ԿարևորՀասարակություն

Փառք քեզ Աստված, քրիստոնեա երկիր կերթանք. 105-ամյա Նուրհան պապիկի պատմությունը

105 տարեկան Նուրհան Ժոզեֆովիչը օրերս դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Նա նախ ուզում է քաղաքացի դառնալ, հետո շրջել Հայաստանով։

Նուրհան պապիկը 105 տարեկան հասակում վերջապես եկել է Հայաստան և   արդեն հիմնական  ապրելու նպատակով։ Վերջերս դիմել է նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։  105 տարեկան հասակում առաջին անգամ է  Հայաստանը տեսնում, ասում է` հետաքրքրված է, Հայաստանի մասին լուրերին միշտ է հետևել, սակայն զբաղվածության պատճառով չի հաջողվել գալ.

«Գործի պատճառով չէր հարմարվում, վերջապես, եղավ»,– ուրախությամբ նշեց Նուրհան Ժոզեֆովիչը՝ հավելելով. «Հայաստանի մասին լուրերը կառնեինք, միշտ կփափագեի Հայաստանը տեսնալ, բայց Հայաստան ապրելը շատ մտքես չէր անցներ, բայց անանք եղավ, որ իմ զարմիկը, անոր զավակը Հայաստան եկան ապրելու և շատ աղվոր բան մը եղավ»։

Նուրհան Ժոզեֆովիչը ծնվել է 1915 թվականին Կ. Պոլսում։ Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է այնտեղ։ 105-ամյա պապիկը մեզ պատմեց իր կյանքի մի քանի  փուլերի մասին, որոնցից  վերջին հանգրվանը  Հայաստանն է։ 

 «Պստիկությունից  մինչև հիմա երեք մասի բաժանված է։ Մեմը պստիկությունս հայկական շրջանակի մեջ եղած է, միշտ։  Անկե վերջը նախակրթարաններ, հայական վարժարան և հետո իտալական վարժարան հաճախած եմ։ Ավարտելեն ետքը  ինձի պաշտոն տված են։  Առաջին պաշտոնս եղել է իտալական բանկում։ Հինգ տարի աշխատել եմ այնտեղ և իմ փափագով հրաժարական տվի։ Կուզեի պետական աշխատանք, դեսպանատուն մտա»։

Իտալական դեսպանատանը Նուրհան պապիկն աշխատել է երկար տարիներ՝ մինչև համաշխարհային պատերազմը։ Այսինքն դեսպանատան աշխատակիցներին այլևս չէին կարողանում վճարել և փակվեց։ 1950 թ–ին  դեսպանատունը կրկին բացվեց, այս անգամ Անկարայում, և Նուրհան Ժոզեֆովիչին կրկին հրավիրել են աշխատանքի։ 1980թ–ից թոշակի անցնելուց հետո որոշում կայացրեց տեղափոխվել Իտալիա և բնակություն հաստատեց Հռոմում։  Նուրհան պապն ասում է, որ այս որոշման համար ամենից շատ իր մայրն է ուրախացել։

«Մեկնումի օրը, օդանավակայան գացինք, մայրիկս ձեռքերս բացեց և ասեց Փառք քեզ Աստված, քրիստոնեա երկիր կերթանք, ուրախությունն այդ էր»։  

Իտալիայի հետ կապը միշտ է եղել։ Հայրը առևտրական էր, գլխակագործ: Նյութերը բերում էր Իտալիայից և տեղում կարում գլխարկներ: Երեխաների լավ կրթություն ստանալու համար ապահովել է ամեն հնարավոր պայմանները:  Այսօր 105-ամյա պապիկը տիրապետում է հինգ  լեզուների՝ հայերեն, թուրքերեն, իտալերեն, ֆրանսերեն և անգլերեն։ Կես կատակ կես լուրջ ասում է, որ երջանկահիշատակ կինը, որը հունգարացի է եղել, երկու լեզու ավելի է իմացել։ Այսուհանդերձ կյանքի հիմնական մասը Նուրհան Ժոզեֆովիչն  անցկացրել է Թուրքիայում։ Մեր հարցին՝ թե արդյո՞ք որպես հայ ճնշումներ եղել են թուրքերի կողմից, նա ասաց, որ չի շփվել թուրքերի հետ․

 «Թուրքերու  հետ բարեկամություն չեմ ունեցած, չեզոք  մեկը եղած եմ, մտերմություն չկար, որովհետև քաշված ընտանիք մը  էինք»։

Ստամբուլում ծնված և մեծացած հայերը չեն տեսել այն նույն զրկանքները, որոնք ապրել են մեր հայրենակիցները մյուս քաղաքներում՝ Մուշ, Մալաթիա և այլն` խոսքին միանում է Նուրհան պապիկի քույրը՝ Ռիտա Արաքսը․

 «Մենք լավ դասակարգի մեջ եղած ենք, այսինքն ՝ մտավորական, զարգացած և շատ գանգատվելու բան մը չունեինք։ Բայց ընդհանուր Թուրքիայի մեջ վիճակը լավը չէր՝ ոճիրներ, ավազակություն, ատիկա անշուշտ հեշտ չէր ապրողներուն համար»։

Ռիտա Արաքսը և իր որդին ևս ապրում են Հայաստանում։ 80-ականներից ի վեր Հայաստանի հետ կապ են ունեցել, սակայն վերջերս են տեղափոխվել հիմնական բնակության։   

105-ամյա պապիկը ափսոսում է մի բանի համար, հոբբի չունի, ասում է ժամանակ չի ունեցել այլ բանով զբաղվելու։  Ափսոսում է նաև, որ այլևս մեքենա չի կարողանում վարել։ Բոլոր դեպքերում, դա չի խանգարելու  վաղեմի երազանքն իրականացնել` Հայաստանը տեսնել։ Անհամբեր  սպասում է, թե երբ ջերմաստիճանը կբարձրանա, տաք օրերը կսկսեն, որ կարողանա  շրջագայել Հայաստանով։

Back to top button