ԿարևորՏնտեսական

ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը Հայաստանը կարևորում է

Հայաստանը կարևոր է համարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Արդեն երկար ժամանակ այս հարցը քննարկվում է կազմակերպությունում, և անհրաժեշտ է այն հնարավորինս արագ լուծել՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում հայտարարել է աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը առանձնակի կարևորություն է  տալիս ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծմանը։ Այդ նպատակին հասնելուն կնպաստի, մասնավորապես, «Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագիրը», որը պետք է ուժի մեջ մտնի 2020 թվականին»,-նշել է վարչապետը։

Նիստն անցկացվում է Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում։ Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին դիմավորել է Ղրղզստանի վարչապետ Մուհամմեդկալի Աբիլգազիևը։ Տեղի են ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումները։

Հայաստանի վարչապետը՝ որպես ԵՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, հանդես է եկել բացման ելույթով, որում, մասնավորապես, ասել է.«Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մեր կողմից քննարկված և մեր երկրների համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի որոշ ասպեկտների վրա: Ալկոհոլի շուկայի կարգավորման հարցի առնչությամբ հարկ եմ համարում նշել, որ Միության երկրները ընդհանուր առմամբ կողմ են տնտեսության այս ոլորտում խոչընդոտների վերացմանը: Հայաստանի համար այն առաջնային ուղղություն է և արտահանման լայն հնարավորություններ ունի Եվրասիական տնտեսական միության շուկաներում: Կարևոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Արդեն երկար ժամանակ այս հարցը քննարկվում է մեր կազմակերպությունում, և անհրաժեշտ է այն հնարավորինս արագ լուծել:

ԵՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծմանը հասնելուն կնպաստի, մասնավորապես, «Ֆինանսական շուկայի ոլորտում ԵՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագիրը», որը պետք է ուժի մեջ մտնի 2020 թվականին։ Մեկ պետության բրոքերներին և դիլերներին այլ անդամ պետությունների բորսաներում կազմակերպված առևտրին մասնակցելու թույլտվության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը նույնպես էական նշանակություն ունի այս գործում: Այս հարցում մենք կարևոր ենք համարում անդամ պետություններում կազմակերպված մրցույթներում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության և վարկային պատմությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար հնարավորության տրամադրումը:

Մեր միության բոլոր երկրները հաստատում են հետաքրքրվածությունը Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության հայեցակարգի համաձայնեցման հարցում: Այս փաստաթղթի կյանքի կոչումը դրական ազդեցություն կունենա Միության երկրների պետական և մասնավոր հաստատությունների միջև բիզնես գործընթացների իրականացման վրա»:

Վարչապետը նաև տեղին է համարել «Վտանգավոր թափոնների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով անդրսահմանային տեղաշարժի մասին» համաձայնագրի ստորագրումը: Այս համաձայնագրի դրույթների իրականացումը համահունչ է առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանի առաջնահերթություններին:

«Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ այս տարվա հուլիսի սկզբին պաշտոնական այցեր կատարեցի Վիետնամ և Սինգապուր:Որպես ԵՏՄ-ում նախագահող երկիր՝ մենք առանձնակի ուշադրություն ենք դարձրել այս երկու երկրների հետ մեր կազմակերպության համագործակցության հարցերին: Քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները և, մասնավորապես, ԵՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հարցը:Ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն առ այն, որ բանակցային գործընթացը ժամանակին ավարտելու և համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու դեպքում Սինգապուրի վարչապետը պատրաստ է մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում կստորագրվի այդ համաձայնագիրը: Այս հարցում ես ստացա մեր բոլոր երկրների ղեկավարների համաձայնությունը:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ դիմել ԵՏՄ անդամ պետություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը՝ խնդրելով հնարավորինս արագացնել համաձայնագրի նախագծի համաձայնեցման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որպեսզի հոկտեմբերի 1-ին Երևանում այն հաջողությամբ ստորագրվի: Խնդրում եմ ձեզ այս հարցը պահել անձնական ուշադրության ներքո:

ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ պայմանավորվածություններին համապատասխան ես հրավիրել եմ նաև Իրանի նախագահին՝ մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին»,-ասել է նա։

Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում, կանցկացվի միջազգային համաժողով «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով: Նա հավելել է, որ համաժողովին մասնակցնելու համար հրավիրված են Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների ղեկավարները և ԱՏՄ գործընկեր երկրների ղեկավարները:

Ակնկալվում է, որ համաժողովի ընթացքում կքննարկվեն մայրցամաքի տրանսպորտային և լոգիստիկ ցանցի զարգացման արդի հիմնախնդիրները, տարածաշրջանի պետությունների կողմից նոր լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի մշակման հեռանկարները և արդեն իսկ գոյություն ունեցող նախագծերի իրականացումը, ինչպես նաև Եվրասիայի թվային միջանցքների զարգացմանը վերաբերող հարցեր:

ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման, ԵՏՄ միասնական ֆինանսական շուկայի զարգացման, ԵՏՄ շրջանակում միասնական ալկոհոլի շուկայի ստեղծման, անդրազգային ընկերությունների ստեղծման, անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության, արդյունաբերական և տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում համագործակցության, «Վտանգավոր թափոնների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով անդրսահմանային տեղաշարժի մասին» համաձայնագրի ստորագրման, ԵՏՄ-ում ագրոարդյունաբերական համալիրի զարգացման վերաբերյալ հարցեր։ Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, մասնավորապես, ԵՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ կարգադրությունը, ԵՏՄ միասնական ֆինանսական շուկայի ստեղծման ժամանակացույցը, վերոնշյալ ոլորտներում ԵՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության խորացմանը միտված որոշումներ և կարգադրություններ։ Նախատեսվում է, որ ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկաների ստեղծման հայեցակարգը կստորագրվի Երևանում՝ հոկտեմբերի 1-ին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում։

Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2019 թ. հոկտեմբերի 25-ին Մոսկվայում։

Back to top button