ԿարևորՀասարակություն

Հանգիստ եղեք. Ձեզ գաղտնալսում են առնվազն սկսած 1998 թվականից

Համացանցը ցնցած օրենսդրական փոփոխությունը վերաբերում է մարդկանց իրենց հեռախոսի միջոցով տեղորոշելուն՝ մի բան, որը վաղուց ու անընդհատ տեղի է ունենում: Բջջային օպերատորը որոշակի ճշգրտությամբ միշտ գիտի, թե որտեղ է իր բաժանորդը՝ իր բազային կայաններից որ մեկի սփռման գոտում: Զանգը Ձեր հեռախոսին փոխանցելուց առաջ օպերատորը պիտի իմանա՝ որտեղ եք: Երբ զանգահարում եք, կամ զանգ եք ստանում, տեղորոշումը ավելի ճշգրիտ է ստացվում:

Առաջարկվող փոփոխության իմաստը հետևյալն է. դիցուք՝ մարդը կորոնավիրուս ունի, բայց դեռ չգիտի այդ մասին: Աշխատանքի է գնում, օգտվում հասարակական տրանսպորտից: Փոփոխության նպատակն է, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի բացահայտել հիվանդացած մարդու պատահական, ասենք՝ նույն ավտոբուսի մեջ եղածների կոնտակտները։

Բացահայտել, գտնել, ստուգել և անհրաժեշտության դեպքում նույնպես մեկուսացնել և բուժել:

Մեթոդը 100% երաշխիք չի տալիս: Պարզ է, որ բոլոր «կոնտակտավորներին» բացահայտել չի ստացվի, բայց չեղածից լավ է:   

Բջջային կապի օպերատորները բաժանորդին տեղորոշող տվյալները առանց այդ էլ վաղուց պահում են ու, երբ պետք է, տրամադրում իրավապահ մարմիններին: Այդպիսի ընթացակարգ վաղուց կա քրեական գործերը քննելիս՝ ասենք, հանցագործության հավանական վկաներին գտնելու համար:  

Հիմա առաջարկվում է այդ տվյալները ոչ միայն ոստիկանների համար հասանելի դարձնել, այլև բժիշկների:

Արդյո՞ք այս կարգավորումը պարունակում է ռիսկեր անձնական կյանքի գաղտնիության տեսանկյունից: Սկզբունքորեն կարող է և պարունակել՝ առնվազն մինչև կարանտինի ավարտը:  

Ինչ վերաբերում է գաղտնալսվելուն, ապա այս կարգավորման մեջ այդ մասին որևէ բան չկա: Պետությունը  դա անելու համար վաղուց ունի բոլոր տեխնիկական և իրավական ռեսուրսները:  

1998 թվականին ընդունված քրեական դատավարության օրենսգրքի 241 հոդվածն ասում է.

«Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալի, մեղադրյալի և հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող այլ անձանց, հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություններում կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել, դատարանի որոշմամբ թույլատրվում է տվյալ խոսակցությունների լսում և ձայնագրառում»:

Ավելին՝ 2015 թվականին Քննչական կոմիտեի և կապի օպերատորների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ օպերատորները արխիվացվող հեռախոսային խոսակցությունների սղագրությունները իրավապահ մարմիններին փոխանցում են արագացված ընթացակարգով: Միայն թե դատարանի որոշում լինի:

Այստեղ կաևորը «հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող այլ անձինք» ձևակերպումն է, որը այս կամ այն մարդու հեռախոսը լսելու գրեթե անսահմանափակ հնարավորություններ է ստեղծում:

Տեսականորեն հնարավոր իրավիճակ. պետությունը ինչ-ինչ պատճառներով որոշում է Ձեզ գաղտնալսել: Ձեր շրջապատի մարդկանցից որևէ մեկի ներգրավվածությամբ որևէ քրեական գործ է հարուցում: Ցանկության դեպքում դա անելը խնդիր չէ: Ինչ-որ մեկը դիմում է բերում, որտեղ ասում է, որ ունի հիմնավոր կասկած, որ այսինչը այսինչ բանն է արել: Գործն ընդունում են վարույթ, այսինչին, ով Ձեզ հետ ինչ-որ կապ ունի, անգամ առանց դատավարական կարգավիճակի, կանչում են բացատրություն գրելու /կամ նույնիսկ չեն էլ կանչում/, ներողություն են խնդրում, ասում են՝ թյուրիմացություն է եղել ու ճանապարհում տուն:

 Այդ ընթացքում Ձեզ՝  որպես ենթադրյալ հանցագործության մասին տեղեկություններ ունեցող անձի, դատարանի թույլտվությամբ սկսում են գաղտնալսել: Հետո գործը, պարզ է, կարճում են: Բայց Ձեզ արդեն գաղտնալսել են:

Բաց աղբյուրները քրքրելիս կարողացա ընդամենը մի դեպք գտնել, երբ դատարանը մերժել է գաղտնալսում իրականացնելու դատախազի միջնորդությունը:

Այլ հարց է, թե ում ենք մենք պետք, և ով է այդքան պարապ:  Տոտալ գաղտնալսման համար երկրում ռեսուրս հաստատ չկա:

Back to top button