ԿարևորՀասարակություն

«Դավարո»՝ հայկական ԱԹՍ արտադրող ևս մեկ հասցե

Ռազմարդյունաբերության ոլորտում կայացման հայտ ներկայացրած «Դավարո» ընկերության արտադրանքը ստեղծվում է միջազգային նորագույն չափորոշիչներով։ Ընկերության պատասխանատուները վստահեցնում են՝ արտադրանքը մրցունակ է որակով ու գնով, արտաքին շուկայում էլ իրենց տեղն ամրագրելու հնարավորություններ ունեն, բայց ամրագրվելու և հաստատվելու կարիք ունեն դեռ սեփական երկրում։  Ընկերության ստեղծած 12 նախագծերը  սպասում են սերիական արտադրության, դրանց թվում մասնավորապես ԶՈՒ-ում կիրառվող անօդաչու թռչող սարքերն են։

2016-ի ապրիլյան պատերազմը էլ ավելի սրեց հայկական զինատեսակների պահանջարկը։ Ռազմարդյունաբերության ոլորտում հայտ  ներկայացրած  «Դավարո»  ընկերությունը հենց այդ ժամանակ էլ սկսեց իր առաջին մշակումները։ Ի՞նչ է ստեղծում այսօր ընկերությունը,  տեխնիկայի ի՞նչ միջոցներ է պատրաստվում ներմուծել հայկական շուկա, հարցով դիմում ենք  ընկերության հիմնադիր Դավիթ Գալոյանին․

«Մենք արտադրում ենք հիմնականում անօդաչու թռչող սարքեր՝ բազմակի նշանակությամբ։ Յուրաքանչյուր սարք ունի իր առջև դրված խնդիրը, որը պետք է կատարի, մեկը հարվածային է, մյուսը՝ հետախուզական։ Ունենք երկար ու կարճ թռիչք ունեցող սարքեր»։

Ընդհանուր թվով 12 նախագիծ, որոնք պատրաստ սպասում են սերիական արտադրության։ Երեք տարվա ընթացքում ընկերությունը կուտակել է մեծ  փորձ ու գիտելիքներ՝ ստեղծելու համակարգեր, որոնք արդյունավետորեն կարող են օգտագործվել հայկական  զինված ուժերում։ «Այսօր ունենք ամբողջական համակարգ, որը չի զիջում արտասահմանյան արտադրության ԱԹՍ-ներին (անօդաչու թռչող սարք)»,-վստահեցնում է ընկերության տնօրենը։

«Մեր որակական ցուցանիշները բավականին բարձր են։ Գին-որակ հարաբերակցության մեջ մենք բավականին լավ դիրքում ենք»։ Բազմաթիվ դժվարություններ հաղթահարած ընկերության նպատակն այսօր մեկն է՝ ապրանքային տեսք ստացած ԱԹՍ-ները ներդնել հայկական բանակում, բայց պատվերներ ԶՈՒ-ից առայժմ չունեն։ Պետությունը կարծեք հետաքրքրված  է, պատկան մարմինների հետ համագործակցությունն ու շփումն ամենօրյա է։ Մասնավոր ընկերությանն օժանդակելու հարցում էլ պատրաստակամ են, բայց խնդիրը բարդանում է, երբ գալիս է գործնական քայլերի ժամանակը։ Ընկերության տնօրենի խոսքով՝ տեսական դաշտից գործնական դաշտ տեղափոխվելը շատ դժվար է, իսկ կորցրած ժամանակն այս դեպքում չափազանց թանկ ու անվերականգնելի ռեսուրս է․

«Ռազմարդյունաբերության ոլորտը յուրահատուկ շուկա  է պահանջում, իսկ նման դեպքում առանց պետության օժանդակության ոչինչ անել հնարավոր չէ։  Մենք այսօր շփվում ենք դրսի պոտենցիալ պատվիրատուների հետ և նրանց առաջին հարցը սա է՝ եթե ձեր արտադրանքը այդքան լավն է, ինչու՞ չեն կիրառում ձեր բանակում։ Մեզ համար լավագույն գովազդը կլինի այն, որ մեր բանակը օգտագործի մեր արտադրանքը»։

Ընկերությունում  նախատեսում են նաև ոչ ռազմական նշանակության արդյունաբերական ապրանքների շարք ստեղծել, որոնցով տեղական ու արտաքին շուկաներ մտնելն անհամեմատ ավելի հեշտ կլինի։ Տնօրենի բնորոշմամբ՝ դա օգնելու է, որպեսզի կարողանան ջրի երեսին  մնալ՝ մինչ կհարթվեն խնդիրները դեպի բանակ տանող ճանապարհին, իսկ խնդիրները տարբեր են՝ ֆինանսական, օրենսդրական, երբեմն էլ, ինչու չէ, նաև բյուրոկրատական։ Ոլորտում նվիրյալներ են աշխատում, բայց դեռ որքան հնարավոր կլինի օգտվել նրանց նվիրվածությունից, ընկերության տնօրենը դժվարանում է ասել․

«Տարիների ընթացքում մասնագիտական որակները բարձրանում են, մարդիկ չեն ուզում աշխատել նույն գումարով  ու նույն պայմաններով, պահանջված մասնագետներից շատերը կարող են պարզապես տեղափոխվել այլ ընկերություն կամ այլ երկիր։ Մինչդեռ, պետական աջակցության դեպքում մենք ընդլայնվելու և կայանալու մեծ ներուժ ունենք»։

Պետության արձագանքին սպասում են նաև ներդրողները։  Դավիթ Գալոյանի խոսքով, 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ոլորտում շատ բան է փոխվել, մեծ աշխատանք է կատարվել նաև հայկական ռազմարդյունաբերության ոլորտում, բայց, ինչպես ասում է տնօրենը, պետք է հասկանալ շատ կարևոր մի բան՝ դեպի ուր ենք ուզում շարժվել, անում ենք ինչ-որ բան զուտ անելու համար, թե անում ենք, որպեսզի հաղթենք։

Back to top button