի մարզի Գետաշեն սահմանային համայնքից Մանվել Համբարձումյանը մի քանի օր առաջ  ստացել էր առանց տոկոսի  3 մլն դրամ գյուղատնտեսական վարկ՝ 2 տարի մարման ժամկետով:   Ընդլայնել է սեփական հողատարածքը՝ հասցնելով 2 հեկտարի:  Ձեռք է բերել   բերքատու ծառերով  2 տնամերձ հողամաս, հիմա էլ նախատեսել է գնալ անասնաշուկա.

«Ցլիկներ պետք է վերցնենք, անասուններ պահել ենք, գոմ ունենք, ծառերի մեջ առվույտ ենք ցանելու, եղանակը այ դրան շատ խանգարեց, վարել ենք, թողել, անձրևների պատճառով չկարողացանք ցանել»:

3 տարով վերցրած անտոկոս վարկերի մարումը սկսելու է սեպտեմբերից, հաշվարկել են, բաժանել ամիսների, հույսը բերքի վրա,  հետո անասունների: Գյուղատնտեսական աջակցության 0 տոկոսադրույքով 3 տարի մարման ժամկետով  1 մլն  դրամ վարկ էր ստացել նաև Մանվելի հարևանը: Ստացած գումարին ավելացրել էր 500 հազար դրամ և գնել  խոշոր եղջերավոր 7 անասուն.

«6 ցուլ ու 1 կով եմ առել, հատը 200 000 դրամ: Փոքր անասունը շատ թանկ է: Արդեն 5-6 տարի անասնապահությամբ եմ զբաղվում: Կով եմ պահել, կովը  խոտն ուտում կաթ է տալիս, կարագ, յուղ, պանիր, մածուն, յոլա ենք գնում, ցլերին մի տարի պտի պահես, որ մեծանա, միս տա, միսը կարողնաս ծախես, եկամուտ ստանաս»:

Կան գյուղացիներ, որոնք բավարարվում են իրենց տնամերձ այգում ստեղծածով, իսկ սեփականաշնորհված հողերը երբեմն մշակում են, երբեմն թողնում անմշակ, ոչ թե ջրի, այլ փող չունենալու պատճառով: Նրանք հրաժարվում են վարկեր վերցնելուց՝ ավելորդ հոգսեր չստեղծելու համար: Զրուցակիցս Մրգաշատ գյուղից է.

«Տարի է լինում ցորեն ենք դնում, տարի է լինում փող չի լինում, չենք մշակում: 6000 քմ հող է, էս տարի ցորեն ենք դրել, մեկ էլ 1000 քմ տնամերձ հողը՝ ծառեր են ու բանջարեղեն ենք աճեցնում: Գյուղատնտեսական վարկեր չենք վերցնում, վարկերից հեռու ենք: Պապաս էն տեսակ մարդ է, որ ասում է ինքը աշխարհի ամենահարուստ մարդն է, վարկերից հեռու է»:

Վարկեր վերցնելուց խուսափող գյուղացիներն իրենց ապրուստը վաստակում են քաղաքում շինարարական աշխատանքներով կամ էլ  գյուղատնտեսական սեզոնին ուրիշի հողերում են քրտնելով:

Back to top button