ԿարևորՀասարակություն

Պահածոներում շաքարի փոխարեն՝ մեղրախոտ

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Տավուշի մարզի Բերդավանի գինու գործարանը, որպես տնտեսվարող հրաժարվել է օգտվել սահմանապահ գյուղերին հատկացված արտոնություններից, և արդեն 2-րդ տարին սկսել է սեփական ապրանքանիշով գինիների ու պահածոների արտադրություն: Ընդհանուր առմամբ թողարկում է 70 տեսակ արտադրանք: Պահածոներում շաքարի փոխարեն օգտագործվում է մեղրախոտ, որը  ցուցված է շաքարային դիաբետով հիվանդներին:

Ստեվիա կամ մեղրախոտ բույսի տերևները քաղցր են և համով չեն տարբերվում շաքարից, սակայն քիչ կալորիականությամբ, մեղրախոտն արյան մեջ չի բարձրացնում գլյուկոզան:

Բերդավանի գինու գործարանում կոմպոտների, բնական հյութերի, ջեմերի և մուրաբաների մեջ  շաքարի փոխարեն օգտագործվում է մեղրախոտը: Գործարանի տնօրեն Արշակ Ավագյանը երկար էր փնտրել շաքարային հիվանդներին  օգնելու տարբերակը:

«Մենք առնում ենք «կրիստալը» ամենաբարձր մաքրությամբ, քաղցրացնող նյութ է, շատ դիետիկ, կալորիա չունի: Կոմպոտների մեջ կալորիան առաջանում է մրգից, 100 մլ կոմպոտի մեջ 5 կկալ է, որը թույլատրված է դիաբետիկներին և նրանց, ովքեր չեն ուզում ավելորդ կալորիա ունենալ»:

Մեղրախոտը ներկրում են Լատինական Ամերիկայից, հիմնականում՝ Պարագվայից, բայց սկսել են նաև արտադրել Արցախում և Ալավերդիում: Իմ այցի ժամանակ պահածոների արտադրամասում «Ուսպեխ» սորտի դեղձի կոմպոտներ էին պատրաստում: Արտադրության մի մասը մեքենայացված էր, մի մասը՝ մեխանիկական: Աշխատողները  Նոյեմբերյանից  էին, Բերդավան ու հարևան գյուղերից: Պահածոների արտադրամասի պետ Թամարա Գիշյան.

«Օրական տալիս ենք 2800-ից մինչև 3000 շիշ արտադրանք: Էս պահին նորակառույց արտադրամասում աշխատում է 5 բանվոր, այստեղ՝ 8: Երկհերթ են աշխատում, մինչև 8 ժամ, բայց անհրաժեշտության դեպքում նաև 10 ժամ: Աշխատավարձը ժամավարձով է, 1 ժամը՝ 350 դրամ»:

Աշխատողների միջին աշխատավարձը 80-100 հազար դրամ է: Ժաննա Նասիբյանը երաժշտության ուսուցչուհի է, աշխատանքը կորցրել էր ժամանակավոր Երևանում բնակվելու պատճառով, վերադարձել է ու աշխատանքի անցել գործարանում:

«Բացման օրվանից եմ աշխատում, անցած տարվա մայիսից, այս աշխատանքով  ապրուստի ինչ որ միջոց  վաստակում եմ»:

Կոմպոտների ջուրը 6 աստիճանի մշակման է ենթարկվում, մաքրվում, ուլտրամանուշակագույն ճառագայթներով մանրէազերծվում և փափկեցվում, հետո օգտագործվում: Սա գործարանի նորագույն տեխնոլոգիաներից է: Սեզոնային աշխատանքներին պահածոների արտադրամասում ներգրավված է 30-35 աշխատող: Բանջարեղենի պահածոներ պատրաստելիս տնօրենն աշխատում է Տավուշի և Արմավիրի մարզի ֆերմերների հետ: Արշակ Ավագյանն ասում է, որ Արմավիրից է բերում նաև ծիրանը:

«Ծիրանը Մրգաշատ գյուղից եմ գնել, բանջարեղենը՝ Եղեգնուտ, Ջանֆիդա գյուղերից: Ամեն մի բերք ես պասպորտիզացիա եմ անում, գնում եմ, տեսնում դաշտը, պայմանավորվում բերքահավաքից  3-5 օր առաջ որևէ բուժում արած չլինի, եթե սրսկած են լինում դաշտում երևում է: Աշխատում եմ այն ֆերմերների հետ, որոնք համաձայնվում են իմ պայմաններին: Որակն ապահովում են, մենք մի քիչ թանկ ենք վճարում, բնականաբար»:

Գործարանի տարածքում  2500 քմ-ի վրա փորձարարական դաշտ են հիմնել, որտեղ  մի քանի սորտի լոլիկ ու պղպեղ են մշակում: Ընտրելու են այն տեսակները, որոնք  նպատակահարմար են  պահածոյացվող  արտադրատեսակների  համար:

«Մեզ պետք չի, որ մենք աճեցնենք, մեզ պետք են սածիլները, որոնք կբաժանենք գյուղացիներին ու իրենք կաճեցնեն: Հիմա մենք փորձարկում ենք սորտերը: Հիմնելու ենք ջերմոցներ: Կառավարությունը խոստացել է 50 տոկոսով աջակցել մեզ»:

Բացի դա հողատարածք են տրամադրել գյուղատնտեսական կոոպերատիվին՝ սառնարան կառուցելու համար: Բերդավանի գինու գործարանը հրաժարվել է սահմանապահ գյուղում գործունեություն ծավալելու հարկային արտոնություններից: Տնօրեն Արշակ Ավագյանը բացատրում է ինչու՞.

«Մեր համայնքը ազատված է հարկերից, բայց հարկային այս արտոնությունը արտահանողների համար այդքան էլ հետաքրքիր չի, որովհետև մենք ինչ ձեռք ենք բերում, բացի ֆերմերներից գնած միրգն ու բանջարեղենը, ամեն ինչ հարկվում է ԱԱՀ-ով: Դա մտնում է ինքնարժեքի մեջ և երբ արտահանվում է ավելացած արժեքի հարկը մնում է ինքնարժեքի մեջ, մենք չեն կարող դա ետ վերցնել: Մեր տնտեսության համար դա հարմար չի, երբ, որ նախատեսել ենք մեր արտադրանքի 70-80 տոկոսն արտահանել»:

 Անցած տարվանից արտադրում են նաև մրգային գինիներ ու օղիներ: Իսկ գինու  հիմնական արտադրանքը «Լալվար» ապրանքանիշով գինին է, որն արտադրվում է տեղի լալվար սպիտակահյութ խաղողից:

Back to top button