ԿարևորՀասարակություն

Թիրախում դարձյալ «Արևիկն» է. որքանո՞վ են համադրելի ազգային պարկն ու երկրաբանական ուսումնասիրության տարածքը

Նունե Ավետիսյան
«Ռադիոլուր»

«Նարիպրոֆ» ՍՊԸ-ի հանքերևակման  երկրաբանական ուսումնասիրության տարածքը, որը գտնվում է Նռնաձորում, «Արևիկ» ազգային պարկի տարածքո՞ւմ է, թե՞ ոչ։ Ի՞նչ է ապացուցում երկու տարածքների համադրումը և ի՞նչ  պարզաբանում է տալիս  շրջակա միջավայրի նախարարությունը։

«Կարմիրով նշված  սահմանը  նախատեսվող երկրաբանահետախուզական տարածքն է, իսկ կանաչով նշվածը «Արևիկ» ազգային պարկի  տարածքն է։ Քարտեզով տեսնում ենք, որ կեսից ավելին ազգային պարկի տարածքի մեջ է»,-ասում է քարտեզագիր Արման Կանդարյանը՝ ցույց տալով, թե որքանով է ներգրավված «Արևիկ» ազգային պարկի տարածում վերջերս ակտիվ քննարկվող «Նարիպրոֆ» ՍՊԸ –ի Նռնաձորում պղինձ-ոսկեբեր հանքերևակման  երկրաբանական ուսումնասիրության տարածքը ։  

Երկու նյութերի համադրումով՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքը և հանքի հետախուզական սահմանների կոորդինատները համադրելով կադաստրային շերտի հետ (2009 թվականին կառավարության որոշմամբ հաստատվեց «Արևիկ» ազգային պարկի սահմանները), հստակ երևում է, որ տարածքի մեծ մասը մտնում է ազգային պարկի տարածքի մեջ։

Խոսքը հենց Նռնաձորի տարածքի մասին է։ Ի դեպ, ազգային պարկի տարածքում հանդիպում են Կարմիր գրքի բուսատեսակներ և կենդանատեսակներ։ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանը փաստում է, որ Կովկասյան հովազ վերջին անգամ այստեղ են նկարել․ «Սա հենց ընձառյուծի տարածքն է։ Վերջին անգամ «Արևիկ» ազգային պարկում նկարված կենդանին հենց այս տարածքում է եղել»։ 

Թե ինչ հետևանք կարող է թողնել կենսաբազմազանության վրա ուսումնասիրությունները, Մանվելյանը միայն  նշեց․«Իրենց ասելով չի վնասվելու, նույնիսկ ձիերով են գնալու և այլն․․․ Բայց ուսումնասիրության  լոգիկան ո՞րն է, եթե չի շահագործվելու։ Եթե ձիերով էլ գնան, այնտեղ պետք է ոչ մի գործողություն, ձայն չլինի, որպեսզի կենդանիները չթողեն գնան, հատկապես ընձառյուծը։  

Հայաստանի պահպանվող տարածքները հիմնականում մեկ խնդիր ունեն՝ քարտեզագրված  տարածքների խնդիր, որոնք  հաստատված չեն և շատ հաճախ տարընթերցումների առիթ են դառնում։  Այսպես օրինակ՝  կենսառեսուրսների պահպանման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների  և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը մեզ հետ հեռախոսազրույցում պնդեց, որ երկրաբանական ուսումնասիրության տարածքը ազգային պարկում չէ.

«Ազգային պարկի տարածքում չի, դա ընդամենը ուսումնասիրությունների թույլտվություն է։ Սահմանված քարտեզով «Արևիկ» ազգային պարկն ունի հողերի նպատակային  նշանակությունը փոխած տարբերակ, հաստատված քարտեզ չկա, սակայն ողջ 33 հազարը պահպանվող տարածք է համարվում։ Հիմա եթե   հետազոտության թույլտվուն են տալիս, ապա էտ քարտեզի հետ անպայման համեմատում են»։

Քարտեզները, սակայն, արդեն համադրվել են և հստակ երևում է, թե որքանով է երկրաբանահետախուզական տարածքը ներառված ազգային պարկի տարածքում։ «Նարիպրոֆ» ՍՊԸ-ն Նռնաձորի տարածքում պղինձ-ոսկեբեր հանքերևակման  երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն սկսել է 2016 թվականին։ Երեք տարով թույլտվություն ստացել է, իսկ  ժամկետը  լրանալուն պես՝ 2019-ին, «Նարիպրոֆը» նախագիծը երկարաձգելու  հայտ է ներկայացրել, որը շրջակա միջավայրի նախարարությունը բավարարել է։ Այժմ ուսումնասիրությունները պետք է շարունակվեն մինչև  2021թ-ը։  

Back to top button