ԿարևորՄշակույթ

Մշակութային կարանտին. համաշխարհային թատրոնը համաճարակի օրերին

Ամբողջ աշխարհում արգելված են զանգվածային միջոցառումները, մշակութայինները՝ առաջին հերթին։ Այս արգելքը մի քանի օրերի ընթացքում  «տեղականից» սահուն  քայլերով դարձավ համաշխարհային։ Մարդիկ ստիպված են մնալ տանը, ու հենց այդ պատճառով համաշխարհային թատրոնները ցանկացողների համար բացում են իրենց դռները, ու հոգ չէ, որ վիրտուալ։

Պետք է ուղղակի ճիշտ հասցեներ իմանալ։

Ի՞նչ դիտել, որտե՞ղ այցելել, ե՞րբ գնալ թատրոն։ «Ռադիոլուրը» հավաքել է համաշխարհային թատրոնների նոր՝ վիրտուալ հասցեները, խաղացանկն ու ժամանակացույցը։ Չէ՞ որ այսօր նաև Թատրոնի միջազգային օրն է, իսկ կարանտինը դեռ չի ավարտվել։

Թատրոնից թատրոն արժի սկսել գնալ  Digitaltheatre.com –ից։ Այս կայքում կարելի է գտնել բրիտանական արտադրության ներկայացումների ու մյուզիքլների տեսագրություններ, օրինակ՝  Շերիդան Սմիթի մասնակցությամբ Մանչեստրի պալատական թատրոնի «Զվարճալի աղջնակը», Ռոյալ Շեքսպիր Քոմփընիի արտադրության «Շեքսպիրը», «Կազանովա» բալետը։ Այս կայքում կարելի է գտնել նաև ներկայացումներ՝ Ռուսաստանից. «Լիր արքան», «Ժպտա՛ մեզ, Տեր», սրանք էլ Վախտանգովի թատրոնից։

Այստեղ ներկայացումները վճարովի են, բայց զեղչված. մեկ ամսվա արժեքը £10 է։ Բայց գրանցվելու դեպքում կարելի է առաջին ինը օրերը անվճար դիտել բոլոր ներկայացումները՝ dtremote գաղտնաբառով։

Իր դռներն է բացում նաև Մետրոպոլիտեն օպերան, որը վերջին 14 տարվա մեջ առաջին անգամ ամեն օր ուղիղ տեսակապով ցուցադրում է իր ներկայացումները։ Օպերային ներկայացումների տեսակապը սկսվում է մեր ժամանակով գիշերը 2.30–ին, իսկ ձայնագրությունը` Մետրոպոլիտենի պաշտոնական կայքում մնում է 20 ժամ։ Այսինքն, բոլոր նրանք, ովքեր Հայաստանում են, բայց միևնույն ժամանակ ցանկանում են գիշերը քնել, կարող են առավոտյան ժամին դիտել արդեն տեղադրված ներկայացումները։

Ծրագիրը հագեցած է․ օրինակ այսօր կարող եք դիտել Վագների «Մատանիների շարքի» երրորդ օպերան՝ «Զիգֆրիդը»։ Չարի դեմ պայքարի է կոչված իդեալական հերոս Զիգֆրիդը, որի դերակատարը Ջեյ Հանթեր Մորիսն է։ Ներկայացումներն անվճար են։

Արդեն ավելի քան 600 համերգ կարելի է դիտել Բեռլինի Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։ Դրա համար անհրաժեշտ է գրանցվել Ֆիլհարմոնիկի պաշտոնական կայքում մինչև մարտի 31-ը՝ հավաքելով BERLINPHIL գաղտնաբառը։ Անվճար դիտումները շարունակվելու են գրանցվելու պահից 30 օր շարունակ։

Հինգշաբթի և ուրբաթ օրերին Սիեթլի սիմֆոնիան աշխարհին իր երաժշտությամբ է վարակում։ Նվագախումբն ակտիվ է պահում իր հանդիսատեսին՝ կարանտինի օրերին։ Բոլոր համերգները կարելի է դիտել անվճար։

Այս կարճ ճանապարհորդությունը համաշխարհային մշակութային հաստատություններով ցույց տվեց, որ աշխարհը կարանտինի օրերին նաև լավն է։ Առաջին պայմանը ճիշտ ժամանակացույց, խաղացանկ ու հասցե իմանալն է, մնացածը հեշտ է՝ ճիշտ որոշել էկրանի ու բազմոցի հեռավորությունը։

Back to top button