ԿարևորՏեսանյութեր

Գիտությունը փող չի ստանում ու փող չի բերում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Շուրջ 33  մլն դոլար  կամ  ՀՆԱ-ի  0.3 տոկոսը. Հայաստանում  պետական  բյուջեով գիտությանն այսքան գումար է տրամադրվում: 

Եթե գիտության ֆինանսավորումը  ՀՆԱ-ի  0.6 տոկոսին չի հասնում,  ապա գիտության ինքնավերարտադրումը կանգ է  առնում՝  «Ռադիոլուրի»  հետ զրույցում այս տեսակետը հայտնել է  Գիտության   կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը :  Մյուս հիմնական խնդիրը,  ըստ նրա,  գիտություն-տնտեսություն խզված կապն է: Գիտական առաջարկներ կան, բայց դրանք տնտեսություն չեն հասնում:

Գիտություն-տնտեսություն կապը Հայաստանում խզված է. գիտական հիմնարկներն  առաջարկներ ներկայացնում են,  բայց  դրանց չնչին մասն է տնտեսություն  հասնում:  Հիդրոպոնիկայի հիմնախնդիրների   ինստիտուտում զբաղվում են,   այսպես ասենք,  այլընտրանքային  գյուղատնտեսության զարգացմամբ:  Ինստիտուտի փոխտնօրեն Աննա  Թադևոսյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է.

«Ամենացավոտ հարցը գիտություն-տնտեսություն խզված կապն է: Մենք տնտեսական արդյունավետության հաշվարկներ անում ենք, բայց սիրողական մակարդակով: Հիմա մեզ մարկետոլոգներ, տնտեսագետներ , բիզնեսի կառավարիչներ են պետք,  որ կարողանանք շուկա դուրս գալ»:

Գյումրիում գտնվող  Նազարովի անվան երկրաֆիզիկայի ու սեյսմաբանության ինստիտուտում էլ նախագծում  ու  առաջարկներ են ներկայացնում  սողանքների,  երկրաշարժի, հեղեղման կամ  ջրամբարի փլուզման դեպքերում: Այստեղ էլ  վստահեցնում են՝  ունեն ոչ միայն ցանկություն, այլ նաև գիտական ներուժ, անհրաժեշտ սարքավորումներ՝ աղետները կանխատեսելու  համար: Ծրագրային ապահովությունը մշակված է, պատրաստ  են աշխատանքի:   Ինստիտուտի  տնօրեն Ջոն Կարապետյանն է զրուցակիցս: Նա մի օրինակ է բերում  իրենց առաջարկից,  որը հնարավոր է ներդնել տնտեսության մեջ: 

«Սա նոր սեյսմիկ տպիչ է, որն  իր տեխնիկական պարամետրերով չի զիջում  միջազգային  նմանատիպ սարքավորումներին,  բայց  բավական էժան է: Մենք ենք նախագծում, արտադրում, մշակում: Այլ ֆիրմաների նմանատիպ սարքերը մոտ  10 հազար դոլար արժեն,  մենք դա անում ենք շուրջ  3 հազար դոլարով՝  ի հաշիվ նորարարական լուծումների: Սրանք միայն սեյսմիկ կայանների կազմակերպման համար չեն»:

Այս ինստիտուտում էլ  սարքավորումների մի  մասը հնացել է, հին հաստոցներով  աշխատում են , բայց  դրսից պատվերներ ստանալու  դեպքում գործն դժվարանում է:  

Գիտությանն ուղղվող գումարները քիչ են, սարքավորումները՝ հնացած ՝ ասում են  զրուցակիցներս:    Նաև փաստում են՝  իրենց առաջարկները գիտության մեջ ներդնելով առավելապես պետությունը պետք է զբաղվի:

Գիտություն-տնտեսություն կապը վերագտնելու  հույսով էլ  Գիտության կոմիտե այցելեցի, որտեղ զբաղվում  են   հետազոտական ծրագրերի իրականացմամբ:  Ֆունդամենտալ հետազոտությունից  մինչև  կիրառություն ճանապարհին   նախ պետք է ձևակերպվի  գիտական խնդիրը, հետո դրա տեսական ուսումնասիրությունն անել և հասնել  փորձակոնստրուկտորական փուլին  ՝ ասում է  Գիտության  կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

«Եթե արդյունքն այնպիսին է, որը հնարավոր է տնտեսության մեջ կիրառել, պետք է անպայման փորձակոնստրուկտորական փուլ անցնի: Պետք է գումար տրամադրել, որ  գիտական միտքը գիտական ապրանքի վերածվի: Վերջին փուլը գիտական ապրանքի առևտրայնացումն է՝ արտադրության կազմակերպում և վաճառք: Մեր հիմնական խնդիրն առաջին երկու փուլերի իրականացումն է»:

Հարությունյանն ընդգծում է՝ պատրաստի արտադրանքի առևտրայնացումն  իրենց խնդիրը չէ: Իսկ պրոդուկտը տնտեսություն չի մտնում մի քանի պատճառներով:

«Մեր տնտեսությունը դեռ չի հասել այն մակարդակի, որ  կարողանա գիտնականի արտադրանքն իր բիզնեսում օգտագործել: Ավելի ձեռնտու  է պատրաստի  ապրանք գնել ու արագ  շահույթ ստանալ, քան  մեր գիտնականին պատվեր տալ, սպասել իրականացմանը, հետո վերցնել, կիրառել ու նոր միայն շահույթ ստանալ:  Գիտություն-մասնավոր հատված կապի խնդիր կա: Մեզ ինչ-որ չափով հաջողվեց  ինովացիոն ծրագրերով այդ կապը ապահովել»:

Ռազմակական  արդյունաբերության մեջ գիտական  արտադրանքի առևտրայնացման փորձ արդեն կա:  Սամվել Հարությունյանը թվարկում է կոնկրետ օրինակներ:  

«Օրինակ, անօդաչու սարքերը, ռադարները, որ կիրառվում են: Նաև՝ նշանառության սարքեր կան, որոնք աշխատում են լազերային համակարգերով: Ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում ունենք հաջողություններ:  Մենք կարողանում ենք գտնել, հայտնաբերել թշնամու թռչող օբյեկտներն ու մտածել դրանք վերացնելու ուղղությամբ:

Գիտության կոմիտեի նախագահը կարծում է, որ պետք է միջոցներ չխնայել գիտությունը  ֆինանսավորելու համար:  Հայաստանում ոլորտին ուղղվում է ՀՆԱ-ի հազիվ   0.3 տոկոսը:

«0.3 տոկոսն այն թիվը չէ, որը կարող է գիտության զարգացում ապահովել: Գոյություն ունեն միջազգային ստանդարտներ. եթե  ֆինանսավորումը ՀՆԱ-ի 0.6 տոկոսից պակաս է, ապա գիտության ինքնավերարտադրումը կանգ է  առնում:  Այս բյուջեով լուրջ բաներ հնարավոր չէ անել»:

Հարությունյանը,  ֆինանսական ռեսուրսների սղությունից բացի, խոսում է  նաև գիտահետազոտական ինստիտուտների  տնօրենների մասին:  Ասում է՝ նրանք  պետք է նաև լավ մենեջեր լինեն: Լավ գիտնական լինելը  քիչ է գիտական արդյունքը   առևտրայնացնելու համար: 

«Մեր գիտական հիմնարկների տնօրենների մեծ մասը հեռու է մենեջմենթից:  Պետք է մտածողության փոփոխություն: Երբ գիտական հիմնարկի տնօրեն ենք ընտրում, պետք է ուշադիր լինենք ՝ այս մարդն ի վիճակի՞ է շուկա ուսումնասիրել, ի վիճակի՞ է մասնավոր հատվածի հետ համագործակցել, ունի՞ մենեջմենթի որոշակի շնորհք, թե՞ ոչ»:

Ինչու՞ եք ընտրում նրանց՝  հարցին  Սամվել Հարությունյանը պատասխանում է՝ գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններին ընտրում է ԳԱԱ-ն:

«Հարցրեք ընտրողներին: Գիտության  կոմիտեն  ֆինանսավորում է, սակայն, տնօրենին ընտրում է ԳԱԱ-ն: Այսինքն, մեզանում  կառավարման խնդիրներ էլ կան: Տարօրինակ  չէ՞, որ փողը տալիս է մեկը, տնօրենին նշանակում է մեկ ուրիշը»:

Գիտության  կոմիտեի նախագահը կարծում է, որ   կառավարչական խնդիրները կլուծվեն  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով:

Back to top button