ԿարևորՀասարակություն

Լոռիում երեխաները չինարեն են խոսում կամ ինչպես հասկանալ COAF–ցիներին

Լոռեցի երեխաներն արդեն մի քանի տարին է մի հասցե գիտեն՝ COAF։ COAF–ն իրենց համար կամուրջ է մեծ աշխարհի ու Հայաստանի մի փոքրիկ կտորի միջեւ։

Այստեղ սովորեցնում են երազել, սովորել ու լինել ավելի լավը՝ մեծ մոլորակի վրա ճիշտ տեղերում հայտնվելու համար։

Ես COAF SMART կենտրոնում եմ Լոռվա բարբառով չինարեն իմացող  երեխաներից մի քանի մանրուք սովորելու համար։

Ե՛վ լոռիերեն, ե՛վ չինարեն։

COAF SMART կենտրոն հասնելու համար Երեւանից պահանջվում է 2 ժամից մի քիչ ավելի։ Ամեն առավոտ ինձանից մեկ ժամից մի քիչ ավելի է պահանջվում տնից աշխատանքի կամ անգլերենի դասի հասնելու համար։

Ու իմ հասած տեղերը, վստահեցնում եմ՝ պակաս գեղեցիկ, գրավիչ ու լավն են, քան COAF–ը, որտեղ ամեն օր լինելու հնարավորություն ունեն լոռեցի երեխաները։

Բայց նաեւ վստահ եմ՝ իրենք դեռ լիարժեք չեն գիտակցում, թե ինչքան բախտավոր են։

Դեբետ հասնելու նպատակս, որտեղ գտնվում է կենտրոնը, երեխաների չինարենի դասը «խանգարելն էր»։ Ինձ ասել էին, որ երեխաները չինարեն սովորում են Լոռվա բարբառով։

Իսկ ես կարծում էի, թե միայն չինարեն չգիտեմ։

-Ա, լըսըմ չես չինարեն կլինի թին տաոլ մե յո,– օձունցի 11 տարեկան Ռիման փորձում է ինձ չինարեն սովորեցնել։

— Լոռվա բարբառով նորից կկրկնե՞ս, ես դա ավելի վատ եմ հասկանում,– ծիծաղում ենք մենք ու փորձում նորից։

Ինձ համար չինարենն այնքան բարդ է, որքան որ Լոռվա բարբառը, երբ իրենք սկսում ենք արագ–արագ խոսել՝ իրար մեջ։

Չհասկանալու ալիքն իմ մեջ էլ ավելի է բարձրանում, երբ Ռիման Հայկի հետ, որ իր տարիքին է ու նույն գյուղից, սկսում են հոգուս հետ խաղալ՝ ավելի ու ավելի բարդացնելով իմ առջեւ դրված «հանձնարարությունը»։

«Սրան չես մըտիկ անըմ, գլի ես ո՞նց կլինի չինարեն», –ասում է ինձ Հայկն ու սկսում խոսել չինարեն, հետո լոռիերեն։ Հետո ես սկսում եմ խճճվել։

Դեբետի COAF SMART կենտրոնը Լոռվա 50 գյուղերի երեխաների համար վերջին տարիներին դրախտ է։ Ու հենց այստեղ է, որ լոռեցիները հնարավորություն ունեն ինձ ու ինձ պես շատերին սովորեցնելու՝ ինչպես ներկայանամ՝ ասենք չինարենով։

Լավ կլիներ՝ առանձին Լոռվա բարբառի դասեր էլ անցնեի, եթե ուզածս  Հայկի ու Ռիմայի հետ լեզու գտնելն է։ Կենտրոն եկող երեխաներից յուրաքանչյուրը գիտի, որ իր մեջ տաղանդավոր մի բան կա։ Ժամանակ է պետք գտնելու համար, թե կոնկրետ՝ ինչ։

«Երեք տարի Շանհայում եմ ապրել, հիմա COAF–ում չինարենի ծրագրավար եմ,– ասում է Մեգին։ –Աշխարհի ամենաբարդ լեզուներից մեկն են սովորում, ու մի քանի դասից հետո սկսում խոսել, էլ դրանից ավելի տաղանդավո՞ր»։

COAF–ը Հայկի, Ռիմայի ու իրենց պես հարյուրավոր երեխաների համար միակ տեղն է, որտեղ երեխաների համար ժամանակ ունեն, հասկանում են։

Սովորաբար կենտրոնից դուրս էլ COAF–ցիներին, որ արդեն չինարենով շատ բան գիտեն, հասկանում են այնքան, ինչքան ես՝ կմկմալով։

«Ամենալավ լեզուն էս էր»,– Հայկը գիտի արդեն 11 տարեկանում։

Ամենալավ լեզուն ամենալավ լոռեցիների համար հիմա արտահայտման միջոց է, սովորեցնելու գործիք, մեծ աշխարհին կապող փոքրիկ կամուրջ, որ տարիներ անց, հաստատ, Ռիմային Երեւան կբերեն՝ չինարենի մասնագետ դարձնելու, Հայկին էլ՝ Չինաստան կտանեն։

Այստեղ երազանքներն ուղիղ համեմատական են իմ հասկացողության հետ՝ 11 տարեկան օձունցիները գիտեն ավելին, քան` ես։

Որովհետեւ նրանց երազանքները համարձակ են։

Back to top button