ԿարևորՄշակույթ

Առաջին վարչապետի գծագրերը. կորուսյալ արվեստը ճարտարապետության թանգարանում

Ժամանակին մաքուր սպիտակ թուղթն անսահման ազատ տարածություն էր նկարչի, ճարտարապետի համար՝ սեւով գծեր տանելու ու արվեստի մեկ այլ գործ ստեղծելու համար: Գծերի կորուսյալ այս արվեստը Ճարտարապետության ազգային թանգարանում արվեստանոցներից դուրս են բերվել:

Գծերի արվեստը կախված կլինի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում՝ այսօրվանից սկսած ուղիղ մեկ ամիս: Գծանկարը կամ ճարտարապետական գրաֆիկան կորուսյալ է, կարծում են թանգարանում, ճարտարապետական շրջանակներում:

Արվեստանոցներում այսօր դժվար է գտնել ճարտարապետների, որոնք ստեղծագործում են թղթի վրա՝ մատիտով: Իսկ ժամանակին դրանք արվեստի մի առանձին ստեղծագործություն էին:

«Երբ համակարգիչները չկային, մարդիկ գծագրում էին այնպես, որ դառնա արվեստի գործ: Գծագիրն ինքն էր այնքան լավը, որ առանձին արժեք էր: Ներկայացված են առաջին վարչապետ Քաջազնունու, Թամանյանի, Գրիգորյանի և 20-րդ դարի մյուս անվանի ճարտարապետների գծագրերը»,- ասում է թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը: 

Փոշոտ պահոցներից, անձնական արխիվներից ու մոռացված դարակներից տարբեր չափերի, ձեւերի ու գույների գծագրերը կպատմեն կորուսյալ արվեստի մասին: Մեկ այլ ոլորտ էլ կա՝ պատմական հուշարձանների չափագրումը՝ կետերով, ասում է թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը:

«Տուշով, կետիկներ դնելով կարողացել են ստանալ ծավալներ, կարողացել են ներկայացնել շենքը, շինությունն այնպես, ինչպես որ կա»:

Իսկ Միքելանջելոն` Վերածննդի դարաշրջանի մեծանուն քանդակագործն ու գեղանկարիչը, պոետն ու ճարտարապետը, վստահ էր` նա, ով տիրապետում է գծանկարի արվեստին, տեր է մի մեծ գանձի: Իսկ ի՞նչ կասեր Միքելանջելոն, եթե իմանար, որ իր համար բարձրագույն արվեստն այսօր ստեղնաշարի ու համակարգչի էկրանի վրա է:

Back to top button