ԿարևորՀասարակություն

Ի՞նչ է սպասվում Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողին

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Պաշտպանության բանակի զինծառայողի կողմից մարտական դիրքը դեռևս չպարզված հանգամանքներում լքելու փաստի առիթով հարուցված քրեական գործով դեռ ձերբակալվածներ չկան։ Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են  Արայիկ Ղազարյանին:

Հաշվի առնելով թեմայի նրբությունը՝ որևէ  այլ տեղեկություն, քան հրապարակվածն է,  չենք կարող տրամադրել. սա էր հիմնական ձևակերպումը, որն  ի պատասխան «Ռադիոլուրի» հարցման, տրվեց  ՄԻՊ  ու ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակներից:

Կարմիր խաչի ներկայացուցիչները երեկ այցելել են ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին։ Տարածված հայտարարությունից  տեղեկանում ենք, որ նման  այցերի նպատակը ձերբակալվածների պահման պայմանները, առողջական վիճակը ստուգելն է, նաև ընտանիքի անդամների հետ կապ հաստատելու հարցում օգնելը:

Արայիկ Ղազարյանի հետագա ճակատագրի մասին Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը նույնպես խոսել է ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դուկրուեի հետ:

Ըստ հաղորդագրության՝ ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու՝ հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը:  Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Մասիս Մայիլյանն ընդգծել է առկա փոխգործակցության շարունակության կարևորությունը և հաստատել Արցախի արտգործնախարարության պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել Կարմիր Խաչի գործունեությանը:

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին մեզ հետ զրույցում ասաց, որ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրվում է իշխանության համապատասխան ներկայացուցիչներին: Իսկ հանրությանը լրատվամիջոցներով հաղորդվում է հետևյալը.

«Մենք այցելում ենք, և այցի նպատակն է ստուգել պայմանները, իրենց հանդեպ վերաբերմունքը և օգնել այս անձանց կապը պահել իրենց ընտանիքի անդամների հետ, իսկ բովանդակությունը չենք փոխանցում հանրությանը»:

Հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի կողմից մարտական դիրքը լքելու մասին տեղեկությունը ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվեց մեկ շաբաթ առաջ:

Ավելի ուշ Արցախի Պաշտպանության բանակից հաստատեցին, որ Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայողը Արայիկ Ղազարյանն է : Նա  ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, լքել է մարտական դիրքը:

Ադրբեջանական կողմը պնդում է, թե զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, և որ նրա՝ իբր դասալքության պատճառը զորամասում ոչ կանոնադրային հարաբերություններն են: Առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ  նախագահ Լարիսա Ալավերդյանը մտահոգված է հայ զինծառայողի ճակատագրով:

Հայկական կողմը ադրբեջանական  տեղեկությունները քարոզչություն է որակում և ջանքեր է գործադրում զինծառայողին հետ վերադարձնելու ուղղությամբ:

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  դեպքից անմիջապես  հետո նշեց՝ կարծում է, որ  զինծառայողն աշխարհագրորեն  մոլորվել է։ Պաշտպանության բանակի զինծառայողի կողմից մարտական դիրքը դեռևս չպարզված հանգամանքներում լքելու փաստի առիթով քրեական գործ է հարուցվել,  ձերբակալվածներ առայժմ չկան։

Back to top button