ԿարևորՎերլուծական

Վրացական 200 հեկտարը՝ ադրբեջանական վերահսկողության տակ․ Բաքվի տարածքային նկրտումները

Այսօր հրապարակվել են հետաննության տվյալներ, որոնք վկայում են վրացական տարածքների նկատմամբ ադրբեջանական նկրտումների մասին: Լրագրողական հետաքննություններով զբաղվող, բաց աղբյուրների վրա հիմնված հայտնի Bellingcat կայքի հրապարակած տեղեկատվության համաձայն, Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել Վրաստանի տարածք հանդիսացող ընդհանուր առմամբ շուրջ 200 հեկտար կազմող սահմանամերձ հողակտորի նկատմամբ։ Բաքուն իր առաջխաղացման հիմքում նպատակ է դրել վերահսկողություն հաստատել  հայկական դիրքերի նկատմամբ։

Մասնավորապես, Bellingcat-ը հետազոտել է Google-ի կողմից արված վերջին արբանյակային լուսանկարները, որոնք վկայում են, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերի հենակետեր են հայտնվել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանների հատման վայրում գտնվող Բաբաքյար լեռան վրացական հատվածում։ 

Bellingcat-ի  հրապարակած արբանյակային լուսանկարներից երևում է, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերը չորս նոր հենակետեր են ստեղծել այս հատվածում։ Դրանք 140-ից 370 մետր հեռու են Ադրբեջանի բուն տարածքից  և գտնվում են Վրաստանի Քվեմո-Քարթլի շրջանում: Bellingcat-ը նաև գրում է, որ  Վրաստանի տարածքում ստեղծված ադրբեջանական հենակետերից մեկը Բաքու-Գյանջա-Թբիլիսի մայրուղու վրա գտնվող վրացական «Կարմիր կամուրջ» սահմանային անցակետից հեռու է ընդամենը  380 մետով և գտնվում է  գերիշխող բարձունքի վրա: Իրադարձությունները  ծավալվել են 2019 թվականի գարնանը՝ ապրիլ-մայիս ամիսներին։

2019-ի ապրիլին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնեցին, որ հսկողության տակ են առել ռազմավարական նշանակության բարձունքները Հայաստանի հետ սահմանին: Ադրբեջանի սահմանապահ զորքերի շտաբի պետ, գեներալ-մայոր Էլչին Իբրահիմովը օգոստոսի 16-ին հայտարարել էր, որ «ադրբեջանցի սահմանապահներին հաջողվել է առաջ շարժվել մի քանի ուղղությամբ և դիրքեր գրավել ռազմավարական բարձունքներում»:

Իսկ 2019-ի օգոստոսին հայկական ԶԼՄ-ները գրեցին, որ 2019-ի ամռան ընթացքում 3-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները, հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ, Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում բարելավել էին դիրքերը, ինչը, մասնավորապես, էապես բարձրացրել է Հայաստան-Վրաստան միջպետական հատվածի որոշ հատվածների անվտանգության մակարդակը։

«Google համակարգի տրամադրած լուսանկարները իրականում բավականին պարզություն են մտցնում այս հարցում։ Լուսանկարներում պարզ երևում է թե ինչ տեղաշարժ է  եղել մարտ–ապրիլ ամիսների ընթացքում։ Իրականում ադրբեջանական ուժերը փորձել են առաջ գալ, մոտեցել են սահմանին մի քանի հարյուր մետր։ Բայց նույն ժամանակաշրջանում բավականին օպերատիվ առաջ են շարժվել նաև հայկական զինված ուժերը՝  կանխելու ադրբեջանկան կողի կողմի սադրանքը։  Եվ եթե իրենք 400 մետրի չափ են մոտեցել մեր սահմանին, ՀՀ զինված ուժերը շուրջ մեկուկես կիլոմետր առաջ են շարժվել և ամրացել Հայաստան–Ադրբեջան սահմանագլխին»,- «Ռադիոլուրին»  պատմում է Bellingcat-ի հոդվածի համահեղինակ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը, հավելելով, որ ադրբեջանական կողմի շարժի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմը առաջ է շարժվել հիմնականում վրացական տարածքի հաշվին՝ դիրքային առավելություն ստանալով վրացական մաքսային անցակետի նկատմամբ։

«Հայաստանի նկատմամբ որևէ մարտավարական, առավել ևս` ռազմավարական առավելության չեն հասել, որոշ դեպքերում Հայաստանի զինված ուժերն են գերակա դիրքի հասել»,-շարունակում է Հովհաննիսյանը։  

Հարցը, իհարկե,  նախևառաջ անհրաժեշտ է դիտարկել վրաց–ադրբեջանական հարաբերությունների տիրույթում։  Վրացական քաղաքական և լրատվական շրջանակներում թեմայի վերանբերյալ տեղեկատվությունը սուղ է, եթե չասենք՝ չկա ընդհանրապես։  Վրացագետ Ջոնի Մելիքյանը «Ռադիոլուրի»  հետ զրուցում փաստում է․ քանի որ սահմանազատման գործընթացը վրաց–ադրբեջանական սահմանին չի ավարտվել, այդ հատվածները հարցականի տակ են։ Սակայն ամբողջ շարժը, որը տեղի են ունենում սահմանային հատվածում վրացական կողմից, անշուշտ,  չի  մնում չֆիքսված։  

«Պետք է հասկանանք, որ պետական սահմանի շատ հատվածներ չեզոք գոտին են համարվում, և չեզոք գոտու հաշվին կարող են առաջ գնալ։ Քանի որ հարցը փակ չէ, ադրբեջանական կողմը փորձում է նախաձեռնողականություն դրսևորել և իր շահերը առաջ տանել։ Պետք է հասկանալ, որ կա պրագմատիկ մոտեցում Վրաստանի կողմից․ ունենալով որոշ խնդիրներ, վրացական կողմը նաև հասկանում է, որ Ադրբեջանը Վրաստանի առևտրային գործընկերների առաջին տասնյակում է, վերջին տարիներին թիվ մեկ ներդրողն է՝  Վրաստանի տարածքում ենթակառուցվածքային տարբեր նախագծեր են իրականացվել, կա էներգետիկ համագործակցությունը, Թբիլիսիի կախվածությունը։ Այդ ամենը բերում է նրա, որ երկկողմ հարաբերությունները  ռազմավարական նշանակության են»,- նշում է վրացագետը։  Փորձագետի խոսքով, Բաքուն վարում է Թբիլիսիի նկատմամբ նման քաղաքականություն,  չնայած երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթին։ 

Վրաց–ադրբեջանական հարաբերությունների տեսանկյունից հարցը վերլուծում է նաև ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։ «Չենք կարող ասել, որ սա տեղի է ունեցել վրացական կողմի գիտությամբ,  քանի որ, նախևառաջ, այս ամենը չի բխում հենց Թբիլիսիի շահերից», — նշում է ադրբեջանագետը։  Տարոն Հովհաննիսյանի համոզմամբ, Վրաստանի համեմատաբար կրավորական կեցվածքը  շատ հարցերում  պայմանովրված է վրացական տնտեսությունում Ադրբեջանի և Թուրքիայի ունեցած մեծ դերով, երկրում թուրքական և ադրբեջանական կապիտալի ներկայությամբ։ «Դա որոշակի առումով ճնշում է Վրաստանի գործողությունները, թույլ չի տալիս ավելի համաչափ գործողություններ իրականացնել Ադրբեջանի նկատմամբ»,- եզրափակում է Հովհաննիսյանը։

Back to top button