ԿարևորՀասարակություն

Շարունակել ենք այն խոսակցությունը, որն ունեցել ենք Երևանում. Ի. Պոպով

Այսօր շարունակել ենք այն խոսակցությունը, որն ունեցել ենք Երևանում` «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ ԱՀ նախագահ Բակո  Սահակյանի  հետ հանդիպումից հետո լրագրողների  հետ   ճապազրույցում  ասել է   ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ  Իգոր Պոպովը (ՌԴ):

Հանդիպմանը   պատմել են Նյու Յորքում  ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների մասին: «Հանդիպմանը  ներկայացրել ենք  մեր մոտեցումներն ու տեսլականը` հումանիտար օգնության այն հարցերի շուրջ, որոնք քննարկվել են ՀՀ վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև` Վիեննայում կայացած վերջին հանդիպման ժամանակ: Անդրադարձել ենք մասնավորապես` լրագրողների փոխանակման, ինչպես նաև երկկողմ ազատազրկվածների խնդիրներին վերաբերող հարցերի: Այդ առումով ունենք մի քանի մտահղացումներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են: Վերջերս մեր եռյակը եղել է նաև Ժնևում, որտեղ հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուերին, ում հետ այդ թեմայով զրույց ենք ունեցել: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա երկու երկրների արտաքին գործերի նախարարի համաձայնության դեպքում, նախատեսում ենք.  այն կարող է կայանալ դեկտեմբերին` Սլովակիայի մայրաքաղաք` Բրատիսլավայում կայանալիք համաժողովի շրջանակում: Ցանկության դեպքում մենք պատրաստակամ ենք` կազմակերպելու այդ հանդիպումը»,-ասել   է   Ի.  Պոպովը:

Հարցին, թե ինչպես է կմեկնաբանի Սոչիում կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Արցախը` Ադրբեջան է, Ի. Պոպովն ասել է, որ այդ հարցին արդեն իսկ գնահատական է տվել   ՌԴ արտաքին գործերի նախարարը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին շեշտելով բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման եւ հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը:

Back to top button