ԿարևորՔաղաքական

Սենատոր Լինդսի Գրահամը վետո է դրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վրա

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Տեղի ունեցավ այն, ինչից խուսափում էինք: Սենատոր Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ: Դա տեղի ունեցավ Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո, որին մասնակցում էր սենատորը»:

Իր որոշման մասին, ինչպես  ՏԱՍՍ  գործակալությունն է գրում, Գրահամը Սենատի նիստի ժամանակ ասել է.

«Ես հենց նոր եմ հանդիպել նախագահներ Էրդողանի և Թրամփի հետ և նրանց հետ քննարկել եմ այն խնդիրները, որոնց բախվում ենք Սիրիայում… Հուսով եմ՝ Թուրքիան և Հայաստանը կմիավորվեն և կլուծեն այդ հարցը»,- հայտարարել է սենատորը: Ըստ Գրահամի՝ բանաձևի կասեցման որոշումը կայացրել է ոչ թե անցյալի, այլ ապագայի համար:

Կոնգրեսի վերին պալատի օրենսդրության համաձայն՝ ցանկացած սենատոր կարող է կասեցնել օրենսդրական նախաձեռնությունը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում (խորհրդարանի ստորին պալատում) Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո ևս մեկ այդպիսի նախագիծ շրջանառության մեջ էր դրվել ամերիկյան խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում, որին միացել էին 24 սենատոր:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցել է նոյեմբերի 13-ին: Բանակցությունները տևել են մեկ ժամ 15 րոպե: Սպիտակ տանը երկու երկրներիի նախագահների հանդիպումն անցել է փակ ռեժիմով՝ առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցութան: Առանձնազրույցից հետո Թրամփն ու Էրդողանը շարունակել են բանակցություններն ընդլայնված ձևաչափով:

Բանակցությունների հիմնական թեմաները Սիրիայի հյուսիսում ստեղծված վիճակը, ինչպես նաև Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 հակահրթիռային համակարգերի ձեռքբերման շուրջ Վաշինգտոնի և Անկարայի միջև ծագած տարաձայնություններն են եղել: Հանդիպման սկզբում Թրամփը բարձր է գնահատել իր թուրք գործընկերոջ հետ հարաբերությունները և հավելել, որ երկու կողմերը 100 միլիարդ դոլարի պոտենցիալ առևտրային գործարք կքննարկեն:

Back to top button