ԿարևորՀասարակություն

Համացանցն ապրում է բարդ, բայց աստեղային ժամանակներ

Կյանքը համացանցում ու նոր իրողություններից ծնված բարդությունները․ որքանով է համաշխարհային ցանցը դիմանում  նոր իրավիճակով պայմանավորված ծանրաբեռնվածությանը։ Մասնագետներն ասում են՝ հեշտ չէ, բայց դեռ դիմանում է։ Ավելին՝ ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է , որ համացանցն այս օրերին  ապրում է դժվար, բայց միաժամանակ իր աստեղային ժամը, որովհետև դժվար ժամանակները կանցնեն, բայց «առցանց կյանքում» ձեռք բերված փորձը կմնա։   

Կորոնավիրուսի պարտադրմամբ ու դրա դեմ տարվող պայքարի համատեքստում մեր կյանքը  տեղափոխվել է համացանցային հարթակ։  «Մնացեք տանը, որպեսզի փրկենք մոլորակը» կարգախոսին հետևելով` միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում այս օրերին տանն են, ինչը իրականում նշանակում է՝ համացանցում։ Որքանով էր պատրաստ համաշխարհային ցանցը համաշխարհային համաճարակով պայմանավորված նոր իրավիճակին։ Դիմանո՞ւմ է արդյոք համացանցը, հարցին ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն արձագանքում է՝ դեռ դիմանում է, բայց․․․

«Ցանցը  դիմանում է, բայց  իսկապես մտահոգություններ կան։ Մեծ հարթակներն սկսել են նույնիսկ միտումնավոր իջեցնել տեսանյութերի որակը, որպեսզի քիչ ծանրաբեռնվեն դատա-կենտրոնները, մայրուղիները։ Այնպես որ` իսկապես կա աճ»,- նշում է փորձագետը։

Համաշխարհային ցանցի «երթևեկության» աճը  թվերով այս պահին փորձագետը դժվարանում է հստակ գնահատել, բայց մոտավոր թվերով՝ 20 տոկոս, որը, ինչպես կանխատեսում է, շարունակելու է աճել՝ պայմանավորված համաճարակային իրավիճակի միտումներով։  

Ինչ վերաբերում է ծանրաբեռնվածությունը կրող  հիմնական հարթակներին․

«Հիմնական ծանրաբեռնվածությունը տեսանյութերի սպառման վրա  է։ Այնպես չէ, որ մարդիկ նստած հոդվածներ են կարդում, հիմնականում տեսանյութեր են դիտում։ Քանի որ աշխատանքային ու կրթական գործընթացներն էլ են իրականացվում տեսազանագերով, ծանրաբեռնվածությունը  բնականաբար մեծանում է, որովհետև ամենածանրը հենց տեսանյութերն ու տեսազանգերն են»,- ասում է Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ ցանցի ծանրաբեռնվածությունը չի նվազի, քանի դեռ համաճարակը կա։ Իսկ համաճարակը գնալով ավելի ու ավելի շատ երկրներ է ներգրավում ՝ ստիպելով անցնել հեռահար աշխատանքի և ուսուցման։ Այս առումով թվերը պարզապես թռիչքաձև աճ են արձանագրում։

«Հնդկաստանում մեզ հետ նույն օրը արգելվեց տնից դուրս գալը։ Խոսքը  արդեն մեկ միլիարդից ավելի մարդու մասին է, և հասկանում եք, թե ինչ ծանրաբեռնվածության մասին է խոսքը։ Հայաստանում այս պահին ամենասպառվողը ZOOM-ն է՝ խմբային տեսազանգերի ծրագիրը, որովհետև դպրոցներում հիմնականում այդ ծրագրով է իրականացվում ուսուցումը։ Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածն է վերջին օրերի»,- նշում է Սամվել Մարտիրոսյանը։

Համացանցը իսկապես բարդ ժամանակներ է ապրում, բայց, ինչպես Սամվել Մարտիրոսյանն է բնորոշում, ապրում է նաև իր աստեղային ժամը, որովհետև համաճարակը կանցնի, բայց փորձը կմնա։ Շատերը կհասկանան, որ կարելի է նաև տնից աշխատել  ու սովորել։ Փորձագետը համաճարակից հետո առցանց աշխատատեղերի կտրուկ աճ է կանխատեսում։

Մինչ այդ, արդյո՞ք ցանցի ծանրաբեռնվածությունը կազդի գնային քաղաքականության վրա, պարզ ասած՝ կթանկանա՞ արդյոք ինտերնետ կապը։

«Գնային տեսանկյունից այսօր ոչինչ հնարավոր չէ գնահատել։ Ամբողջ միջազգային տնտեսության վիճակն է անկանխատեսելի, իսկ ինտերնետը ոչ միայն կապ է․ դա սարքավորումներ  են, և շատ բան կախված է նրանից, թե դրանց արտադրությունը ինչպես կընթանա։ Գուցե կլինեն երկրներ, որտեղ դրանց արտադրությունը կդադարեցվի։ Նաև ծրագրային խնդիրներ կան։ Բազմաթիվ խոշոր ընկերություններ այսօր չեն կարողանում անգամ թարմացումներ կատարել»,- հավելում է փորձագետը։

Մարտիրոսյանի բնորոշմամբ՝ ոչ ոք պատրաստ չէր ծանրաբեռնվածության նման կտրուկ աճի, իսկ ինտերնետ կապի որակի վատացումն արդեն նկատելի է։ Փոքր-ինչ վատ որակով, բայց համացանցը շարունակում է սպասարկել մոլորակի մարդկությանը։ Առայժմ սա է այն ապահով հարթակը, որտեղ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը ուղղակի զրոյական է։

Back to top button